6 հոգու համար՝ 36 քմ
Ստեփանակերտի Կարո Ալվարյան փողոցի սեփական տների շարքում մի կերպ գտանք Սարգսյանների տունը: 36 քմ ընդհանուր տարածք ունեցող, 10 սմ պատերի հաստությամբ նկուղային հարկում գտնվող երեք սենյակները արդեն ավելի քան 11 տարի Սլավիկ Սարգսյանի ընտանիքի համար որպես տուն են ծառայում:
64-ամյա Ս. Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտում, դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Բաքու, սովորել տեղի մանկավարժական ինստիտուտում: Ուսմանը զուգահեռ նա էլեկտրիկ է աշխատել:
Շուտով Սլավիկին զորակոչել են սովետական բանակ, իսկ զորացրվելուց հետո, երբ վերադարձել է Բաքու, այնտեղից որպես էլեկտրիկ գործուղել են Չեռնոբիլ:
«Ատոմակայանի վթարից մեկ ամիս էր անցել, որ մեզ այնտեղ գործուղման ուղարկեցին: Այդ պայմաններում 6 ամիս էլեկտրիկ եմ աշխատել: Ճիշտ է, հիմնական տարածքում չեմ եղել, բայց աշխատելու ժամանակահատվածում 18 միկրոռենտգեն ճառագայթում եմ ստացել»,- ասում է Ս. Սարգսյանը` հավելելով, որ այդ 18 միկրոռենտգենն էլ բավական էր Պարկենսոնյան հիվանդությամբ տառապելու համար:
Նա խոստովանում է, որ սկզբում մեջքն ու ոսկորներն էին ցավում, իսկ հիմա նրա մոտ նկատվում է վերին եւ ստորին վերջույթների թուլացում, խոսակցական ակտի խանգարում: Թոշակ ստանալ այդպես էլ չի հաջողվել, քանի որ այն տրվում էր միայն 22 միկրոռենտգեն ճառագայթում ունենալու դեպքում:
Երբ սկսվեց արցախյան շարժումը, 1988 թ. երեխաների հագուստով ճամպրուկը միայն վերցնելով` Սարգսյանների ընտանիքը մազապուրծ փախել է Բաքվից:
Ս. Սարգսյանը պատմում է, որ մինչեւ Բաքվից փախչելը ուզում էր բնակարանը փոխանակել ու գնաց կայարան` պոտենցիալ փոխանակողի հետ հանդիպման: Հենց այնտեղ էլ ադրբեջանցիները, տեսնելով, որ հայ է, հարձակվել են: Նրան հաջողվել է փախչել, միայն մի քանի հարվածներ էր ստացել:
«Մի լավ հարեւան ունեինք, ազգությամբ պարսիկ էր, իմ եւ եղբորս ընտանիքի 9 հոգուն տեղավորելով իր «Մոսկվիչում»՝ հասցրել է օդանավակայան, որտեղից էլ թռել ենք Կրասնովոդսկ, այնտեղից` Տաշքենդ, որտեղից միայն կարողացանք Երեւան հասնել, հետո էլ՝ Ստեփանակերտ: «Ուղիղ չվերթով Երեւան հասնելն այն ժամանակ անհնար էր»,- ասում է նա:
Հաստատվելով Ստեփանակերտում` Ս. Սարգսյանի ընտանիքը առաջին 10 տարիներին ստիպված վարձով է ապրել: Նա հիշում է, որ այդ բնակարանում ընդամենը մի մահճակալ էր ու մի վերմակ, որն էլ ինքը փախստականների ճամբարից էր բերել: Շուտով Ս. Սարգսյանի քույրն աղջկա մոտ տեղափոխվեց` հայրական տունը զիջելով եղբոր ընտանիքին:
«Սկզբում աշխատում էի Ստեփանակերտի Էլեկտրացանցում, իսկ պարերազմի տարիներին էլեկտրականություն էի անցկացնում հոսպիտալում եւ այլ կարեւոր օբյեկտներում: Բանակի կազմավորումից ամիջապես հետո որպես էլեկտրիկ մշտական աշխատանքի եմ անցել Պաշտպանության բանակի շտաբում»,-պատմում է Ս. Սարգսյանը:
Նա վստահեցնում է, որ մի քանի տարի առաջ ինքը համեմատաբար լավ էր զգում իրեն ու օգնում էր տան հոգսերը հոգալ: Այսօր, սակայն, անգամ տանը շարժվելը մեծ դժվարություն է իր համար: Տան բոլոր հոգսերն այժմ որդու եւ 55-ամյա կնոջ` Իրա Սարգսյանի ուսերին են:
Վերջինս երկար տարիներ Բաքվի մանկապարտեզում դաստիարակ է աշխատել, իսկ այսօր որդուն օգնելու համար ստիպված է մի քանի տեղ հավաքարարություն անել:
Ս. Սարգսյանի հարսի` Ադելա Սարգսյանի խոսքերով, ինքն էլ հնարավորության դեպքում մեծ հաճույքով կաշխատեր: Պարզապես ստիպված է երեխաներին խնամել:
1988 թ.-ից սկսած՝ Սարգսյանները դիմել են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միգրացիայի վարչության վերաբնակիչների եւ փախստականների հարցերի բաժին, բայց մինչեւ հիմա ոչ մի օգնություն չեն ստացել: Երբ փորձել են դիմել քաղաքապետարանի համապատասխան բաժին, այնտեղից ուղարկել են սոցապծառայություն:
«Որպես փախստական ամենասկզբում նախկին փողով 2000 ռուբլուց բացի ոչ մի օգնություն չենք ստացել, իսկ բնակարանի հարցով էլ դիմելու ժամանակ կամ ասել են՝ արդեն հերթագրել ենք, կամ էլ ամեն ինչ հերքել են` ասելով, որ գրանցված բոլոր փախստականներն ապահովված են բնակարաններով»,- ասում է Ս. Սարգսյանը: Ադելան հավաստիացնում է, որ նորից վարձով ապրելու հնարավորություն չունեն, ուստի շարունակում են ապրել նկուղում:
«Քանի որ տունը չափազանց փոքր է, ստիպված ենք որպես ննջարան օգտագործել անգամ խոհանոցը, որտեղ էլ ներկա դրությամբ քնում են սկեսուրս ու 4 տարեկան աղջիկս: Խոնավության պատճառով երեխաներս անընդհատ հիվանդանում են: Նորածին աղջիկս տուն բերելուց մի շաբաթ անց հիվանդացավ ու երբ բժիշկ կանչեցինք, վերջինս ասաց, որ նման պայմաններում հակացուցված է նորածին երեխա պահել: Մենք էլ դա հասկանում էինք, բայց այլ ելք չկար»,- ասում է կինը:
Սկզբում Սարգսյանների 2 թոռները ստիպված գետնին էին քնում, մինչեւ կարողացան հին բազկաթոռը վերանորոգել: Դրսի մասում նեղլիկ միջանցքը տան մեծերի համար լողասենյակ է ծառայում, իսկ երեխաներին Ադելան տանը` վառարանի մոտ է լողացնում:
Սարգսյանները մինչ օրս հույսով սպասում են, որ մի օր վերջապես նորմալ պայմաններում կապրեն: Վերջում պատասխանելով մեր այն հարցին, թե փորձել են երբեւէ երկրի ղեկավարներին դիմել, Ադելան թեթեւ ժպտաց, ապա երկմտելով ասաց` իսկ արդյո՞ք այդ նամակները հասցեատիրոջը հասնում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել