Ամեն մի օրը` պայքար
Ստեփանակերտում Ա.Հեքիմյան 3ա հասցեում Էդիկի բնակարանը գտնելու համար բավական է միայն գլուխդ բարձրացնես. 3-րդ հարկի ուղղությամբ գտնվող վերելակը հուշում է, որ ճիշտ հասցեով ենք եկել:
43-ամյա Էդիկ Անդրեյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում: Տեղի դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական ուսումնարանի մեխանիկայի բաժինը: Ուսումը ընդհատվել է խորհրդային բանակում ծառայության անցնելու պատճառով, որն էլ անցել է Չեխոսլովակիայում (ներկայիս Չեխիայի տարածքում): Էդիկը խոստովանում է, որ ծառայությունն այնքան էր իրենց դուր եկել, որ Ստեփանակերտից երեք ընկերներով որոշել էին մնալ այնտեղ ու շարունակել զինվորականի գործը, մանավանդ, որ նման առաջարկ Էդիկը ստացել է: «Ամեն ինչ խափանվեց, քանի որ սկսվեցին Սումգայիթի դեպքերը, ընկերներով հետ վերադարձանք հայրենիք ու անմիջապես ներգրավվեցինք շարժմանը` մասնակցելով բոլոր ցույցերին, միտինգներին ու գործադուլներին»,- հիշում է նա:
1990 թ. Էդիկը ավարտեց ուսումնարանը` ստանալով տեխնիկ-մեխանիկի մասնագիտություն, եւ ելնելով երկրում տիրող իրավիճակից` ծառայության անցավ ոստիկանությունում: Նա պատմում է, որ 10 ամիս ծառայելուց հետո տեղափոխվեց այն ժամանակի ռուսական գունդ` որպես վաշտի տեխնիկ: Այնտեղից էլ ուզում էին Էդիկին ուղարկել ուսման` սպայական կրթություն ստանալու, բայց Արցախում իրավիճակն արդեն լարված էր: Եւ նա մնաց: «Մինչեւ 1992 թ. սկիզբը բոլորի նման ես էլ կամավոր գնում էի Մալիբեյլուի, Խոջալուի եւ Նորագյուղի պահակակետերում հերթապահության, որից հետո միայն մտա Ստեփանակերտի ջոկատներից մեկը, որն էլ որոշ ժամանակ անց օդանավակայանն էր վերահսկում, իսկ հետո մտանք Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ»:
Երբ կանոնավոր բանակ ստեղծվեց, ջոկատը դարձավ վաշտ: Սկզբում Էդիկին նշանակեցին ջոկի հրամանատար, հետո` դասակի փոխհրամանատար, եւ մինչեւ 1993 թ. վիրավորվելը նա ծառայել է որպես դասակի հրամանատար: 1993 թ. փետրվարի 17-ին Ուղտի մեջք տեղանքում գտնվող դիրքերում երկրորդ օպերացիայի ժամանակ Էդիկը ծանր վիրավորվեց գլխից ու ողնաշարից: Ստեփանակերտի հոսպիտալում գլխի առաջին վիրահատությունն արեցին, հետո միայն տեղափոխեցին Երեւանի հանրապետական հիվանդանոց: Բժիշկները հույս չէին տալիս. նման վնասվածքների դեպքում հազարից մեկին է հաջողվում կենդանի մնալ: Այդ մեկն էլ Էդիկը եղավ…10-րդ օրը նա բացեց աչքերը: Այսօր մտածելով այդ մասին` Էդիկն ասում է, որ իրեն հաջողվեց կենդանի մնալ իր ֆիզիկական լավ վիճակի շնորհիվ: Ողնաշարի վիրահատությունից հետո հանրապետական հիվանդանոցից տեղափոխեցին Երեւանի նորաստեղծ Միջազգային Կարմիր խաչի ողնաշարային կենտրոն, որտեղ էլ մնաց մինչեւ 1994 թ. մարտն ու վերադարձավ Արցախ: «Վիրավորվելուց հետո ոչ մեկն այդպես էլ դեմքիս չի ասել, որ ես երբեք չեմ կարողանա քայլել: Իրականում սրտի խորքում յուրաքանչյուրը հրաշքի էր սպասում, բայց նայելով շուրջբոլորս` հասկացա, որ մնացածները դժվարությամբ, բայց փորձում են քայլեր անել, իսկ ես` ոչ: Ու ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար»,- ասում է նա:
Կարմիր խաչի կենտրոնում Էդիկը մյուսների հետ սկսեց արհեստ սովորել. սկզբում ոսկերչություն, հետո էլ` փայտի փորագրություն: Պետք է խոստովանել, որ նրա մոտ փորագրությունն, իրոք, լավ է ստացվում: Վառ ապացույցը տարբեր տոների կապակցությամբ հաշմանդամների համար կազմակերպված մրցույթներում գրաված առաջնային տեղերն են: Էդիկը խոստովանում է, որ այսօր, ցավոք, նա ժամանակ ու համբերություն չունի փորագրությամբ զբաղվելու համար: Նրա առաջնային խնդիրը լավ ֆիզիկական վիճակն է, որից կախված է առողջական վիճակը:
«Առաջին կարգի ծանրամարտիկ էի ու յուր ժամանակին առաջնային տեղեր էի գրավում: Վիրավորվելուց հետո անգամ չեմ դադարել պարապել, ինչն էլ ինձ մեծապես օգնում է: Ես ծանր վիրավորվածների շարքին եմ դասվում, քանի որ ոչ միայն ողնաշարս է վնասված, այլեւ ողնուղեղս 8-10 սմ բացակայում է, դրան գումարած մի քանի ջարդված կող»,- ասում է նա` հավելելով, որ վիրավորվելուց հետո 20 կգ քաշ է կորցրել, այն դեպքում, երբ մարմնի 70-75 տոկոսն անզգայացած է:
Պարբերական պարապմունքների շնորհիվ լավ ֆիզիկական ու առողջական վիճակից բացի, Էդիկը հաղթում է հաշմանդամների համար կազմակերպված բոլոր մրցումներում: Հարցրինք` չի՞ մտածել մասնակցել հաշմանդամների համար նախատեսված միջազգային տարբեր մրցաշարերի: Ի պատասխան` նա ասաց, որ մեծ հաճույքով կմասնակցեր, ուղղակի իրեն հակացուցված է երկար ճանապարհ գնալը: Նստատեղի հատվածում անմիջապես վերքեր են առաջանում, իսկ դա ենթադրում է երկար բուժում: Երկար տարիներ Էդիկի համար հիմնական խնդիրը տեղաշարժվելն էր: Ճիշտ է, դեռ 14 տարի առաջ նրան բնակարան են հատկացրել, բայց քանի որ այն շատ խոնավ էր, էդիկն այնտեղ կարողացավ ընդամենը երկու ամառ անցկացնել: Տարիներ շարունակ նա ստիպված է ծնողների ու եղբոր ընտանիքի հետ նույն շենքի 3-րդ հարկում ապրել, մինչեւ կարողանան միջոցներ գտնել առաջին հարկի բնակարանը վերանորոգելու համար: «Ամեն անգամ ինձ տնից դուրս տանելու համար մայրս շատ էր տանջվում, իսկ եղբայրս էլ չի կարող օգնել, քանի որ նա էլ է վիրավոր: Այդ ժամանակ էլ որոշեցինք վերելակ սարքել: Եղբայրս գծագրեց եւ հաշվարկեց, թե ինչքան գումար է անհրաժեշտ գործը գլուխ բերելու համար: Ուղիղ կես միլիոն դրամ էր պետք ու օգնության համար դիմեցինք Կառավարությանը, որն էլ հոգաց ծախսերի հիսուն տոկոսը: 2010 թ. նոյեմբերից մասնակի լուծվեց ինչ-որ չափով ինքնուրույն տեղաշարժվելուս հարցը: Մասնակի, քանի որ վերելակը վտանգավոր է. չունի ինքնաարգելակման համակարգ եւ UPS, որը հնարավորություն կտա անգամ էլեկտրականության անջատման դեպքում հարկերի արանքում կանգնած չմնալ»,- ասում է նա` հույս ունենալով, որ մոտ ապագայում դա էլ հնարավոր կլինի իրականացնել:
2008 թ. Էդիկը ԼՂՀ նախագահից մեքենա է նվեր ստացել, որը, ինչպես ինքն է ասում, օգնում է ինքնուրույն տեղաշարժվել քաղաքում: Ահա նա բանալիները դնում է պայուսակում, վերցնում մարզական հագուստը եւ վերջին անգամ ստուգելով ամեն ինչ` վերելակ նստում: 1 րոպե 10 վայրկյան, եւ նա արդեն բակում է: Միացնում է մեքենայի շարժիչը, սայլակը հարեւանն օգնեց տեղավորել թափքում: Եվս 10 րոպե, Էդիկն արդեն Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում է, որտեղ եւ շաբաթը 2-3 անգամ մարզվում է: Նա արդեն հմտությամբ հաղթահարելով վերելքը դեպի երկրորդ հարկ` մոտենում է ծանրաձողին ու 5 մոտեցմամբ 10 անգամ բարձրացնում 60 կիլոգրամանոց ծանրաձողը:
Կողքից նայողի մտքով չի էլ անցնի, որ Էդիկն առաջին կարգի հաշմանդամ է, դա կարող է «մատնել» միայն ծանրաձողի կողքի սայլակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել