
Հայկական հետքն ուսումնասիրող Սարգիս Դարչինյանին նվիրված հուշ-երեկո` Թբիլիսիում
Վիրահայոց թեմը հայտնում է, որ 40 օր լրացավ այն օրից, երբ թբիլիսահայ հասարակությունը հողին հանձնեց իր հայրենակցին՝ Սարգիս Դարչինյանին` իր քաղաքի պատմության հայկական հետքն ուսումնասիրող մեծ արխիվագետին:
Նոյեմբերի 8-ին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, Սարգիս Դարչինյանի հարազատների հետ միասին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է նրա դին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար ու վերստին ծաղիկներով զարդարվեց Սարգիս Դարչինյանի թարմ շիրիմը՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում նրա հիշատակի առաջ:
Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սարգիս Դարչինյանին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և հովանավորությամբ:
Հուշ-երեկոյին ներկա էին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգեյ Երիցյանը, պատմաբան-եկեղեցաբան Ռուբեն Նահատակյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, խորհրդական Լևոն Թորգոմյանը, Սարգիս Դարչինյանի այրին՝ տիկին Ասյան, բարեկամներ, ճանաչողներ, նրա գործունեությունը գնահատողներ:
Մեկնաբանել