Հայաթո Իմանիշի. «Երեւանում շները փոքր-ինչ ալարկոտ են»
Ճապոնիայից դուրս ճապոնացի լուսանկարիչների աշխատանքներն այնքան էլ հայտնի չեն. Արեւմուտքում ճապոնական լուսանկարչական արվեստը հիմնականում տարածվում է գրքերի եւ ալբոմների միջոցով: Անգամ ճապոնական ամենահետաքրքիր ցուցահանդեսները Ճապոնիայի սահմաններից դուրս հազվադեպ են ճանապարհորդում:
Ճապոնացի լուսանկարիչ Հայաթո Իմանիշին 29 տարեկան է: Երեւանում նրա լուսանկարչական աշխատանքներին վերջերս կարելի էր ծանոթանալ Նարեկացի արվեստի միությունում:
Ուսումնառության տարիներին Հայաթոն շատ էր սիրում ճանապարհորդել, հենց այդ ժամանակ էլ սկսեց լուսանկարել: Նա ճանապարհորդել է Ասիայում, եղել է բազմաթիվ աղքատ երկրներում: Նրան ամենից շատ զարմացրել են մարդիկ, որոնք, լինելով ծայրահեղ աղքատ, սիրում են ժպտալ: Պարզվում է` նրանք ավելի երջանիկ են, քան իր հայրենակիցները Ճապոնիայում:
Հայաթոն սիրում է զգալ տարբեր քաղաքների տրամադրությունը: Հաճախ քաղաքի մասին պատկերացում է կազմում` նայելով քաղաքի շներին: Տարբեր քաղաքներում շները տարբեր են, շատ վայրերում շներն ագրեսիվ են լինում: «Երեւանում շները փոքր-ինչ ալարկոտ են»,-ասում է Հայաթոն եւ ծիծաղում:
Ճապոնացու լուսանկարներում Ասիան է, որը կարծես շնչում է իր գույներով: Գույներով հատկապես հարուստ են հնդկական կյանքը եւ տոնակատարությունները պատկերող նկարները: Երիտասարդ լուսանկարիչը, սակայն, չի սիրում օգտագործել շատ գույներ. նա ընտրում է մեկ կամ երկու գույն եւ ստեղծում իր կոմպոզիցիան:
Լուսանկարչին շատ է հետաքրքրում աղոթքի թեման. «Երբ գնում եմ սրբավայրեր, ես շուրջս փնտրում եմ աղոթողների: Ես գեղեցկություն եմ զգում աղոթքի մեջ: Ինձ համար կրոնը էական չէ: Աղոթքն ինքնին հզոր երեւույթ է: Երբ նայում եմ աղոթող մարդուն, վրաս հանգստություն է իջնում, եւ այդ պահին երջանկություն ու խաղաղություն եմ զգում»:
Չնայած Հայաթոն շատ է անդրադառնում աղոթքի թեմային թե՛ իր նկարներում, թե՛ իր խոսքում, ինքը շատ չի աղոթում: Սակայն երբ լինում է տարբեր ժողովուրդների սրբավայրերում, միշտ աղոթում է տեղի մարդկանց համար:
Լուսանկարչի սիրած մյուս թեմատիկան երեխաներն են. «Նրանք ստիպում են մեզ ժպտալ եւ երջանիկ լինել: Երբ ես ֆոտոյով մի սիրուն ժպիտ եմ նկարում եւ հետո այն ցույց տալիս ուրիշ մարդկանց, բոլորը երջանկություն են զգում: Դա շատ կարեւոր է»:
Հայաթոն խոստովանում է, որ Ճապոնիայում շատ մարդիկ են ֆոտո անում, բայց նրանք չգիտեն կարեւորը, բոլորը չէ, որ կարող են պատկերել մի ամբողջ իրավիճակ, զգացմունք կամ երեւույթ իրենց լուսանկարներում: Ըստ նրա` գոյություն ունի մի գիծ, որից հետո լուսանկարչությունը վերածվում է արվեստի:
Ճանապարհորդությունների ընթացքում Հայաթոյի ֆոտոխցիկը դարձել է նրա «մարմնի մի մասը»: Լինում են օրեր, երբ նա հոգնում է անընդհատ լուսանկարելուց եւ իր հետ չի վերցնում ֆոտոխցիկը: Բայց հասկացել է, որ երբ ձեռքին չի լինում ֆոտոխցիկը, ինքը պարզապես քայլում է, շատ բաներ չի նկատում: Իսկ ֆոտոխցիկը նրան ստիպում է իր շուրջը նայել, փնտրել, տեսնել ավելին:
Փոքր-ինչ հոգնած, բայց գոհ, Հայաթո Իմանիշին, ֆոտոխցիկը ուսին, եկել էր իր լուսանկարները հավաքելու Նարեկացի արվեստի միության սրահի պատերից: Այդտեղ էլ հանդիպեցինք նրան:
Լուսանկարչի ցուցահանդեսը շատ երկրներով կշրջի` Իրան, Թուրքիա, Եվրոպա, Հարավային Ամերիկա, միեւնույն ժամանակ նրան հնարավորություն տալով առնչվել տարբեր երկրների մշակույթին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել