HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վան Բայբուրթյան. «Ով երգում է այն երգը, որ հայերենը պետք է լինի տարածաշրջանային լեզու, մեր երեխաների, մեր ապագայի դեմ է»

«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը

Պրն Բայբուրթյան, ինչպե՞ս ընթացան Վրաստանի նախագահի ընտրությունները:

Ես գտնում եմ, որ ընտրություններն անցան շատ նորմալ: Առաջին անգամ Վրաստանի նախագահական ընտրություններում խաղաղ ձևով անցավ այլ կուսակցության ներկայացուցիչը: Խորհրդարանական ընտրություններում կոալիցիան հաղթեց, և այս անգամ էլ մեծամասնությունը, այդ թվում նաև Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում, իր ձայնը տվեց Մարգվելաշվիլուն: Հետաքրքիրն այն էր, որ երկրորդ տեղը գրավեց Սահակաշվիլու ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը` Դավիթ Բաքրաձեն:

Ինչո՞վ էր դա հետաքրքիր:

Փաստորեն ջախջախված կուսակցությունը, որն այդպիսի պարտություն կրեց անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում և որոնց վարկանիշն ընկավ համարյա մինչև 10 տոկոս, մեկ տարվա ընթացքում կարողացավ մոբիլիզացնել և հավաքել 20 տոկոս ձայն, իսկ երրորդ տեղ գրաված Բուրջանաձեն հավաքեց 10 տոկոսից մի փոքր ավելի: Սա խոսում է այն մասին, որ, փաստորեն, առաջին ընդդիմադիր կուսակցությունը երկրում Սահակաշվիլու կուսակցությունն է: Այդ կուսակցության հետ պետք է հաշվի նստել: Սա խոսում է այն մասին, որ Վրաստանում ժողովրդավարական համակարգը և մեթոդները կյանքի են կոչվել, և ոչ կռվում են, ոչ փողոց են դուրս գալիս: Սա Վրաստանի համար լավ օրինակ է:

Այս ընտրությունները և նոր նախագահը որևէ բան կփոխե՞ն Վրաստանում ապրող հայերի կյանքում:

Ես կարծում եմ և համոզված եմ, որ ամեն մի նոր նախագահ, որը կգա կամ ամեն մի կուսակցություն, որը կհաղթի, ամեն մի փոքրամասնության հանդեպ, հատկապես, որտեղ նրանք հոծ բնակվում են` Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում, ուշադիր կլինի, և իր ուշադրության կենտրոնում կունենա փոքրամասնությունների խնդիրները: Ես դրանում համոզված եմ: Իսկ եթե ինչ-որ հիմնախնդիրներ են ծագում կամ հիմնախնդիրներ կան, այդ հիմնախնդիրները կան նաև այլ տարածաշրջաններում, ասենք, Սամեգրելո-Սվանեթիում, Շիլա-Քարթլիում: Ամեն մի հաղթող չի կարող 2 տարվա ընթացքում բոլոր հիմնախնդիրները բոլոր տարածաշրջաններում լուծել:

Սամցխե-Ջավախքում բնակչության կեսից ավելին չի մասնակցել նախագահի ընտրությանը: Ձեր կարծիքով սա ինչով է պայմանավորված:

Ես այդ տվյալները չունեմ: Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ 46-47 տոկոսն է մասնակցել ընտրություններին: Երևի ամեն մի տարածաշրջանում այդ սկզբունքը բաժանվում է: Ակտիվությունը ցածր էր:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ նոր նախագահի օրոք Սամցխե-Ջավախքում հայոց լեզուն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ ստանա:

Ես համոզված եմ մի բանում. մենք մեր երեխաների, մեր ապագայի մասին պետք է մտածենք, մենք չպետք է անենք այնպես, որ Սամցխե-Ջավախեթիի մեր երեխաները ապագա չունենան հենց իրենց երկրում, այս պարագայում` Վրաստանում: Ես կողմնակից եմ, որ տարածաշրջանային լեզուն ընդունվի այն դեպքում, երբ տարածաշրջանի 30 կամ 40 տոկոսը գոնե սովորի և իմանա վրացերենը, և հետո արդեն տարածաշրջանային լեզվի կիրառումը ոչ մի վտանգ չի սպառնա երեխայի ապագայի համար: Եթե մենք դա չենք անում, ուրեմն մենք ծրագրում ենք, որ երեխան, սովորելով կամ ապրելով մի երկրում և չիմանալով պետական լեզուն, պետք է քոչի, գնա կամ Հայաստան, կամ ուրիշ երկիր: Ես կարող եմ մի բան ասել, որ նույնիսկ այն երկրներում, վերցրեք Ռուսաստանը, եթե ինչ-որ ինքնավարություն կա, ապա այդ երկրի ինքնավարությունում պետական գործի չեն ընդունվում այն մարդիկ, որոնք, բացի այդ ինքնավար պետության լեզվից, չգիտեն պետական լեզուն:

Ոչ ոք չի պարտադրում, որ բոլորը խոսեն վրացերեն: Ես գիտեմ մի բան, որ մենք պետք է այս երկրում ապագա ունենանք: Մենք ապագա չենք ունենա, եթե մեր բնակիչները` հայերը, չեն իմանա վրացերենը: Մենք միակն ենք, որ չգիտենք երկրի պետական լեզուն:

Վրաստանի 24 տարվա անկախության ընթացքում, մարդիկ, ովքեր Ախալքալաքից կամ Նինոծմինդայից ուզում են մտնել վրացական քաղաքականություն, ովքեր ունեն ամբիցիա, որ դառնան խորհրդարանի անդամ կամ պետական գործիչ, այս 24 տարում նրանցից գոնե 5-ը պե՞տք է սովորեր վրացերեն:

Սամցխե-Ջավախքում նախադրյալներ չկան, որ բնակչության 30 տոկոսը սովորի և իմանա վրացերեն:

Զոռով ոչ ոք չի սովորեցնում: Եթե պետությունը լավ չի սովորեցնում, երևի ծնողը պետք է վերցնի և աշխատի, որ իր երեխան սովորի վրացերեն, կամ ստիպի պետությանը, որ պետությունն անի ամեն ինչ, որ լավ սովորեցնի: Եթե մենք չմտածենք և ինքներս չխրախուսենք, վրացերեն չենք սովորի: Ես ուզում եմ, որ երեխան, որն ապրում է Սամցխե-Ջավախեթիում, լինի լիարժեք, նրա ապագան լինի պայծառ, լավ, լիարժեք այս երկրում:

Այն մարդիկ, ովքեր 20-25 տարի առաջ ինչ-որ շարժումներում էին, նույն «Ջավախք հայրենակցական շարժումը» Ախալքալաքիում, մինչև այսօր ունեն ամբիցիաներ, բայց գոնե 5-ը չկարողացավ սովորել վրացերեն այնպես, որ գա, խոսի խորհրդարանում, ելույթ ունենա, դառնա նախարար: Երևի Հայաստանում էլ, եթե փոքրամասնությունները ապրեին հոծ ու չիմանային հայերեն, կասեին, լավ` սովորի էլի:

Ով որ երգում է այն երգը, որ հայերենը պետք է լինի տարածաշրջանային լեզու, մեր երեխաների, մեր ապագայի դեմ է: Չտեսնված լավ կլինի, որ հայը իմանա վրացերենը և տարածաշրջանում գործավարությունը լինի հայերեն, բայց դրան պետք է հասնենք: Եթե հենց հիմա Վրաստանը վավերացնի հայերենը որպես տարածաշրջանային լեզու, հայերի ինտեգրումը վրա հասարակության մեջ ետ կտանի 30-40 տարով: Ես դրանում համոզված եմ:

Շատ կտրուկ եք դնում հարցը: Եթե ես չունեմ այդ կարծիքը, մի հալածեք իմ անունը: Ես համարում եմ, որ ես մտածում եմ մեր երեխաների, մեր ազգի ապագայի համար:

Պրն Բայբության, Դուք մնալո՞ւ եք նախագահի խորհրդականի պաշտոնին:

Չգիտեմ: Կարծում եմ` ոչ: Եկել է նոր ուժ: Չնայած ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, եղել եմ միայն Կոմունիստական կուսակցության անդամ, 1991 թվականից հետո ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել:

Իսկ ինչո՞վ եք զբաղվելու:

Ես մինչ այդ էլ համատեղում էի «Վրաստան» թերթի խմբագրի պաշտոնը, և երևի այնտեղ էլ կմնամ:

Մեկնաբանություններ (1)

Մինաս Սահակյան
Հերիք է վրացուց ավելի վրացի լինես , կարող ես մի թուրք-ադրբեջանցու ցույց տաս , որ գոնե տասը վրացերեն բառ գիտի , ամբողջ Մառնեուլի շրջանը թրքաադրբեջանական տարածք է՝բացառությամբ միակ հայկական Շահումյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter