HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի վերաբնակեցված գեղանկարչուհու կացարանի հարցը լուծվեց. տունը վերանորոգման կարիք ունի

27-ամյա Հերիքնազ Ավետիսյանը փետրվարից վերաբնակվել էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում: Նա Բերձորի արվեստի դպրոցի Միջանավանի կերպարվեստի մասնաճյուղում երեխաներին նկարել է սովորեցնում: Նրան Միջնավանում ճանաչում են որպես Նազանի (այս անունով է նաև ստեղծագործում - հեղ.), ում մասին արդեն «Հետքում» հրապարակում եղել է: 

Նազանին ժամանակավոր հաստատվել էր Միջնավանի ազատ տներից մեկում, սակայն տանտերերը վաճառել էին այդ տունը, և Նազանին մնալու տեղ չուներ:

Հոկտեմբերի 16-ին նկարչուհի Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ Միջնավանի նկարչության ուսուցչի համար տուն է գնվել:

Երեք տարի է` Զարուհի Մուրադյանը համագործակցում է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի հետ: 2011-ի ամռանը ընտանեկան բյուջեով վերանորոգել են Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը: Նկարչուհին կազմակերպել է նաև բերձորի երեխաների ցուցահանդեսը Երևանում: Զարուհի Մուրադյանը պատմում է, որ դիմել է իր ընկերներին, և 4 բարերարների միջոցով հավաքել 1 մլն դրամը, ավելացրել է 100 հազար դրամ ընտանեկան բյուջեից և գնել Միջնավանում գտնվող տներից մեկը:

Նպատակային նվիրատվության պայմանագրով ձևակերպված է գործարքը, գրված են նվիրատուների անունները և նշված է, որ ձեռք բերված տանը բնակվելու է Միջնավանի նկարչության ուսուցիչը, կլինի դա Նազանին կամ մեկ այլ անձ: Այդ տանը գործելու են նաև նկարչական խմբակներ:

Նոր տունը, սակայն, ինչպես Միջնավանի տների մեծ մասը, վերանորոգման կարիք ունի:

«Լավ իրադարձություն է տեղի ունեցել, միջնավանում կա նկարչության ուսուցիչ, որն այնտեղ ապրում է, և իր տունը պետք է վերանորոգել»,- ասում է Զարուհի Մուրադյանը:

Նազանին ուրախ է, որ արդեն կացարանի հարցը լուծվել է, բայց ասում է, որ նոր տան տանիքից անձրևի ժամանակ կաթում է, լոգասենյակն ու զուգարանը չեն գործում: 

Զարուհի Մուրադյանը պատրաստակամ է նաև տան վերանորոգման համար դրամահավաք կազմակերպել:

«Ջրի խողովակները գողացել են, պետք է ջուրը քաշել, այգին նույնպես ահավոր վիճակում է, տան մեջ ջեռուցման համակարգ կա, բայց մի տեղ խողովակը ծակվել է, պետք է սարքել»,- պատմում է Զ. Մուրադյանը:

Զարուհի Մուրադյանն ասում է, որ պատրաստվում է դիմել նաև Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին` խնդրելով օրենքի սահմաններում օժանդակել վերանորոգել Միջնավանի նկարչության ուսուցչի համար գնված տունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter