Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում գրանցված մահվան դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում գրանցված մահվան երկու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ հիվանդներից մեկին հայտնաբերել էին մահացած, մյուսը, ըստ նախնական վարկածի, իրեն ցած էր նետել երկրորդ հարկի պատուհանից: Երկրորդ դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հետևյալ պարզաբանումն է տվել. «Հոկտեմբերի 5-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վարդենիսի «Նյարդահոգեբուժական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչ, 1957 թվականի ծնված Արմո Ավակիմյանն ինքնասպանություն է գործել՝ նշված ինտերնատի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր»։
Ինչ վերաբերում է առաջին դեպքին, ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին` ժամը 09.40-ին, Վարդենիսի «Նյարդահոգեբուժական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, տուն-ինտերնատի բնակիչ, 1932 թվականի ծնված Լիոնիդ Մադունցը իր հիվանդասենյակում մահացել է։
Լիոնիդ Մադունցի մահվան փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Սեպտեմբերի 2-ին թվականին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
«Համաձայն փորձագետի եզրակացության՝ Լիոնիդ Մադունցի մահը վրա է հասել դիահերձումից մոտավորապես 12-14 ժամ առաջ և հետևանք է աթերոսկլերոտիկ կորոնարոսկլերոզի, թոքերի անոթների և սրտի պսակաձև զարկերակների թրոմբոէմբոլիայի հետևանքով զարգացած կորոնար արյան շրջանառության սուր խանգարման, որի վերջնական ստադիան հանդիսացել է սրտամկանի ինֆարկտը։ Կենդանության օրոք Լ.Մադունցը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ, ընդհանուր աթերոսկլերոտիկ կորոնարոկարդիոսկլերոզով, հիպերտոնիկ հիվանդությամբ, ձախակողմյան կպումային պլևրիտով, երկու սրունքների երակների վարիկոզ լայնացումով»,- հայտնել է ոստիկանությունը։
Հետաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել