HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական բանկը 5.4 մլրդ դրամով 11 ներդրումային ծրագիր է վարկավորել. ֆինանսավորված կազմակերպությունները գաղտնի են

«Հետքը» Համահայկական բանկի գործունեության վերաբերյալ հոդված է պատրաստում, որի կապակցությամբ դիմեցինք բանկ` գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցի հետ բանավոր հարցազրույց անելու խնդրանքով: Վահրամ Ներսիսյանցը բանավոր հարցազրույցից հրաժարվեց` պատճառաբանելով զբաղվածությամբ: Սակայն պատրաստակամություն հայտնեց հարցերին գրավոր պատասխանել, ինչի պատճառով այլ հարցեր տալու հնարավորություն չենք ունեցել: Հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

-Մինչ օրս տեղական, միջազգային, սփյուռքի ո՞ր ֆինանսական կառույցներից և մասնավոր աղբյուրներից է Համահայկական բանկը հավաքագրել ֆինանսական միջոցներ, որպեսզի ֆինանսավորի մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը: 

-Ընդհանրապես Համահայկական բանկը (ՀՀԲ) սկզբնական փուլում նախատեսում է ներգրավել նոր ֆինանսական միջոցներ միայն զարգացմանը միտված միջազգային ֆինանսական հաստատություններից: Ներկայումս ՀՀԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման միջոցներ ստանալ Համաշխարհային բանկից, որի հետ ընթանում են համապատասխան գնահատման աշխատանքներ և բանակցություններ: Դրանք կավարտվեն մի քանի ամսից, իսկ հատկացվելիք վարկը նախատեսվում է, որ կհաստատվի 2014 թվականի մարտ ամսին: Նախնական բանակցություններ են ընթանում նաև այլ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ (Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և այլն): 

ՀՀԲ-ի համար ներկա փուլում առաջնայինը կենսունակ և որակյալ վարկային պորտֆելի ձևավորումն է՝ օգտագործելով բանկի սերմացու կապիտալը: Կառուցելով բարձրորակ պորտֆելը  խորը վերլուծական աշխատանքների հիման վրա՝ մենք նախ և առաջ ապահովում ենք վստահության ու վարկարժանության բարձր մակարդակ:  Դա անհրաժեշտ հիմնական նախադրյալն է միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեծածավալ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, որը նախատեսվում է իրականացնել 2014-2017 թվականներին: Այնուհետև, հաջորդ փուլում, երբ ՀՀԲ-ն առանցքային միջազգային ֆինանսական հաստատություններից կներգրավի ֆինանսական ռեսուրսներ և կունենա ավելի ծավալուն բարձրորակ պորտֆել ու հաստատված վարկարժանություն, արդեն հնարավոր կլինի գործող ֆինանսական շուկաներից հավաքագրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ արժեթղթերի թողարկման միջոցով՝ 2017 թվականից սկսած: Արժեթղթերի տեղաբաշխումը թույլ կտա անհատներին, ովքեր չեն կարող Հայաստանում ուղղակիորեն ներդրումներ կատարել, օրինակ՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը: Այնուհետև, ըստ որդեգրված ռազմավարության, կիրականացվի Կետրոնական բանկի՝ որպես բաժնետեր, աստիճանական ելքը: Վերը շարադրվածը հանդիսանում է նման ֆինանսական կազմակերպությունների ստեղծման և զարգացման բնականոն ընթացքը, ինչը հիմնված է միջազգային էմպիրիկ փորձերի վրա:

-Ստեղծման օրվանից ի վեր Համահայկական բանկը քանի՞ ընկերության է ֆինանսավորել: Խնդրում ենք հայտնել, թե որ ընկերություններն են, որքան ֆինանսական աջակցություն են ստացել, ինչ տոկոսադրույքով և ներդրումային ինչ ծրագրի համար են ստացել վարկը: 

-Բացման օրվանից ի վեր[1] (ՀՀԲ-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերի 7-ին) ՀՀԲ-ն կնքել է վարկային պայմանագրեր 9 ձեռնարկությունների հետ՝  5.4 մլրդ դրամ ընդհանուր գումարով, 11 ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Վարկերը տրամադրվել են տարեկան 10-ից 12% տոկոսադրույքով, 10 տարի ժամկետով և մինչև 18 ամիս արտոնյալ ժամկետով: Վարկերն ուղղված են ապրանքների և ծառայություների արտահանմանը միտված ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Բանկի կողմից ֆինանսավորված ներդրումային ծրագրերից են ներգնա տուրիզմի խթանման նպատակով հյուրանոցային համալիրների ներդրման ծրագրերը, ջերմոցային մշակաբույսերի (լոլիկ և այլն) արտադրության և թարմ միրգ ու բանջարեղենի արտահանման ծրագրերը, շինանյութերի արտադրության և արտահանման ծրագիրը, արտահանման խթանման նպատակով հրատարակչական և տպարանային հզորությունների ավելացման ծրագիրը, առողջապահական ծառայությունների զարգացման, առողջապահական տուրիզմի խթանման ծրագիրը, կենցաղային ապրանքների արտադրության և արտահանման ծրագիրը, չափող ճշգրիտ սարքերի արտադրության և արտահանման զարգացման ծրագիրը  և այլն:

Հարկ եմ համարում նշել, որ այս վարկերն ամբողջովին շուկայական կանոններին համաձայն տրամադրված երկարաժամկետ վարկեր են (մինչև 10 տարի ժամկետով), որոնք հատկացվում են միջին չափի այն ձեռնարկություններին, որոնց համար երկարատև միջոցները ՀՀ-ում էապես  հասանելի չեն: Բանկը որդեգրել է ֆինանսավորման այնպիսի քաղաքականություն, ինչը չի խաթարում ֆինանսավարկային շուկան և գործում է միայն որպես անկախ ֆինանսական կառույց և որի գործունեությունը կանոնակարգվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Միաժամանակ,  ՀՀԲ-ն չի  մրցակցում առևտրային բանկերի հետ, այլ ընդհակառակը՝ համագործակցում է վերջիններիս հետ՝ ձեռնարկություններին համաֆինանսավորման փաթեթներ առաջարկելով, որտեղ համեմատաբար կարճաժամկետ և շրջանառու կապիտալի պահանջները բավարարվում են առևտրային բանկերի միջոցներով, իսկ համեմատաբար երկարաժամկետ կապիտալ ներդրումները՝ ՀՀԲ-ի միջոցներով: Ավելին, առևտրային բանկերի հետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի Համաշխարհային բանկի կողմից հատկացվելիք վարկի շրջանակում, որի մի մասն ուղղվելու է ՀՀԲ-ում երկրորդ՝ մեծածախ վարկավորման պատուհանի  ստեղծմանը: Դրա շնորհիվ համապատասխան առևտրային բանկերի միջոցով կիրականացվի արտահանմանը միտված, համեմատաբար ավելի փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում: Վերոնշյալ մոտեցումները բխում են ձեռնարկությունների զարգացման ֆինանսական հաստատությունների բնագավառում հաջողած միջազգային փորձերից, որն անձամբ կուտակել եմ Համաշխարհային բանկում տարբեր երկրներում նման կառույցների զարգացման և ֆինանսավորման գործում իմ երկարատև պաշտոնավարման ընթացքում:

Ձեր այն հարցին, թե որ ընկերություններն են վարկ ստացել ՀՀԲ-ից, ինչ չափով և պայմաններով, ցավոք պետք է նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն հանդիսանում է բանկային գաղտնիք, որի տրամադրումը մեր կողմից կհանդիսանա նշված օրենքի պահանջների խախտում:  

-Ո՞ր ոլորտների ներդրումներն է խրախուսում Համահայկական բանկը և որո՞նց է առաջնահերթություն տալիս: 

-ՀՀԲ-ն խրախուսում և ֆինանսավորում է կապիտալ ներդրումները տնտեսության այն ոլորտներում գործող ձեռնարկությունների համար, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել  ՀՀ-ում գրանցված և գործող, այդ թվում՝ նաև օտարերկրյա կապիտալով, միջին չափի այն մասնավոր ձեռնարկությունները, որոնք, հաշվի առնելով բաց տնտեսական պայմաններում համեմատական առավելությունները, ունեն մրցունակ արտադրանք կամ ծառայություն, ֆինանսական և վարկային դրական պատմություն, պատշաճ մշակված գործարար ծրագիր, ինչպես նաև հմուտ, ուժեղ և հաջողած կառավարման անձնակազմ: Այն ձեռնարկությունները, որոնք դեռևս լիովին չեն բավարարում ՀՀԲ-ի չափանիշներին, նույնպես կարող են դառնալ բանկի հաճախորդ, եթե դրսևորեն անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հստակ պատրաստակամություն և վճռականություն:

Հարկ է նշել, որ ՀՀԲ-ն չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք իրականացնում են օրենքով արգելված կամ հասարակության գիտակցության ուժով ոչ պատշաճ համարվող և բարոյական նորմերին հակասող գործունեություն: Այս առումով յուրաքանչյուր ներդրումային ծրագիր մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ նման գործունեության ռիսկը բացառելու համար:

Ավելին, ՀՀԲ-ն առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 65-րդ, 88-րդ, 98-րդ հոդվածների և ՀՀ այլ օրենքների պահանջներով, չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են պետական պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց կամ որտեղ նրանք հանդիսանում են կառավարող և (կամ) վերահսկող կողմ: ՀՀԲ-ի այս քաղաքականությունը նաև բխում է այն պատկերացումից, որ պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն էապես խաթարում է հասարակության վստահությունն այդ պաշտոնյաների, հետևաբար՝ ամբողջ պետական ապարատի նկատմամաբ: 

-Հետևո՞ւմ և վերահսկո՞ւմ եք, թե ինչպես են իրացվում Համահայկական բանկի միջոցները: Վերահսկողության ինչպիսի՞ մեխանիզմներ ունեք: 

-ՀՀԲ-ի կողմից տրամադրված վարկերի վերահսկողությունն իրականացվում է մոնիթորինգի ընդունված մեխանիզմների միջոցով: Ի հավելումն,  ՀՀԲ-ն իրականացնում է նաև ներդրումային ծրագրերի իրականացման և տրամադրված միջոցների նպատակային օգտագործման պրոակտիվ վերահսկողություն:

 Ավելին, ծրագրերի խորը վերլուծության և վարկի գնահատման աշխատանքների արդյունքում պատրաստվում են մանրամասն և համապարփակ գնահատման զեկույցներ, որոնք, հաստատվելով ՀՀԲ-ի Վարկային և ներդրումային մշտական հանձնաժողովի կողմից, դառնում են առանցքային փաստաթուղթ՝ վերահսկողություն իրականացնելու թե՛ ծրագրի, թե՛ վարկառու ձեռնարկության և  պահանջվող բարեփոխումների նկատմամբ:

Վերահսկողության կարևոր մոտեցումներից է այն, որ վարկի գումարները  հատկացվում են կամ վարկառու ձեռնարկության մատակարար կազմակերպություններին ուղղակի փոխանցման միջոցով,  կամ կատարված ծախսերի փոխհատուցման եղանակներով: Հատկացումները կատարվում են փուլ առ փուլ՝ ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծախսերի իրականացման գրաֆիկով, համապատասխան հատկացման դիմումների ուսումնասիրության հիման վրա: Այս մոտեցումը թույլ է տալիս ապահովել վարկային միջոցների նպատակային օգտագործումը, վարկառու ընկերությունների կողմից ներդրումային կապիտալ ծախսերի խելամիտ պլանավորումը և տրամադրված միջոցների արդյունավետ ներդրումը:

-Ինչպե՞ս եք գնահատում ցայսօր տրամադրած վարկային միջոցների արդյունավետությունը:

-ՀՀԲ-ի կողմից այս երկու տարվա ընթացքում տրամադրված վարկերի արդյունավետությունը դեռ վաղ է գնահատել: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ ՀՀԲ-ի ներկայիս պորտֆելը, լինելով դիվերսիֆիկացված տնտեսության տարբեր ոլորտներում, կարողացել է փոքր, սակայն դրական ներդրում ունենալ այդ ոլորտների տնտեսական աճի և արտահանման ավելացմանը: Մյուս կողմից, ՀՀԲ-ն լինելով ձեռնարկությունների զարգացման բանկ  (հատուկ օրենքով   Հայաստանում ստեղծված միակ զարգացման բանկը), իրականացնում է զարգացման ֆինանսավորում  հիմնականում միջին չափի ձեռնարկություններին՝ բարձրացնելով վերջիններիս թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական կենսունակությունը: Արդյունքում, ՀՀԲ-ի կողմից իրականացված այս վարկային ներդրումները նպաստում են նաև տնտեսության մեջ միջին խավի զարգացմանն ու ընդլայնմանը:

Կարելի է նաև նշել, որ միջազգային հաջողած փորձերի օրինակներով, ՀՀԲ-ին  հաջողվում է Հայաստանում զարգացնել երկարատև ներդրումների ֆինանսավորման կոմպետենտ, արդար ու ազնիվ նոր մշակույթ՝ արտահանմանը միտված ձեռնարկությունների զարգացման համար:


[1] «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքը մի քանի վերանայումով ամբողջությամբ ընդունվեց 2011թ.-ի հունիսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter