
Սերժ Սարգսյան. «Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Ինչպես նշված է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, հանրապետության նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:
Իր ելույթում նախագահը նշել է, որ այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: «Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:
Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Ճիշտ հակառակը: Համոզված եմ, որ մեր հասարակության մեջ պետք է վերականգնվի ոչ միայն գիտնականի սոցիալական բարձր կարգավիճակը, այլև նրա բարի համբավն ու բարձր հեղինակությունը: Սա պարտադիր պայման է աճող սերնդի խրախուսման հարցում: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի շնորհավորական խոսքն ամբողջությամբ՝ այստեղ:
Մեկնաբանել