
Փոխտնօրենը «տեղյակ չէր», որ տնօրենը պաշտոնից ազատվել է
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը «Հետքի» հետ զրուցում նշեց, որ թիվ 66 դպրոցի տնօրենի` պաշտոնից ազատելու հրամանն արդեն կա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, «մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման էր ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան»: Ա. Բախշյանը պահանջում էր, որ քաղաքապետարանը տրամադրի տնօրենի ազատման հրամանը, ինչպես նաև ներկայացնի տնօրենին պաշտոնից հեռացնելու հիմնավորումը:
Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան N66 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Բաբայանին տնօրենի պաշտոնից հեռացնելու միակ հիմնավորումը, ըստ քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի, սեփական դիմումն է եղել: Իսկ թե ինչու է տնօրենը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, Արթուր Սարուխանյանը պատասխանեց. «Ես, իրոք, չեմ կարող ասել, թե տնօրենը ինչու է դիմում ներկայացրել: Անգամ եթե իմանամ էլ, դա մարդու անձնական հարցն է, բայց անկեղծ եմ ասում, չգիտեմ: Պարզապես մարդ է, դիմում է ներկայացրել, հազար ու մի պատճառ կարող է լինել, ավելի ճիշտ կլինի` ինքն այդ մասին ասի: Խնդրում եմ նշեք, որ ես ճշտել եմ մեր կրթության վարչությունից, որ տնօրենը ազատվել է սեփական դիմումի համաձայն: Թե ինչու է այդպիսի դիմում ներկայացրել, տնօրենին հարցրեք»:
Մենք N66 դպրոց զանգահարել էինք մինչև քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի հետ խոսելը: Մեզ պատասխանեց փոխտնօրենը և ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ իրենց տնօրենն ազատվել է պաշտոնից: «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ ու իրավասու չեմ ձեզ նման բան հայտնել»,- ասաց նա: Խնդրեցինք փոխանցել տնօրենին, պատասխանեց, որ նա «խիստ զբաղված» է և ընդհատեց զրույցը:
Մեկնաբանել