
Ջերմաչափը ազատ խոսքն է. հետաքննող լրագրողները` Ռիո դե Ժանեյրոյում
Ժողովրդավարությունը չափվում է տվյալ երկրի ժողովրդի ազատ արտահայտվելու կարողությամբ: Ամերիկյան պետությունների կազմակերպության Խոսքի ազատության ոլորտի հատուկ զեկուցող Կատալինա Բոտերոն այսպես բնութագրեց դեմոկրատացման գործում լրագրողների դերը Հետաքննող լրագրողների 8-րդ գլոբալ կոնֆերանսում, որն այս օրերին տեղի է ունենում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ՝ 87 երկրից հավաքված 1300 լրագրողների մասնակցությամբ: Հրավիրված են բանախոսներ՝ միջազգային հետաքննական կազմակերպություններից եւ խոշոր թերթերից։
Հետաքննող լրագրողները պետք է հանդես գան որպես արտահայտման ազատության ջատագովներ` նշում է Կատալինա Բոտերոն: «Մարդկության կեսը չի ապրում դեմոկրատական համակարգում: Մնացյալ 50 տոկոսը պայքարում է, որպեսզի պաշտպանի խոսքի ազատությունը,- նշում է նա,- ենթադրյալ ժողովրդավարությունում «ջերմաչափը» ազատ խոսքն է, իսկ հետաքննական լրագրությունը՝ ջերմաչափի սնդիկը»:
Հայաստանի «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի անդամ է եւ մասնակցում է համաժողովին, որտեղ քննարկվում են բազմաթիվ թեմաներ՝ ինչպես հետաքննել միջազգային բիզնեսը, տվյալների բազաների օգտագործումը հետաքննությունում, հետաքննական վավերագրություններ, թաքնված տեսախցիկի գործածությունը հետաքննություններում, ինչպես հայթայթել միջոցներ հետաքննությունների համար եւ այլն։
Մեկնաբանել