
Ինչո՞ւ է Հայաստանը B2 ստանում
«Գլոբալ ֆոնդ» միջազգային հիմնադրամը Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թ.-ից: Հայաստանին մինչ օրս տրամադրել է 6 դրամաշնորհ՝ ավելի քան 30,7 մլն ԱՄՆ դոլարի չափով, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար:Առողջապահության նախարարությանը մինչ օրս հատկացվել է 3.8 մլրդ դրամ 4 ծրագրի իրականացման համար, յուրաքանչյուր ծրագիրը` 5 տարի տևողությամբ: Այս պահին Առողջապահության նախարարությունն իրականացնում է «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում», «ՀՀ-ում դեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» և «Առողջապահական համակարգի հզորացում» ծրագրերը:
Սակայն Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացումը գնահատվել է նվազագույն ցուցանիշներով. կատարման վարկանիշային A1, A2, B1, B2, C, «ոչ մի վարկանիշ» սանդղակում արժանացել է B1 եւ հիմնականում B2 գնահատականին (լավագույնը A1-ն է, վատագույնը` C-ն եւ «ոչ մի վարկանիշը»):
«Գլոբալ ֆոնդ»-ը անհանգստացել է Հայաստանում իր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կատարման համար: Հիմնադրամի ներկայացուցիչները դիմել են թե վարչապետին, թե առողջապահության նախարարին, թե այլ գերատեսչությունների ու միջազգային կառույցների` նշելով, որ ծրագրերը սպասվածից ավելի վատ են կատարվում, ինչը լրջորեն մտահոգում է Հիմնադրամի ղեկավարներին: Նամակներ են ուղարկվել ծրագրում ներգրավված հայաստանյան ղեկավարներին:
«Գլոբալ ֆոնդ»-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հատկապես դժգոհ են ծրագրերի կառավարումից/մենեջմենտից, իսկ ծրագրերը, մասնավորապես՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրերը, հիմնականում ղեկավարել է ներկայումս ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պողոսյանը :
Առաջին ծրագիրը 2003-2009 թթ. ընթացքում իրականացրել է «Վորլդ վիժն» (World Vision) կազմակերպության հայկական գրասենյակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի աջակցության համար «Գլոբալ ֆոնդ»-ից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար է ստացել: «Գլոբալ ֆոնդ»-ի տրամադրած գումարներով Հայաստանում իրականացված ծրագրերի 8-ամյա պատմության ընթացքում սա ամենահաջողվածն է եղել: Ծրագիրը կատարման վարկանիշային սանդղակում արժանացել է A1 եւ B1 գնահատականներին:
«Գլոբալ ֆոնդ»-ի աջակցությամբ 4 ծրագիր իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 2007-2011 թ. ապրիլին ավարտվում է նախարարության ավելի քան 7 մլն դոլարի` տուբերկուլյոզի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, որը մինչ 2009-ը գնահատվել է B1, այնուհետեւ` B2: 2009-ից ընթացքի մեջ է տուբերկուլյոզի մեկ այլ ծրագիր, որի համար Հայաստանը ստացել է մոտ 2,5 մլն դոլար: Այս ծրագրի կատարման արդյունքներն ավելի ցածր են, քան նախորդները` B2, իսկ 2010-ի ապրիլից մինչեւ հունիս ոչ մի վարկանիշ չի ունեցել:
2010-ի ապրիլից մեկնարկել եւ ընթացքի մեջ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը, որի համար նախարարությունը մոտ 1,7 մլն դոլար է ստացել: Ծրագիրը կավարտվի 2012-ին: Ընթացքի մեջ է նաեւ մոտ 5,2 մլն դոլարանոց մեկ այլ ծրագիր: Վերջին երկու ծրագրի համար որեւէ վարկանիշ «Գլոբալ ֆոնդ»-ի կայքում չի արտացոլված:
6,5 մլն դոլար արժողությամբ վերջին դրամաշնորհը «Գլոբալ ֆոնդ»-ից ստացել է «Առաքելություն արեւելք» (Mission East) դանիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Մինչ օրս կատարման ցածր` B2 վարկանիշ է ապահովել նաեւ այս կազմակերպությունը:
«Առաքելություն արեւելք» կազմակերպության գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը պարզաբանեց, որ իրենց ծրագրի ցածր վարկանիշը կապված է ծրագրի ուշ մեկնարկի հետ, ինչը, սակայն, իրենց մեղքով չի եղել: Երկար է տեւել ծրագրի` ԱԱՀ-ից ազատելու գործընթացը. այդ պատճառով նախատեսվածից 6 ամիս ուշ են սկսել աշխատել:
«Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ բանակցություններն ավելի երկար են տեւել, քան մենք սպասում էինք: Նրանք շատ ժամանակ են ծախսել` փորձելով ԱԱՀ-ից ազատման թույլտվություն ստանալ: Ըստ մեր դրամաշնորհային համաձայնագրի՝ մեր ծրագրերը պետք է ազատված լինեն հարկերից, որպեսզի դրամաշնորհային միջոցները ներդրվեն հենց ծրագրում»,- ասում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն եւ նշում, որ մեկնարկից հետո ծրագիրը հաջող է ընթանում:
Այս հարցերի վերաբերյալ առողջապահության նախարարության պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:
Մեկնաբանել