
Կուսակցական տոմսերի վաճառք. գինը՝ 7000 դրամից մինչև մեկ գլանակ «տուկի թել»
Վերջերս Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչներից մեկը ցույց տվեց իր անունով միանգամից 3 կուսակցական անդամատոմս: Նա միաժամանակ անդամակցում էր ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցություններին: Կատակով ասաց, որ եթե իրեն «լավ առաջարկ» անեն, մի քանի կուսակցության էլ կանդամագրվի:
Նա խնդրեց իր անունը չհրապարակել, քանի որ այդ քայլին գնացել է ընտանիք պահելու համար: «Ո՞վ չգիտի, որ ընտրությունների ժամանակ մարդկանց զոռով անդամագրում են իրենց կուսակցության շարքերը: Տանը նստած էի, եկան անձնագրիս տվյալները վերցրին, մեկ էլ մի օր բերին տոմսը տվեցին, թե Հանրապետական կուսակցության անդամ ես: Ես էլ ձայն չհանեցի, որովհետև տոմսի մեջ գումար էին դրել՝ 7000 դրամ»,- անկեղծացավ զրուցակիցս:
Իսկ մյուս երկու իշխանական կուսակցություններին անդամագրվել է հերթով՝ ընտրություններից ընտրություն, ու դրա դիմաց դարձյալ գումար է ստացել: Զրուցակիցս չհիշեց, թե կոնկրետ որքան գումար է եղել, բայց իր մեջ տպավորվել էր, որ ԲՀԿ-ից «տուկի թել» էին տվել:
Նշենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացին կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:
Խոսակցություններ կան, որ այս օրերին էլ կուսակցական ակտիվ հոսք է սկսվել ՀՀԿ-ից ԲՀԿ: Գեղարքունիքում այդ հարցում ակտիվ դերակատարում ունի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում չհերքեց, որ իրենց կուսակցության շարքերը համալրվում են նոր անդամներով, սակայն նշեց, որ չի կարող ասել՝ նրանք ՀՀԿ-ի՞ց են գալիս, թե° այլ տեղից:
«Միայն կարող եմ ասել, որ ամբողջ հանրապետության տարածքով մարդիկ անհատական և խմբերով գալիս և անդամագրվում են ԲՀԿ շարքերը»,- ավելացրեց Խ. Գալստյանը:
Խաչաղբյուրի դաշնակցական գյուղապետ Հակոբ Գաբոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համագյուղացիների՝ մի քանի կուսակցությունների անդամագրվելու մասին տեղեկություններ չունի, սակայն չբացառեց, որ նման բան հնարավոր է:
«Հավատացեք, տեղյակ չեմ, թե ովքեր են միանգամից մի քանի կուսակցության անդամագրվել, բայց այդ խոսակցությունը ոչ միայն մեր գյուղի, այլև հանրապետության մասշտաբի խոսակցություն է: Դա պետական խնդիր է, դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, որ դա թույլ են տալիս վերևից»,- ասաց գյուղապետը:
Հակոբ Գաբոյանը ևս փաստեց, որ օրենքով արգելված է միաժամանակ մի քանի կուսակցության անդամագրվելը, բայց ըստ գյուղապետի՝ առաջին հերթին մարդու խիղճը պետք է արգելի նման բան անել:
«Նախ, այդ մարդը պիտի թույլ չտա, որ իր հետ այդպես վարվեն: Իշխանություններին ձեռնտու է, և իրենք են դրդում այդ քայլին: Հատկապես ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունները որսի են դուրս գալիս: Ինքնագովություն չլինի, բայց դաշնակցության դեպքում նման բան չկա»,- ավելացրեց Հ. Գաբոյանը:
Համայնքապետի խոսքերով՝ իր նախնիներն Արևմտյան Հայաստանից եկել են որպես դաշնակցականներ, ինքն էլ կշարունակի մնալ դաշնակցական և կուսակցական խաղերի մեջ չի մտնի: Հակոբ Գաբոյանն ասաց, որ ընդդիմադիր համայնքապետ լինելն այսօր շատ դժվար է, և դրա համար ներքին համարձակություն է պետք:
«Ես դերասանություն չեմ անում, ինձ այսօր միայն հետաքրքրում է, որ երկիրս խաղաղ ապրի, դուք՝ որպես մեր երեխեք, վաղը կրակի մեջ չընկնեք, երկիրը հզոր լինի ու կարողանանք քթներս տնկած ման գալ»,- ասաց Հակոբ Գաբոյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել