HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհասկանալիորեն հասկացվածը

Վերջին օրերս ՀՊՃՀ-ի շուրջ մամուլում տեղ գտած տեղեկությունների հետ կապված, համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի News.am-ի թղթակցին տրված հարցազրույցում իմ անունը շոշափելու առումով ցանկանում եմ ասել հետևյալը.

Իմ կողմից ՀՊՃՀ-ի գիտական խորհրդում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատա-վարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ հնչել է քննադատություն, որի վերաբերյալ ռեկտորի և իմ միջև եղել է առանձնազրույց, որի վրա է հղվում պրն. Ավետիսյանը News.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցում: Ես կարծել եմ, որ իմ և ռեկտորի միջև ունեցած խոսակցությունը չարժեր դարձնել քննարկման առարկա, քանի որ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ին նախատեսված է կոլեկտիվի արհկոմի նիստ, որում ռեկտորը կանի որոշակի մեկնաբանումներ իր արած քայլերի վերաբերյալ, որոնց հետևանքով տեղի է ունեցել աշխատավարձի զգալի նվազում, ուսումնական բեռի աճ և այլն: Համարել եմ, որ մեր առանձնազրույցի մասին բարձրաձայնելը և այն հանրային քննարկման առարկա դարձնելը, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել կոլեկտիվի հոկտեմբերի 14-ի ժողովում քննարկման բովանդակության վրա` հանդիսանալով տարաբնույթ շահարկումների առիթ: Կարծել եմ նաև, որ քննարկումները պետք է արվեն, նախ և առաջ, կոլեկտիվում` անկաշկանդ մթնոլորտում, կառուցողական հունով:

 Ինչևէ, եթե պրն. Ավետիսյանը ստիպված է եղել հայտնել մեր առանձնազրույցի մանրամասները` այն էլ աղավաղված տարբերակով, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում անել որոշ մեկնաբանություններ News.am-ի թղթակցին իր ասածի վերաբերյալ:

Իրոք, ռեկտորի առաջարկով, իր և իմ միջև տեղի է ունեցել առանձնազրույց, վերաբերող համալսարանի գիտխորհրդում իմ կողմից հնչեցված քննադատականին: Ռեկտորը փաստեց, որ աշխատավարձերի առումով իրոք կա խնդիր, և որ ինքը այդ առումով մտադիր է ձեռնարկել որոշակի քայլեր: Ես ողջունեցի ռեկտորի իր նախկին որոշումը վերանայելու հակվածությունը և հույս հայտնեցի, որ իրավիճակը շտկելուն ուղղված իր նախաձեռնելիք քայլերի մանրամասները պետք է հայտնի կոլեկտիվին` հոկտեմբերի 14-ի ժողովում: Ես հավելեցի նաև, որ իր հանդիպումը կոլեկտիվի հետ խիստ անհրաժեշտ է, քանի որ կոլեկտիվը չափազանց լարված է և աշխատավարձի իջեցումը ձմռան շեմին, այս թանկացումների պարագայում անթույլատրելի է և ձևավորում է համալսարանում պայթյունավտանգ իրավիճակ: Ստեղծվածի առումով ես ռեկտորից որևէ պարզաբանում չեմ ստացել, ավելին` ես չեմ ասել ... այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան … ավելին` ես պնդել եմ լրիվ հակառակը.

հարգելի պարոն Ավետիսյան ջան, ես բացարձակ չեմ հասկանում Ձեր որևէ քայլ, որը հանգեցնում է

ա) պրոֆեսորադասախոսական անձնկազմի աշխատավարձի չափի զգալի նվազման,

բ) նրա ուսումնական բեռնվածքի էական աճի, առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում հետևյալին զուգահեռ՝

  • ուսման վարձի ավելացում,
  • բեռնվածքների միջինի ավելացում և լսարանային-արտալսարանային ժամերի հարաբերակցության խիստ աճ,
  • մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով ուսումնառության իրականացում,
  • արտալսարանային ժամերի աննախադեպ կրճատում,
  • պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի շարունա-կական բնույթ կրող կրճատումներ և այլն: 

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ հասկանում նաև ձեր միտումը արհեստածին եղանակով պակասեցնել մեր համալսարանի պրոֆեսորների և դոցենտների քանակը: Ես չեմ ընդունում նաև, երբ դա արվում է հապճեպ եղանակով, նախադեպը չունեցող ծավալի ընտրություններով, դասախոսական միջավայրում դժգոհություններ հրահրող ճանապարհով, մարդկանց իրավունքի և վաստակի արհամարմամբ և այլն:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ցուցաբերած այն անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը, երբ հարկ չի համարվում տեղեկացնել մեզ` մեր աշխատավարձի չափի մասին: Աշխատավարձի մասին մենք տեղեկանում ենք դասերը սկսելուց մեկ ամիս անց: Մեր աշխատանքային պայմանագրերը մեզ հրամցվում են ստորագրման հոկտեմբերի 1, 2- ի դրությամբ, երբ կոլեկտիվը երկու ամսից ավել աշխատավարձ չի ստացել ու շատ աշխատակիցներ իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական գոյության պահպանման համար ճարահատյալ պարտադրված են այդ պայմանագրի ստորագրմանը: Կատարվածը ոչ միայն աշխատանքային օրենսդրության պահանջների համապատասխան դրույթների կոպտագույն խախտում է, այլ նաև ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից սեփական կոլեկտիվի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դրսևորում, երբ իսկզբանե համարվում է, որ կոլեկտիվը անկախ վարձատրման չափից ճարահատյալ պարտադրված է իրականացնել չհիմնավորված կամայական ծավալի ուսումնական բեռնվածք: Հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ նման միջոցառումները խիստ բացասաբար են անդրադառնում ուսումնական պրոցեսի և ուսանողությանը որակյալ կրթություն տալու առումով:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք Ձեզ իրավունք վերապահել Ձեզ ցանկալի ոճով մեկնաբանել գիտխորհրդի որոշումները, և ավելին, վերագրել գիտխորհրդին որոշումներ, որը նա չի ընդունել: ՀՊՃՀ-ի բոլոր աշխատակիցներին հայտնում եմ, որ վարձաչափերի վերաբերյալ գիտական խորհուրդը որևէ որոշում չի ընդունել:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ կիսում ձեր զարմանքը, թե ինչու են մարդիկ դժգոհում, երբ նրանց աշխատավարձը պակասում է: Ձեզ հասկանալի և ինձ անհասկանալի բաներ շատ կան և այդ ամենի մասին ես Ձեզ ասել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով այդ ամենը թղթին տալը համարում եմ այժմ ոչ նպատակահարմար:

News.am-ի թղթակցին տված իր հարցազրույցում ռեկտոր Արա Ավետիսյանը թույլ է տվել իրեն անհարգալից արտահայտվել մեր համալսարանի պրոֆեսորներից մեկի՝ Է. Մանուկյանի հասցեին, մատնանշելով վերջինիս վատ տեսողություն ունենալու հանգամանքը, փորձելով տանել որոշ զուգահեռներ տկարության և կուրության միջև: Ասվածը դուրս է բարեկրթության բոլոր նորմերից: Պրոֆեսոր Է. Մանուկյանը պատկանում է գիտնականների հայտնի տոհմին: Նա ճանաչված մասնագետ է ինֆորմատիկայի բնագավառում և այժմ զբաղվում է մեքենայական թարգմանության հիմնախնդիրով: Ռեկտոր Ա. Ավետիսյանին, որը, ի դեպ, մասնագիտությամբ մեխանիկ է, պետք է հիշեցնեմ, որ հայտնի մեխանիկ-մաթեմատիկոս Լ. Էյլերը ևս ունեցել է խնդիրներ տեսողության հետ և երբ ռուսաց կայսրը հրավիրեց նրան աշխատանքի Սանկտ Պետերբուրգ, բոլորին հայտնի էր, որ նրա լսարան մտնելը, և առավել ևս գրատախտակին որևէ բան գրելը պրոբլեմատիկ է: Ցավոք սրտի «Առավոտ» օրաթերթին պրոֆեսոր Է. Մանուկյանի տված գնահատականները մոտ են իրականությանը: Ընթերցողի գնահատականին եմ թողնում, օրինակ, մեր վերջին գիտխորհրդի նիստում ռեկտորի կողմից հնչեցված, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանին ուղղված հետևյալ արտահայտությունը.

քեզ գոնե մի քիչ հարգում եմ, դրա համար քո հարցին կպատասխանեմ:

Համաձայն ռեկտոր Ա. Ավետիսյանի, իր նորամուծությունների արդյունքում որոշ մարդիկ վախենում են բացահայտել իրենց կերպարը, իրենց տեսակը: Հարկ եմ համարում ասվածին հակադարձել հետևյալով՝

հարգելի պարոն Ա. Ավետիսյան, Ձեր վարած քաղաքականության արդյունքում մեր համալսարանը կանգնել է կոլապսի առջև: Դուք չունենալով ուսումնական բեռնվածք հաշվելու, կազմելու, բաշխելու որևէ փորձ, ձեռնարկել եք մի գործնթաց, որը ընկած է ուսումնական պրոցեսի ձևավորման ակունքում: Դուք չունենալով մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով դասավանդման սեփական փորձ, կարգադրել եք ուսումնառությունն իրականացնել նման կերպ, ինչը, հավատացեք, բացասաբար է անդրադարձել ուսումնական պրոցեսի վրա: Տարատեսակ հնարքներով Դուք փորձում եք ամեն կերպ քիչ վարձատրել դասախոսին, նրան հնարավորինս շատ բեռնելով, առանց հաշվի առնելու այն, որ դա կարող է վատ անդրադառնալ ուսումնական պրոցեսի վրա, հաղորդելով վերջինիս իմիտացիոն բնույթ:

Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր ասածից ու արածից հասկանում եմ միայն մեկ բան: Դուք ամեն կերպ խուսափում եք կոլեկտիվի հետ հանդիպումից, երբ Ձեզ պարզ դարձավ, որ սկսվել է բողոքի մեծ ալիք, ինչի մասին վկայում է իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 150-ից ավելի ստորագրություն՝ ի դժգոհություն ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականությանը: Ձեր՝ այս շաբաթ ռեկտորատի նիստ հավաքելը, ըստ ամենայնի, հետապնդում է հետևյալ նպատակը՝ կիրառելով վարչական լծակ, ինչ-որ կերպ քողարկել դժգոհության ալիքը և կասեցնել կոլեկտիվի նիստին միտված ստորագրահավաքը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ում հնարավոր դասադուլին, ապա այստեղ ես համակարծիք եմ ռեկտորի հետ: 

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան
06.10.2013թ

Մեկնաբանություններ (6)

Սուսաննա
Դեգրատացվում են Հայաստանի պաշտոնյա ղեկավարները: Իսկ նախագծում այլ տարբերակներ չունեն`միայն շահագործել, հարստահարել: Այդ նախագիծը իրականացնելու համար ընտրել են հայ զոռբաներ` անկիրթ գռեհիկ տղամարդիկ ու նշանակել ռեկտորի պաշտոնում: Ցավոք, ոչ պոպուլյար վարիանտ կհամարվեր, եթե փորձեիք ստեղծել տնտեսություն... Եթե ունակ չեք, չքվեք մեր կյանքից...կգան համարձակ, ձեռներեց ղեկավարներ...
Սուսաննա
Արա Ավետիսյանի թշնամական գործունեությունը Պոլիտեխնիկի ներսում, որտեղ նա գտնվում է անկոչ հյուրի կարգավիճակում, մի նպատակ է փնտրում, որին մենք դեռ լիովին չենք տիրապետում։ Քանի որ նա առաջին հերթին փողասեր է, բայց մարդասեր չի, ապա Փողի առումով նա ունի հեռահար նպատակներ...Իսկ ո՞վ է կանգնած նրա ետևում, ի՞նչ ճանապարհով ո'չ ճարտարագետ Արա Ավետիսյանը մտավ Պոլիտեխնիկ ու տեղավորվեց հանգիստ` իր շքախմբով, ո՞վ օգնեց նրան (իհարկե օգնեցին թե ներսից և թե դրսից) պարզաբանելու խնդիր է` մի քանի անհայտներով։ Առաջին անհայտը բացահայտեմ. փողի հոտ են առել, մնացածը` դուք բացահայտեք. քանդել, տարածքը վաճառել, շատ պարզ ...բացահայտումներով, որ հատուկ են բիզնեսի աշխարհի մարդկանց... Աշխարհն, այո, շուռ է եկել` Ես` քեզ, դու` ինձ։ Ուժերը հստակ խառնեցին իրար հանուն նորացման` Պաշտոններ տալով գործին անտեղյակ, սեփական շահին նվիրված մարդկանց. Անունը դրին բարեփոխումներ...
Կիրակոսյան Գեւորգ (Պոլիտեխնիկի նախկին ուսանող)
Պոլիտեխնիկը կարգին ԲՈՒՀ-երից մեկն էր, որտեղ ուսումը, գիտությունն ու մասնագիտությունը դեռ հարգվում էին: Հիմա մեծ ցավով եմ տեսնում որ այստեղ էլ են ձգտում ,,вотчина,, դարձնել՝ արհեստականորեն դուրս քշելով անհնազանդներին ու ,,чужак,, - ներին, ներգրավելով յուրայիններին ու հավատարիմներին: Հերթական ամոթալի, հանրապետության մակարդակով, շատ վնասաբեր գործնեություն է իրականացվում իմ կարծիքով: Չի կարելի թույլ տալ, որ ծածկած շուկայի նման այս ԲՈՒՀ - ն էլ այլանդակեն:
Ներկա/Նախկին ուսանող
Ընկեր Խաչատրյան ամեն ինչ ճիշտ եք անում, Կեցցեք վերջապես մեկը իր մեջ տղամարդկություն գտավ!!!
Նախկին աշխատակից
Եթե Ա.Խաչատրյանի նման արդարության համար պայքարողները շատ լինեին, եթե վախվորած ոչխարատիպերը և օճառվողները մի քիչ քիչ լինեին, մեր երկիրը երկիր կլիներ: Կեցցեք, պ.Խաչատրյան: Իմ զորակցությունը Ձեզ:
Աննա Պողոսյան
Կեցցեք, Ընկ.Խաչատրյան, իմ շատ սիրելի դասախոս, Մեծատառով մարդ: : Այս արտահայտությունն իմացողները ինդզ լավ կհասկանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր