
Դմիտրի Խվորոստովսկի. «Ձեր հողն ինձ համար սուրբ է»
Սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու երևանյան համերգը: Առաջին անգամ օպերային երգիչը Երևանում է եղել 8 տարի առաջ: Խոստովանում է, որ ուրախ է կրկին լինել Հայաստանում և երգել հայկական լսարանի համար, քանի որ շատ է սիրել Հայաստանը: Բացի այդ`նա շատ հայ ընկերներ ունի ամբողջ աշխարհում:
«Ձեր հողն ինձ համար սուրբ է», - հայտարարեց ռուս երգիչը:
Համերգի ժամանակ Դ. Խվորոստովսկուն նվագակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Դիրիժորը Կոնսատանտին Օրբելյան կրտսերն էր, ում հետ ռուս երգիչը աշխատում է տարիներ շարունակ: Դ. Խվորոստովսկու խոսքերով` արդեն քանի անգամ ողջ երկրագունդը միասին շրջել են:
Հայկական արմատներով դաշնակահար-դիրիժոր Կ. Օրբելյանը, ով նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, Կոնստանտին Օրբելյանի եղբորորդին է: Նա ուրախ է, որ Դ. Խվորոստովսկու համերգը համընկնում է Կ. Օրբելյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների հետ: Դ. Խվորոստովսկին էլ հավելում է, որ իր համար նվեր է ելույթ ունենալ այդ առիթով ևս:
Կ. Օրբելյան կրտսերը հիշում է, որ տարիներ շարունակ երազում էր նման համերգի մասին: Իսկ երբ առաջին անգամ Դ. Խվորոստովսկուն հաջողվեց բերել Հայաստան, վերջինս եկավ, բայց չէր պատրաստվում երգել: Այժմ Դ. Խվորոստովսկին ու Կ. Օրբելյանը ծիծաղով են հիշում այդ օրերը, երբ բոլորը ռուս երգչին հարցնում էին, թե ինչ է նա երգելու. ոչ ոք չէր հավատում, որ նա իսկապես չի պատրաստվում երգել: Իսկ երբ վերջինս ստիպված եղավ բեմ բարձրանալ, պարզվեց, որ Կ. Օրբելյանը նոտարներն իր հետ չի վերցրել:
Օպերային երգչի խոսքերով` բեմի վրա կարելի է հայտնվել ամենատարբեր իրավիճակներում, բայց երբ բեմի վրա է, միշտ իր սիրտը սովորականից ավելի արագ է բաբախում, իսկ ճնշումը` բարձրանում:
«Եվս մի քիչ, և դու արդեն կթռչես», - ասում է երգիչը:
Դ. Խվորոստովսկու համերգին, որն անց է կացվում «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հնչել են նաև Կ. Օրբելյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Մեկնաբանել