
Ջազ երգչուհին պատմում է սրճարանում երգելու և բաց թողած հնարավորությունների մասին
Աստղիկ Խերանյանի ձայնն առաջին անգամ լսել եմ կոնսերավատորիայի մոտի այգուց. գրեթե ամեն երեկո նա մոտակա սրճարանում ջազ է երգում: Ամեն անգամ այդտեղով անցնելիս սպասում էի, որ քաղաքի աղմուկից զատ նաև ջազ կլսեմ: Իսկ առաջին անգամ նրան հանդիպեցի իր տանը, երբ պատրաստվում էի հարցազրույց վերցնել երգչուհուց: Սակայն դասական հարցազրույց չստացվեց` կոնկրետ հարցերով ու պատասխաններով: Հետաքրքիր էր լսել իր երգի աշխարհում ապրող կնոջ կյանքի տարբեր էպիզոդները: Հարցերը քիչ էին, իսկ պատմություները` շատ:
* * *
Աստղիկը պատմում է, որ արդեն երկար տարիներ է` երգում է սրճարաններում, մեծ բեմերում հաճախ չի ելույթ ունեցել, բայց իր յուրաքանչյուր ելույթն աշխատում է համերգի նման անցկացնել: Այցելուներից շատերն են հաճախ մոտենում ու շնորհակալություն հայտնում իր երգեցողության համար, սակայն Աստղիկն ասում է.
«Ես եմ շնորհակալ այդ մարդկանց, որ գալիս, լսում և գնահատում են, որովհետև եթե ժողովուրդ չլինի, ո՞ւմ համար եմ երգելու»:
Աստղիկը խուսափում է բարերում, ռեստորաններում ելույթ ունենալուց, նախընտրում է բացօթյա սրճարանները` թարմ օդում երգելը: Սրճարանների տերերի համար էլ է եկամտաբեր լինում, որովհետև «ոչ ոք սիրուն աչքերի համար չի փող տալիս»: Աստղիկի խոսքերով` ինքն այնքան գումար չի վաստակում, որքան իր ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, բայց ասում է` «այստեղ ինձ համար լավ է»:
Հարցը, թե ինչու չի հասել ավելի մեծ հաջողությունների նման ձայնային հնարավորություններ ունեցող երգչուհին, Աստղիկին հաճախ են տալիս, բայց չի կարող ամեն մեկին բացատրել: Երբեմն հանգամանքներն են այլ կերպ դասավորվել, մի ընտրության փոխարեն այլ ընտրություն է կատարել, հաճախ տարբեր դռներ է թակել, որոնք չեն բացվել, բայց այժմ խոստովանում է, որ հոգնել է այդ ամենից:
Շատերին էլ հետաքրքրում է, թե ինչու Աստղիկը չի երգում այսինչ հայտնի ակումբում: Նա էլ ասում է, թե այդ ակումբներում լավ երաժիշտներ ելույթ են ունենում, բայց ելույթ են ունենում նաև մի շարք միջակ կատարողներ, որոնց պարզապես հաջողվել է անուն հանել:
«Բացի դրանից` այդ ակումբները ոնց որ հարուստների տեղ լինեն, եսիմ… Ամեն դեպքում դրանք չափանիշ չեն»,- կարծում է Աստղիկը:
* * *
«Իսկ եղե՞լ է, որ սրճարանի հաճախորդներից մեկը ձեզ ընկերության կամ ամուսնության առաջրկություն անի»,- արդեն երկար ժամանակ խոսելուց հետո հարցնում եմ ես:
Աստղիկը ժպտում է ու հայացքը բարձրացնում` կարծես հիշելով առաջարկության «հեղինակին»:
«Եղել է…»:
Այդ ժամանակ նա 44 տարեկան էր, երգում էր Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում: Մի օր այնտեղ է գալիս մի անգլիացի լրագրող: Վերջինս պատահաբար էր այդ սրճարանում հայտնվել: Աստղիկի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո որոշում է մնալ: Երգչուհու գործից հետո միասին են դուրս գալիս սրճարանից, զբոսնում, զրուցում: Հաջորդ օրը կրկին հանդիպում են: Երկու անմոռանալի օր են ապրում միասին, այնուհետև անգլիացին արդեն պետք է մեկներ: Բայց մինչ այդ նա արդեն առաջարկել էր Աստղիկին միասին գնալ: Աստղիկը հիշում է, որ հավանել էր լրագրողին, բայց համոզված չէր, որ պատրաստ է մեկնել նրա հետ: Բացի դրանից` նրան հետ պահող մի շարք խնդիրներ կային: Ֆիլմերի նման նրանք փոխանակվում են հասցեներով ու հեռախոսահամարներով, տարբեր երկրներով շրջող լրագրողից Աստղիկը պարբերաբար նամակներ էր ստանում: Բայց մի օր այդ կապը հանկարծակի կտրվում է, և մինչ օրս Աստղիկը չի կարողանում նրա հետ կապ հաստատել: Դա այն նույն ժամանակահատվածն էր, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ը:
* * *
«Մարդիկ կան, կարող է հիմա էլ ասեն` դե, մենք էլ էինք փոքր ժամանակ ուզում երգել, պարել, անցավ,- ասում է Աստղիկը:- Բայց ինձ մոտ տեսնում եք` չի անցնում: Դա ուրեմն իմ մեջ է, ես պետք է երգեմ»:
Երբ Աստղիկն արդեն հաստատապես որոշել էր երգարվեստն ընտրել, ծնողներն ու բարեկամներն այդքան էլ կողմնակից չէին դրան, քանի որ այլ ապագա էին տեսնում նրա համար: Աստղիկի խոսքերով` ուզում էին, որ իր համար լավ լինի, բայց իրականում հետ էին պահում նրան իր ընտրած ուղուց:
«Բայց հասկացա, որ երգն ավելի ուժեղ է ինձ մոտ, ու հաղթեց երգը,- ասում է երգչուհին:- Մարդ կա, որ մտածում է` դառնա երգիչ կամ երաժիշտ, բայց դա հո մտածելո՞վ չի: Պետք է տաղանդ ունենալ: Բայց այժմ ոնց որ այդպես չէ. մի փոքր մեջից լինում է, թիկունքից էլ հրում են, մարդիկ շատ հեշտությամբ առաջ են գնում: Իսկ ինձ մոտ հակառակն է եղել. միշտ հետ են պահել»:
«Դու էս կյանքի մարդ չես» կամ «դու քեզ չես գնահատում» արտահայտությունները տարիներ շարունակ լսում է: Բայց երգչուհին չի դժգոհում իր «կարգավիճակից»:
«Թող քսան հոգի լինի իմ լսարանը, բայց իմանամ, իսկական լսողներ են, երգը գնահատողներ,- ասում է Աստղիկը:- Համ էլ միշտ զգացվում է դիմացինի անկեղծությունը»:
Երգչուհուի խոսքերով` չի սիրում համեմատվել հայ երգիչների հետ, առավել ևս մրցել նրանց հետ. իր չափանիշը միշտ եղել են արտասահմանցի կատարողները, որոնցից էլ սովորել է: Իր երգերի մեծ մասը անգլերեն են: Խոստավանում է, որ շատ է սիրում երգել հատկապես օտարերկրացիների համար, քանի որ իր երգերն ավելի մոտ են նրանց մշակույթին ու նրանք հասկանում են նաև երգի բառերը: Շատ է սիրում երգել նաև Կոմիտաս, ում երգերից սկսել է իր առաջին քայլերը: Բայց շատ բծախնիդիր է այդ հարցում և հազվադեպ է երգում: Հետո հավելում է, որ չի սիրում հայկական երգերը դարձնել ջազ. «Կամ մաքուր Կոմիտաս, կամ մաքուր Բիլլի Հոլիդեյ»:
* * *
«Կա՞ մի բան, որի մասին ափսոսում եք, ու եթե այդ ժամանակ այլ կերպ վարվեիք, Ձեր կյանքն այլ հունով կընթանար»:
«Դե, հա… Կարող է Ջուգասի դեպքում այլ բան ստացվեր, որովհետև իսկապես ամբողջովին իմ ճաշակի, իմ ոճի էր»,- ասում է Աստղիկը:
Նկարների հին ալբոմի միջից Աստղիկը ցույց է տալիս այն ժամանակ դեռևս երիտասարդ լիտվացի Ջուգասի լուսանկարը: Այնուհետև խոստովանում է, որ միակն է եղել, ում այդքան հավանել էր ու իրեն համապատասխան էր:
«Նա հաստատ ուրիշ էր»,- ժպտալով ասում է Աստղիկը:
Դեռևս ԽՍՀՄ տարիներն էին, երբ Աստղիկը Լիտվայի Կաունաս քաղաքում մասնակցում է լճերի արշավի, այդտեղ էր նաև Ջուգասը: Անձնական փոքրիկ դեպքեր շատ կան` կապված լիտվացի երիտասարդի հետ: Աստղիկը հիշում է, որ արշավի ավարտին, տեղի սովորության համաձայն, կատակով իրեն ու իր սիրեցյալին «ամուսնացնում են»: Բայց դա երբեք էլ իրականություն չի դառնում, ինչպես և «մի օր կվերադառնամ Կաունաս» ցանկությունը: Հետո է Աստղիկը իմանում, որ ինչպես ինքն էր լիտվերեն սովորում, այնպես էլ Ջուգասը` հայերեն: Տարիներ անց Աստղիկը զանգում է.
«Как ты, моя жена»,- միանգամից լսվում է Ջուգասի ձայնը, ով վաղուց արդեն ընտանիք էր կազմել:
Հիմա ծիծաղելով է հիշում երիտասարդության այդ դեպքերի մասին: Խոստովանում է, որ բնույթով շատ զգացմունքային է:
«Արվեստագետի համար շատ կարևոր է, որ զգացմունք լինի, չոր-չոր հնարավոր չէ ապրել,- ասում է երգչուհին:- Բոլորն էլ ուզում են, որ իր կողքին մարդ լինի: Բայց ճիշտ մարդ պետք է լինի, ում կարելի է վստահել և նվիրվել: Մարդը չի ստեղծվել, որ մենակ լինի: Բայց եթե կողքդ մեկն է, ով քեզ չի հասկանում, ավելի լավ է մենակ լինել: Միշտ էլ, բայց հիմա առավել ևս ես իմ երգերով եմ ապրում»:
Լուսանկարը՝ Ա. Խերանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել