HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոեւկայի «խախտված» եւ անխախտ լռությունը

Արփինե Մինասյան 

«Մեր գյուղում պատերազմն ընդամենը 3-4 րոպե զգացինք: Մենք էլ ուրիշ բան չենք զգացել: Կրակոցները Աբխազիայի, Ցխինվալիի շրջանում էին հիմնականում: Մինչեւ Ցխինվալիի ռմբակոծումը ռուսական զորքը Մառնեուլում էր, դրանից հետո Ռուսաստանը զորքը հանեց»,- 2008թ. ամռանը ծագած ռուս-վրացական պատերազմն է հիշում Վրաստանի Մառնեուլի շրջանի Միրզոեւկա գյուղի 74-ամյա բնակիչ Արշավիրը: 

Միրզոեւկա գյուղում կողք կողքի ապրում է այլազգի 120 ընտանիք` հայեր, վրացիներ, թուրքեր, ասորիներ, ադրբեջանցիներ ու սվանեցիներ: Միրզոեւկայի բնակիչ Արշավիր Մարգարյանը ներկայացնում է իր հարեւանությամբ բնակվողներին. «Հեսա, կողքիս հարեւանը թուրք ա, դիմացիս հարեւանը` վրացի, էն մյուս կողմը` քուրդ»:

«Ազգամիջյան վեճեր, կռիվներ չե՞ն լինում»,- մեր հարցից Արշավիրը նախ` զարմացավ, ապա պատասխանեց. «Գյուղում հաշտ ու խաղաղ ապրում ենք»:

Արշավիրի խոսքերով` Միրզոեւկայում մեծամասնությունը հայեր են: Գյուղի բազմազգ բնակչության շփման լեզուն հայերենն է: 120 ընտանիքից միայն մեկն է քուրդ: «Բնակիչներն արտագաղթում են, գնում են Գերմանիա, Հունաստան ու էլ ուր ասես, հայերն են շատ արտագաղթում»,- հոգոց հանելով նշում է Ա. Մարգարյանը:

Այստեղ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, հողը նպաստավոր չէ կարտոֆիլի ու ցիտրուսային մրգերի համար: Սակայն Արշավիրը հպարտանալով նշեց, որ այս տարի գյուղում միայն իր պոմիդորն է լավ բերք տվել, ուրախությամբ տեղեկացրեց նաեւ, որ տարին բերքառատ է հատկապես խախողի համար:

Գյուղի երիտասարդության զբաղվածությունը ապրանքափոխանակությունն է: «Լրիվս էլ փոխանակությամբ ենք զբաղվում, ապրանքը տանում ենք ուրիշ գյուղ, ուրիշ ապրանքի հետ ենք փոխանակում, ապրանքի դիմաց փող չեն վճարում»,- նշում է Արշավիրը:


Գյուղում հայկական գերեզմանոց կա, նաեւ` հայկական դպրոց: Արշավիր պապը գյուղի խնդիրներից մատնացույց արեց հայկական դպրոցի անմխիթար վիճակը. «Գնացեք տեսեք ինչ վիճակ ա»: Դպրոցի բակում ծածանվում էր վրացական դրոշը: Մի քանի կոտրած ապակիների արանքից երեւացին փոքր դասարանները, հայկական ու վրացական տառերով պաստառները:  Դպրոցի 1-ին հարկը փակ էր, երկրորդ հարկում երկու հին զանգերից բացի հայտնաբերեցինք մի գրապահարան, որի կոտրած ապակիների ետեւում հայկական ու վրացական գրքեր էին` գեղարվեստական, մեթոդական եւ այլն:

Հայկական դպրոցի անգլերենի ուսուցչուհին նշում է, որ դպրոցը գործում է 1932թ.-ից եւ կառուցումից մինչ օրս չի վերանորոգվել: «Հլա որ պահում ենք, մենք ենք պահում, մեզ օգնող չկա»,- ասում է ուսուցչուհին` հավելելով, որ հայկական դպրոցը միացած է վրացական դպրոցին: «էս վերջին տարիներին, քանի որ ֆինանսավորում չկար, դե աշակերտների թվով է ֆինանսավորվում,  դպրոցը միացրին վրացականին»:

Ըստ նրա` հայկական դպրոցի տնօրենը երկար տարիներ հայ է եղել, այժմ վրացի է: Դպրոցում գերակշռում են հայ աշակերտները: «Հայաստանից միայն մայրենի լեզվի դասագիրքն ենք ստանում, մնացածն այստեղի թարգմանած գրքերն են, մի մասը` հայերեն, մի մասը` վրացերեն»,- ասում է 5 լեզուների տիրապետող ուսուցչուհին:

Միրզոեւկայի լռությունը մի քանի րոպեով խախտվել է 2008թ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այժմ այն խախտում են պարբերաբար օդ բարձրացող ուղղաթիռների ձայները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter