
Ջավախքահայության սպասումները դեռ կյանքի չեն կոչվել. Տաճատ Վարդապետյան
Վիրահայերի միասնության նախագահ, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, կանխորոշելով Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահի ընտրությունները, այսօր կայացած ասուլիսին նշեց, որ եթե այդ ընտրություններում հաղթանակ տանի նույն քաղաքական ուժը, որը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ինքնավստահ ու կառուցողական քայլերով վիրահայությանը տված խոստումների իրագործումը տեղի կունենա:
Պատգամավորը ենթադրում է, որ Վրաստանում ընտրությունները մեկ քայլ առաջ կգնան, և ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը ՀՀ-ի հետ ջերմ քաղաքական հարաբերություններ կհաստատի:
Անդրադառնալով Վրաստանի նախագահի թեկնածուների խոստումներին, Տաճատ Վարդապետյանը նշեց, որ «խոստումների քարավանը միշտ ճոխ է լինում, շքեղ, բայց գրեթե քիչ են տարբերվում միմյանցից»:
Լրագրողների հարցին, թե արդյոք Բիձինա Իվանիշվիլու թիմը կատարել է խորհրդարանական ընտրությունների նախօրեին ջավախքահայությանը տված խոստումները, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Չեմ ուզում հիասթափություն անվանել դա, բայց այն սպասումները, որ կային, դեռ կյանքի չեն կոչվել: Ինչ-որ բաներ արվում են, կարծես թե այդ ոգևորությունն ամբողջությամբ չի թառամել, և այնտեղ նույնպես այդ ակնկալիքը կա, որ նախագահական ընտրությունների արդյունքում պետք է ավելի վստահորեն կյանքի կոչվեն այդ խոստումները, որովհետև այս պահին Վրաստանում տիրող մթնոլորտում կարծես թե կաշկանդող ինչ-որ բաներ կան»,- նկատեց ծնունդով ջավախքցի պատգամավորը:
Տ.Վարդապետյանի խոսքով, խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ուժի ներկայացուցիչ Իվանիշվիլին իր հետ հանդիպման ընթացքում էլ վերահաստատել է խոստումներն իրականացնելու պատրաստակամությունը:
Տաճատ Վարդապետյանի կարծիքով, վիրահայության համակրանքը որևէ թեկնածուի նկատմամբ դեռ չի ուրվագծվում: Սակայն ֆավորիտները երեք թեկնածուներն են՝ գործող ԿԳ նախարար Թ. Սանիկիձեն, Դ.Բաքրաձեն և Ն. Բուրջանաձեն:
Չնայած Տաճատ Վարդապետյանը նշեց, որ նախագահի նախորդ ընտրություններում մեկ թեկանծուի օգտին են վիրահայերը հիմնականում քվեարկել, այս անգամ էլ, ըստ նրա, ցանկալի է, որ վիրահայությունը մեկ թեկնածուի շուրջ համախմբի իր ձայները: Սակայն պատգամավորը նշում է, որ դա հնարավոր չէ, քանի որ կան հայեր, որոնք այս կամ այն քաղաքական ուժին են հարում, և իրենց գործունեությամբ նրանց կսատարեն:
Քանականան մեծ կազմի՝ գրանցված 23 թեկնածուների առկայության պայմաններում Տաճատ Վարդապետյանը չբացառեց, որ տեղի կունենա նաև երկրորդ փուլ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել