HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարների վաճառքի գործը տեղից չի շարժվում. Ազգային պատկերասրահի նախկին աշխատակցի գույքը վտանգի տակ է

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանի և Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի վեճը շարունակվում է, բայց առաջընթաց մինչ օրս չի գրանցվել: 

Կամո Բադալյանի կինը` Սվետլանա Հակոբյանը «Հետքին» հայտնեց, որ իրենց ասել են տանը լինել, որպեսզի գան ու չափագրումներ կատարեն, քանի որ դատարանի ուժի մեջ մտած վճիռը հօգուտ Ծաղիկյանի էր: 

«Հետքն» արդեն անդրադարձել է այս վեճին: Ստեփան Ծաղիկյանը 2004 թվականին Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Կամո Բադալյանի միջնորդությամբ գնել է ռուս նկարիչներ Պ. Կոնչալովսկու և Ա. Դեյնեկայի վրձնին պատկանող 4 նկարներ: Նա ձեռք է բերել Պ. Կոնչալովսկու «Աղաց», «Բնանկար կամրջով» և Ա. Դեյնեկայի «Բնանկար» և «Բելոօզյորսկ» նկարները:

Կամո Բադալյանն ասում է, որ նկարների վաճառքի միջնորդ է հանդիսացել և վաճառել է դրանք 2800 դոլարով, իսկ Ստեփան Ծաղիկյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ նկարները գնել է հենց Կամո Բադալյանից, և գնած նկարների համար վճարել է 5600 դոլար, այնուհետև պարզել է, որ դրանք բնօրինակները չեն: 

Ծաղիկյանը դատարանից պահանջել էր վերադարձնել նկարների դիմաց վճարված 5.600 դոլար գումարը և հատուցել փորձաքննությունների հետ կապված լրացուցիչ ծախսերը` 4.000 ԱՄՆ դոլարի չափով, ընդհանուր առմամբ 9.600 ԱՄՆ դոլար: Դատաքննության ընթացքում նա նաև պահանջել էր Կամո Բադալյանից բռնագանձել 2007թ. նոյեմբերից  հաշվարկվող  բանկային տոկոսներ, ինչպես նաև իր կողմից նախապես վճարված պետական տուրքը` 75.000 դրամ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ստեփան Ծաղիկյանը հայցը` բռնագանձումը տարածելով Կամո Բադալյանի տան վրա: Իսկ դա նշանակում է, որ տան այն հատվածը, որը Կամո Բադալյանին է պատկանում, կհանվի աճուրդի կամ կանցնի Ստեփան Ծաղիկյանին: Մինչդեռ այս վեճի շուրջ հարուցված քրեական գործով առաջխաղացում տակավին չկա:

2011թ. Կ.Բադալյանը և նրա ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն`  Ստեփան Ծաղիկյանի դեմ քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում  սկսելու` խարդախության և կեղծիքներ կատարելու փաստի առթիվ: Կամո Բադալյանը նշում է, որ այդ գործերը օրիգինալ են եղել, և հնարավոր է հենց Ծաղիկյանն է դրանք փոխել` փոխադրելով ՌԴ: Քրգործ հարուցելու դիմումը մերժվել էր, որից հետո Կ. Բադալյանն այն բողոքարկել էր: Ի վերջո, վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հարուցվել էր քրեական գործ` խարդախության և ապացույցները կեղծելու հոդվածներով, որը վարույթ է ընդունել ՀՀ  ԿԱ  ՊԵԿ  քննչական  վարչությունը:

Քրեական գործի նախաքննություն, սակայն, ներկայումս կասեցված է: Ի պատասխան ՊԵԿ-ին հասցեագրված մեր գրությանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Հետաքննության վարչության քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վ. Շահնազարյանը հայտնել է, որ ՊԵԿ-ի քննչական վարչությունում Կամո Բադալյանի և Ստեփան Ծաղիկյանի վերաբերյալ վարույթը կասեցված քարեական գործով 2011թ.-ի նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՌԴ իրավասու մարմիններին ուղարկվել է քննչական պահանջի միջնորդություն` քրեական գործով մի շարք էական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, իսկ 2011-ի դեկտեմբերի 5-ին և 2013-ի փետրվարի 19-ին ուղարկվել են հիշեցումներ: Ուղարկված միջնորդության պատասխանը ՌԴ-ից դեռևս չի ստացվել: «Քրեական գործը գտնվում է կասեցված վիճակում, իսկ Ծաղիկյանին քրեական գործով մեղադրանք առաջադրված չէ»,- հայտնել է Վ.Շահնազարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter