HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռքբերումներ առողջապահության ոլորտում

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել մրցունակության համաշխարհային զեկույցի 4-րդ` «Առողջություն և տարրական կրթություն», սյունակում ներառված ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Մալարիայի դեմ պայքարի միջոցառումների շնորհիվ  Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2011 թվականին ճանաչվել է որպես մալարիայից ազատ գոտի: Մեր երկրի տարածքում մալարիայի  դեպքեր չեն արձանագրվում։ Ներկայումս իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական  ծրագիրը։ Մալարիայի տարածվածության և գործարար ոլորտի ազդեցության ցուցանիշների առումով Հայաստանի Հանապետությունն առաջատար դիրքում է:

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ շարունակաբար բարելավվում է տուբերկուլոզով  հիվանդների վաղ հայտնաբերումն ու  բուժումը: Տուբերկուլոզային ծառայությունների բարձր մատչելիության ու տարածքային հասանելիության շնորհիվ հիվանդության վաղ շրջանում առավել արդյունավետ բուժում է իրականացվում, ինչը նպաստում է վարակի տարածման կանխարգելմանը: Այդ ամենի շնորհիվ նվազել է տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը (55` 73-ի փոխարեն)` ՀՀ  դիրքը բարելավելով  6 նիշով (76` 82-ի փոխարեն)։ Բարելավվել է նաև տուբերկուլոզի գործարար ոլորտի վրա ազդեցության ցուցանիշը` բարելավելով  ՀՀ  դիրքը 10 նիշով ( 76` 86-ի փոխարեն):

Մանկական մահացության ցուցանիշի 19,6-ից 15,6 նվազման շնորհիվ ՀՀ դիրքը բարելավվել է 5 կետով (78` 83-ի փոխարեն): Երեխաների առողջության բարելավման և մանկական մահացության նվազեցման խնդիրը առաջիկայում ևս կշարունակի մնալ նախարարության գերակայությունների շարքում: Ձեռնարկվում են նոր միջոցառումներ այդ ոլորտում ձեռք բերված ծրագրային հաջողությունների պահպանման և հետագա զարգացումներ ապահովելու ուղղությամբ:

 Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված աշխատանքների շնորհիվ կյանքի տևողության ցուցանիշը նույնպես բարելավվել է, սակայն այն դեռևս աննշան է, որի պատճառով ՀՀ դիրքի բարելավում չի նկատվել, ընդհակառակը` Հայաստանի Հանրապետությունը  զիջել է իր դիրքը 7 կետով: Այս ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցառումներ է իրականացնում մահացության կառուցվածքում մեծ տեղ զբաղեցնող ոչ վարակիչ հիվանդությունների առաջնային կանխարգելման և առողջության առաջնային պահպանման ուղղությամբ։

Բացի այդ, շուտով կներդրվի առավել տարածված երեք հիվանդությունների` սիրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի երկրորդային կանխարգելմանն ուղղված սկրինինգ  ծրագրեր բնակչության ռիսկային խմբերում։ Դրանց շնորհիվ հիվանդությունները կհայտնաբերվեն վաղ շրջանում, ինչը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և մահացության նվազեցմանը: Սկրինինգ ծրագրերին զուգահեռ կիրականացվի բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ: 

ՄԻԱՎ տարածվածության ցուցանիշի աճով պայմանավորված Հայաստանն իր դիրքը զիջել է 24 կետով (45` 21–ի փոխարեն): Միաժամանակ գործարար ոլորտի վրա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցությամբ  Հայաստանի դիրքը բարելավել է 14 կետով: 

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրի իրականացման արդյուքնում  2007թ.-ից ի վեր հանրապետությունում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, 2001թ.-ից ի վեր չի արձանագրվել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք, ավելացել է բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչպես նաև մեծացել է բուժման ծածկույթը:

Եթե 2009 թվականին հակառետրովիրուսային բուժում էր ստանում 179 մարդ, ապա 2012թ.-ին նրանց թիվն ավելացել է 2,5 անգամ` հասնելով 449-ի: ՄԻԱՎ վարակակիրների հայտնաբերման, արձանագրման, օպորտունիստական վարակների բուժման ցուցանիշի շեշտակի աճի և հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկվածության բարձրացման արդյունքում ավելացել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը, աճել է ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշը: 

Ի դեպ, Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող  ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ) կատարողականը  գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի (100%-ից բարձր կատարողական), ինչը զգալի առաջընթաց է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի B1-ի (60-89% կատարողական) նկատմամբ:

2012թ. հոկտեմբեր– 2013թ. մարտ ժամանակահատվածում ծրագրի կատարողականի 8 ցուցանիշից 7-ի դեպքում ակնկալիքները գերազանցվել են: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter