
«Ալարկոտությունը տարբեր ազգանուններով անցնում է» Ահնիձորով
«Ժողովուրդը հնարել էր, թե առողջարան է բացվելու Ահնիձորում, սոճիների բացատում. աղբյուրի վրա, հնարել ու հեղինակավորել էր առողջապահության մինիստրության անունով: Ասում էին նաև, թե երկաթգիծ է անցնելու ձորով, հետո դրան չէին հավատում, նորեն դառնում էին առողջարանի մտքին, որովհետև հիանալի բնություն ունի Ահնիձորը, առողջարանի համար պիտանի, անհավանական չէ, մեկ էլ տեսար առողջապահության մինիստրությունը…
Ինչ որ է, ալարում էին և սպասում»:
Հրանտ Մաթևոսյան, «Ահնիձոր»
Ժամանակները փոխվել են: Հիմա ահնիձորցիները սոճիների բացատում, աղբյուրի վրա առողջարան կառուցելու երազանքով չեն ապրում: Որ ապրեին, անտառը չէին ոչնչացնի: Հիմա անտառը անձնազոհաբար ահնիձորցիների առաջ փակում է Ռուսաստանի ճանապարհը: «Ահնիձորցիները որ չեն գնացել արտագնա աշխատանքի, դա հիմնականում մեր անտառի շնորհքն ա, ճիշտը որ ասենք»,- ասում է Ահնիձորի հիմնական դպրոցի դասվար Կատյա Քառյանը: Կատյան Ահնիձոր հարս է եկել և ասում է, որ շատ է սիրում Ահնիձորը. «Սիրտս ցավում է, գյուղը Հրանտ Մաթևոսյանի թանգարան չունի»,-ավելացնում է ուսուցչուհին:
Կեսօրի տապին Ահնիձորի գյուղամիջյան փողոցներում հարցուփորձի համար երկար մարդ փնտրեցինք: Թվում էր` Ահնիձորն անմարդաբնակ է: Միայն նոր ձու ածած հավերի կչկչոցն ու մեկ էլ իր 5 խոճկորների հետ գետնին կաղին ու կորիզ որոնող մերունի խռխռոցն էր խախտում գյուղի լռությունը: Ահնիձորի խնձորենիներն ու սալորենիները կոտրատվում էին այս տարվա առատ բերքի տակ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Առաջին բանը, որ Ահնիձորում աչքի է զարնում, քարուքանդ գյուղամիջյան ճանապարհներն են: Ահնիձորի խնդիրների մասին մեզ չհաջողվեց խոսել գյուղապետ Վանիկ Քառյանի հետ: Ժամը երեքին գյուղապետարանի խղճուկ շենքի դռները փակ էին: Գյուղապետարանի մի կողքին Ահնիձորի հին գյուղապետարանի կիսաքանդ շենքն է, մյուսում` Մեծ հայրենականում զոհված ահնիձորցիների մարդաբոյ խոտի մեջ թաղված հուշարձանը: Հիշեցի Հրանտ Մաթեւոսյանին. «Անտառամեջը 100 տղամարդ տվեց պատերազմին, պատերազմը Անտառամեջին մի կոճակ իսկ չտվեց»: Գյուղապետարանի դիմացը նորից կիսաքանդ միհարկանի` անցյալ դարի 30-ականներին կառուցված ու արդեն իր նշանակությունը կորցրած գյուղի ակումբն էր:
«Ի՞նչ եք ուզում»,- շոգից թմրած ականջիս հասավ կանացի մի ձայն: Գյուղապետարանի հարևանությամբ գտնվող տան դռնակի մոտ կանգնած էր մի կին` ուսուցչուհի Կատյա Քառյանն էր, ով էլ հայտնություն դարձավ մեզ համար: «Ամիսներով մեր գյուղապետարանը չի աշխատում, օրերով գործի չեն գալիս, ձևական բնույթ են կրում, գյուղապետարանը նույնիսկ մի հատ ակումբի վարիչի հաստիք չի պահում: Ասեմ` գյուղապետն է, տեղակալը, հաշավապահն ու քարտուղարը»: Կատյան չմոռացավ հիշել այն երանելի ժամանակները, երբ ակումբում համերգ էր տալիս Ալավերդու ժողգործիքների անսամբլը:
«Գիտեք` խոտի շրջանն ա, էն որ «Մենք ենք մեր սարերում» ասում ա, բոլորն էլ սարումն են, հիմի մեզ մոտ էդենց ա»,- գյուղի դատարկությունը բացատրեց նա:
Ահնիձորի քարուքանդ ճանապարհների մասին Կատյան ասաց. «Յա, հիմա շատ լավն են ճանապարհները, անցյալ տարի սարքել են, ասում են` ասֆալտը թանկ է, դրա համար էլ ճանապարհները չեն սարքում: Էնպես էլ, որպես գրողի ծննդավայր մեկ-մեկ, իբր միլիոներ են իջեցնում, որ ինչ-որ չափով ճանապարհը կարգավորեն, էդ միլիոնները ուր են կորչում, ոչ ոք չգիտի»,- ասաց Կատյան:
Ահնիձորի երբեմնի 200 աշակերտ ունեցող դպրոցում հիմա 25 աշակերտ է սովորում, գյուղը գրադարան ունի, բայց աշխատող չունի: Գրադարանում լավ-լավ գրքեր կան, երբ որ պետք է լինում, ինչ-որ մեկը գրադարանի դուռը բաց է անում. «Թե չէ միշտ փակ է: Մեզ մոտ ամեն ինչ շատ մոռացված է, կարող է նեղանան, որ ասում եմ, որովհետև դպրոցը նոր են վերանորոգել»,-անհագստացավ նա:
Ուսուցչուհին զարմացած էր, որ վերանորոգված դպրոցի բացումն արել են ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ օգոստոսի 22-ին: «Ոչ աշակերտ կար, ոչ ուսուցիչ կար, միայն վերնախավը` Երևանից ու Վանաձորից»,-պատմում է Կատյան: Նա ասաց, որ Ահնիձորը աղքատներ չունի, աշխատանքն ու չարչարանքը շատ է, բայց ապրում են: Գյուղապետարանից իջնելիս հանդիպեցինք Սպարտակին. «Ալարում եմ գյուղի ապրելակերպի մասին խոսեմ, գնացեք մեր տուն, տանը կասեն»,-մոտակա սպիտակ տանիքով տունը ցույց տալով ասաց Սպարտակը:
«Գյուղկոոպի նախագահ Անուշավան Մարուքյանը Ահնիձորի ալարկոտությունը հայհոյելուց հոգնել էր. ամբողջ գյուղում մեկը չկար, որ խանութպան աշխատեր.ամբողջ գյուղով փորձեցին.մեկ-մեկ ընդունվեցին դուրս եկան, բան չստացվեց. ուղղակի ալարկոտությունը տարբեր ազգանուններով անցնում էր վաճառասեղանի ետևը»,-Ահնիձորի ալարկոտության մասին գրել է Հրանտ Մաթևոսյանը:
Ժամանակը ոչինչ չի փոխել Ահնիձորում: «Հիմա ողջ գյուղի համար մի աղջիկ է մի փոքրիկ տարածքում խանութ բացել»,- ասաց Կատյան:
Ահնիձորի մասին մեզ հետ հեռախոսով ալարեց խոսել նաև գյուղապետ Քառյանը. «Հա, առավոտը գյողապետարանում պահանջված թղթերը ստորագրում ենք ու դուրս գալիս` խոտհնձի դժվար օրերն են»,- ասաց նա:
Նա խորհուրդ տվեց, Ահնիձորի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրին ծանոթանալ մարզպետարանի կայքից: Առանց ֆինանսավորման հստակ աղբյուրների ծրագրում` Վանիկ Քառյանը 35 մլն դրամ նախահաշվային արժեքով նախատեսել է գյուղի գազաֆիկացումը և 55 մլն դրամ նախահաշվային արժեքով` համայնքային կենտրոնի կառուցումը: Գյուղապետը առաջիկա 4 տարիների Ահնիձորի զարգացման գործում չէր նախատեսել գյուղում աշխարհին հայտնի մեծ ահնիձորցու թանգարանը կառուցելու խնդիրը: Վանիկ Քառյանը շրջանցել էր նաև գյուղի սոճիների բացատում, աղբյուրի վրա առողջարան կառուցելու ահնիձորցիների ու Հրանտի երազանքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել