HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տոկոսով վարկ է ստացել տասը մարցեցի

Լոռու մարզի Մարց գյուղի գյուղապետարանի դուռը հունիսի 30-ին, ժամը 15:15-ին կողպված էր: Գյուղապետարանի 9 աշխատողներից ոչ մեկն իր աշխատատեղում չէր:

Ուղիղ մեկ ժամ հետո գյուղապետարանում մեզ հաջողվեց հանդիպել գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մկրտչյանին եւ հաշվապահ Կամո Գալստյանին: Վերջիններս ասացին, որ գյուղապետ Ռոբերտ Գալստյանը գյուղապետարանի գործերով գնացել է Ալավերդի: Նրանց հետ զրույցից էլ պարզվեց, որ Ռոբերտ Գալստյանի համար Մարցի գյուղապետի պաշտոնը երկնային շնորհ է, իսկ Մարցի գյուղացիների համար` դժբախտություն: Մարց գյուղն ունի 652 բնակիչ , 172 ծուխ: Մարցի 190 հա վարելահողերը գյուղացիները գրեթե չեն մշակում:

«Ճիշտն ասած` մեր գյուղացիները հողի լեզուն չգիտեն: Գյուղտեխնիկայի բացակայության պատճառով տարիներ շարունակ հողերը չենք օգտագործել, մի հատ ցանող կամ վարող մեքենա չունենք, Քարինջից կամ Դսեղից ենք խնդրում»,- ասաց Սարգիս Մկրտչյանը: Մարցի 17 հողատերեր մահացել են, ժառանգներն ապրում են համայնքից դուրս, այդ պատճառով 29,8 հա հող անմշակ է մնացել: Գյուղի «Սոթ» հանդամասի 140 հա խոտհարքի խոտը 129 հողատերերը չեն հնձում, եւ գյուղացիների մեծ մասը հրաժարվում է «Սոթի» իրենց սեփականաշնորհած խոտհարքերից: «Եթե «Սոթի» հանդամասում ճանապարհ լինի, մենք չենք գնա դսեղցիներից խոտ գնենք»,- ասաց հաշվապահ Կամո Գալստյանը: Մարցի «Շամլուղ» հանդամասի 22 հա վարելահողը 4-րդ կարգի է: «Մենակ ցորեն ցանենք, մեր գյուղի հացը կբավարարի: Բայց «Շամլուղ» հանդամասը, գյուղմեխանիզացիա չունենանալու պատճառով, հողատերերի կողմից որպես խոտհարք է օգտագործվում»,- ասաց գյուղամիջում կանգնած մի ծերունի:

Մարցի վարելահողերում կարելի է աճեցնել ցորեն, կարտոֆիլ, ճակնդեղ եւ սիլոսային կուլտուրաներ: Սակայն հողերն անմշակ են: Մարցեցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղապետարանի տվյալներով` գյուղի 97 տնտեության վրա գրանցված է 697 խոշոր եղջերավոր անասուն:

Սարգիս Մկրտչյանն ասաց, որ կառավարության աջակցությամբ 10 տոկոս տոկոսադրույքով վարկ ստանալու համար բանկերին դիմել է 18 մարցեցի, վարկավորվել է 10-ը: Սակայն նրանց մեծ մասը վարկային գումարները չեն ներդրել վարելահողերի մշակման նպատակով: Սարգիսը անգիր գիտեր վարկավորված համագյուղացիների ազգանուններն ու նրանց վարկային ծախսերը: Ինքն անձամբ 450 հազար դրամ վարկ է ստացել: «Երեք հատ 150 կգ-անոց մոզի եմ առել, անասունների հետ ուղարկել եմ սարը»,- ասաց նա: Ըստ նրա` մարցեցի Լյովա Խաչատրյանը 500 հազար դրամ վարկով հորթեր է գնել, հիմա սարում են, Գալստյան Սասունը 400 հազար դրամ վարկով մոզիներ է գնել, Գալստյան Սուրենն էլ` 6 հատ մոզ: Գյուղապետ Ռոբերտ Գալստյանն էլ 2,5մլն դրամ վարկ է վերցրել: «Գյուղապետը սուբսիդավորված իր վարկով 3580քմ հող ա մշակել»,- ասաց Սարգիսը:

Մարցը 2010 թ. խոզերի մեծ անկում է ունեցել, այդ պատճառով էլ գյուղացիները վարկի գումարներով խոզ չեն գնում, վախենում են: Մարցի ավագանու անդամ, բուժքույր Գայանե Քոչինյանը դժգոհեց, որ գյուղում վերջին 2 տարիներին զարգացում չի նկատվել: Գայանեն ասաց, որ գյուղի ավագանու 5 անդամներից մեկը գյուղապետի տղան է, մյուսը` մտերիմ ընկերը, մեկն էլ դպրոցի տնօրենի հայրն է: Ավագանու անդամ գյուղի բուժքույրը վրդովված է գյուղապետ Ռոբերտ Գալստյանի կողմից համայնքի բյուջեի անարդյունավետ ծախսումներից. «Մեկը` ես, համաձայն չեմ եղել գյուղ մտնող ճանապարհի վերանորոգման` գյուղապետի սկզբունքներին: Ես իրեն ասել եմ` ավագանու նիստը կլինի, դու գումարի չափը կդնես մեր առաջ: Ես շատ վրդովված եմ»,- ասաց Գայանեն: Գայանեն գյուղապետին հարցրել է, թե ու՞ր է վերանորոգված ճանապարհը, եւ որտե՞ղ են արվել այդ փոսալցումները: Գյուղապետը նրան պատասխանել է, թե փոսալցումները սելավը տարել է: «Մի օրվա համար մարդը ճանապարհի վրա գումար չի ծախսի: Թեկուզ քո տնտեսության համար, էսօր բերեք փոսի վրա հողը ցանեք, որովհետեւ իրիկունը Ձեզ գումար է պետք, կանե՞ք տենց բան, չեք անի»,- ասաց ավագանու անդամը: Գայանեի տեղեկացմամբ` աշխատակազմի ղեկավարն է եղել ճանապարհի հարթեցման տրակտոր վարողը:

Սարգիս Մկրտչյանը «Հետքին» հայտնեց, որ գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման համար համայնքի բյուջեից ծախսվել է 295 հազար դրամ. «Ճանապարհի եզրերի կանավներն ենք մաքրել, գյուղամիջյան ճանապարհներն ենք մաքրել, բայց անձրեւները տարել են, փոսալցումներն էլ փչացրել են»: Ըստ Գայանեի` Մարցի գյուղացիների մտահոգություններից մեկը Մարց գետի ափամերձ հողատարածքների օտարումն է: Գետի ափամերձ հողատարածքները գյուղի անասունների արոտավայրն է եղել: Այն ազատ տարածք է եղել, որտեղ խաղացել են գյուղի երեխաները եւ հանգստացել: Հարեւան համայնքների բնակիչները նույնպես անցած տարիներին ամռան տապին իրենց հանգիստը կազմակերպել են Մարց գետի ափին ու դրան հարող թավուտ անտառներում: Գայանեն ասաց, որ հիմա այնտեղ, ուր տնակներ են դրված, չեն թողնում, որ երեխաները գետը մտնեն: «Դա մեզ` գյուղացիներիս, ձեռք չի տալիս, բայց արվել ա»,- ասաց նա: Գյուղապետ Ռոբերտ Գալստյանին Գայանեն առաջարկել է. «Արի իմ խոտհարքերից, որ հողն ես ուզում, տամ քեզ, գետամերձ հողերը թող: Գյուղացիներն ու իմ երեխաները այդ ճանապարհով են գնալու գետում լողանալու»: Գյուղապետը չի համաձայնել: «Ու այսպես Մարց գետի ափին հնարավոր չէ 100մ տարածք գտնել` ամռան տապին ոտքերդ լվանալու համար: Լրիվ վաճառված է»,- ասաց Գայանեն:

Վերջինս նաեւ հայտնեց, որ Դսեղ գյուղ գնացող կամրջից մինչեւ Մարց թեքվող ճանապարհի գետամերձ ամբողջ տարածքն ու տարածքի վրա գտնվող ձկնաբուծարանը գյուղապետի տղայինն են: Ինքն իրեն սեփականաշնորհել է գետի երկու ափամերձ տարածքները: Ըստ ավագանու անդամի` դեպի Լորուտ գնացող ճանապարհի գետամերձ «Իքատակ» հանդամասի հողերը նույնպես ամբողջությամբ բաժանված են: «Գետում լողանալու եւ ափին հանգստանալու իրավունքից գյուղացիները լրիվ զրկված են»,- ասաց Գայանեն:

Մարց գետի ափամերձ հողերի կապակցությամբ Սարգիս Մկրտչյանը պարզաբանեց, որ գետի ափամերձ խոտհարքերից միջինը 2-3 հազար մետր գյուղապետարանը հատկացրել է Գոռ Գալստյանին, Սեյրան Մկրտչյանին, Սարգիս Բաբաջանյանին, Շավան Հովհաննիսյանին: Մարցի գետամերձ 8 հա հողերն էլ` ՀԷԿ կառուցելու նպատակով, հատկացվել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ին, որը տարեկան 260 հազար դրամ հողի հարկ է վճարում համայնքի բյուջե: ՀԷԿ-ի հողահատկացման հետ կապված` հաշվապահ Կամո Գալստյանը զրույցի ընթացքում  ասաց. «Վերեւից են ասել` սարքվելու ա, հո մեզանո՞վ չի»:              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter