
Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը
Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Գոգդաղ սարը: Գոգդաղը սրբատեղի է: Այստեղ կան մի քանի խաչքարեր: Նոյեմբերյանցիների բարբառով նման սրբատեղիներին անվանում են խեչ` խաչ բառից: Գոգդաղում կան նաեւ նոր տեղադրված խաչքարեր, բայց դժվար է ասել, թե երբվանից է Գոգդաղ սարը դարձել նաև խեչ: Մարդիկ գալիս են այստեղ` իմանալով, որ իրենց նախնիների համար սա նույնպես սրբավայր է եղել:
Շատերի համար Գոգդաղը նաև զոհ մատուցելու վայր է: Տեղացիներն ասում են, որ այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս, քան եկեղեցի: Անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, ակնածանքով են վերաբերում այս վայրին. հավատում են, որ այս սարում զորություն կա` խեչի զորությունը: Այսօր արդեն գուցե սնահավատություն կամ պապենական սովորություն է, բայց նրանք, ովքեր գալիս են այստեղ, երեք անգամ պտտվում են խաչքարի շուրջը: Այնուհետև այցելուները մոմ են վառում, աղոթում կամ երազանք պահում, կատարում իրենց զոհաբերությունը: Զոհաբերությունը կարող է լինել կենդանու տեսքով, բայց հաճախ էլ մետաղադրամներ կամ որևէ իր են թողնում խաչքարի կողքին` որպես ուխտի նշան:
Խաչքարերից բացի այստեղ շատ են նաև գերեզմանաքարերը. ժամանակին տեղացիներից շատերը հենց այստեղ են թաղել իրենց հարազատներին: Գերեզմանաքարերի մի մասը պահպանվել է, մի մասը կիսով չափ գետնի տակ է անցել կամ վնասվել: Ամենահին գերեզմանքարը 1874 թ.-ի թվագրված, սակայն ոչ բոլոր քարերի վրա են գրությունները պահպանվել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել