
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին
Օգոստոսի 17-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված Ռուսաստանի դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը Երևանի քաղաքապետարանի դիմացից նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
Օգոստոսի 18-ին նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Մեկնաբանել