
Մայրաքաղաքում կկահավորվի հեծանվային 17 կանգառ
Երևանի քաղաքապետարանը և «Սիթի փրոմոուշն» ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ քաղաքացիների համագործակցությամբ, նպաստում են մայրաքաղաքում հեծանիվը` որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի զարգացմանը: Համագործակցության շնորհիվ՝ «Երևանյան ամառ» ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Երևանում կահավորվելու է այդպիսի 17 կանգառ, որոնցից 4-ը գործարկվել է օգոստոսի 16-ին։
Հեծանվորդների խմբերը մայրաքաղաքի 4 տարբեր ուղղություններից արշավել են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ կայացել է հեծանվային հնարքների ու անսովոր, երբեմն անգամ բարդ լուծումներով ցուցադրություն` արհեստավարժ և սիրողական մակարդակի հեծանվորդների մասնակցությամբ։ Իսկ հեծանվորդ Վահագն Վարդումյանը հեծանվային աստղանիվով պտտվող դուրգի վրա տեղում կավե բաժակ է պատրաստել: Այնուհետ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են արել մինչև Հանրապետության հրապարակ` Վ․ Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով:
Միջոցառումը մեկնարկել է 4 տարբեր կետերից, հետևյալ ուղղություններով․
- Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ․
- Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ․
- Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ․
- «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց, Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ և նույն փողոցով՝ Խորենացու փողոց, ապա Շահումյան հրապարակ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանել