HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է ՃՈ տեսուչի նկատմամբ սուտ մատնություն կատարելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենա, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդ Նարեկ Աղամիրյանին ու պարզաբանումներ կատարելով՝ ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի դեպք իրականում տեղի չի ունեցել։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter