
Նոյեմբերյանի կինոյի տունը կրկին գործում է
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Նոյեմբերյանի կինոյի տանը մեծ էկրանի վրա ֆիլմ է ցուցադրվում:
Այս անգամ կինոսերներին է ցուցադրվել «Դայակներ» ռուսական ֆիլմը: Ներկաների մեծ մասը դպրոցականներ ու երիտասարդներ էին:
Խորհրդային տարիներին կինոյի տունը տեղի մշակութային կենտրոններից էր, որտեղ պարբերաբար ֆիլմեր էին ցուցադրվում: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառույցը չի գործել: Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էին որոշ միջոցառումներ, այնուհետև շենքը սեփականաշնորհվեց: Այժմ շենքի մի մասը ՀՀԿ-ի գրասենյակ է, մյուս մասը` կինոյի տունն է:
Շենքի երկրորդ հատվածը վերանորոգվել է: Ստեղծվել են պայմաններ կինոցուցադրության համար. դահլիճը կարող է տեղավորել չորս հարյուր հոգու: Կինոյի տան սեփականատեր Կաքավիկ Ղուշչյանը հույս ունի, որ կինոդիտումները հնարավորություն կտան մարդկանց տեղյակ լինել կառույցի, նրա գործունեության մասին, որի արդյունքում կաշխուժանա տեղի մշակութային կյանքը:
Բացի կինոդիտումներից այստեղ նախատեսվում է իրականացնել այլ մշակութային միջոցառումներ ևս: Կ. Ղուշչյանն ասում է, որ ցանկություն ունի այստեղ թատերական ներկայացումներ, ինչպես նաև էստրադային համերգներ կազմակերպել, պարզապես խնդիրն այն է, որ այն գումարը, որը պահանջում են երգիչները, դժվար է ապահովել տոմսերի վաճառքով: Տոմսի գինն այնքան բարձր է լինում, որ տեղի բնակչությունը հնարավորություն չունի այդքան վճարել համերգի համար: Սակայն, տնօրենի խոսքով, նպատակ կա համերգներ կազմակերպել շրջանի մշակութային խմբերի մասնակցությամբ:
Մեկնաբանել