Կանցկացվի Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիում
Հուլիսի 15-29-ը «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում կմեկնարկի Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը: Հավաքն առաջին այսօրինակ նախաձեռնությունն է Արցախի Հանրապետությունում: Ձեռնարկի մտահղացման և իրականացման ակունքներում կանգնած են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսը և «Նարեկացի» արվեստի միությունը:
Որպես ամենամյա նախաձեռնության անդրանիկ հավաք, Սիմպոզիումը կոչված է դառնալ համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ քանդակագործների համար: Այն նաև կոչված է նպաստել Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը արվեստի միջոցով, վերականգնել արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավն ու կարգավիճակը, խթանել հետպատերազմական Շուշիի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքն ու զարգացումը:
Նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռ 2009 թվականին, երբ ՀՀ մշակույթի նախարարի հրավերով ու մշակույթի նախարարության հովանավորությամբ Հայաստան ժամանեց իտալացի անվանի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն` մասնակցելու Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսին` Իտալիայում Մ. Ավետիսյանի նմանօրինակ ցուցահանդես կազմակերպելու մտադրությամբ: Տպավորված իր այցով` պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն իր առաջին այցի ընթացքում ցանկություն հայտնեց կրկին այցելել Հայաստան և դասախոսություններ կարդալ ԵՊՀ-ի արվեստաբանության ամբիոնի և Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար:
2010 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի հրավերով պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն երկրորդ անգամ այցելեց Հայաստան. նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավովածության համաձայն էլ` անց է կացվում հայ-իտալական քանդակագործների համատեղ սույն սիմպոզիումը:
Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Իտալիայի գեղարվեստի տարբեր ակադեմիաների 22 պրոֆեսորներ, քանդակագործներ և նկարիչներ: Պատվավոր հյուրն է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն:
Հավաքի առանցքը` ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների և կինոդիտումների հագեցած ժամանակացույցի, քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակներում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրը կկերտի իր քանդակը շուշվա կրաքարից` այն նվիրելով քաղաքին:
«15 քանդակ ամեն տարի, և 10 տարի անց Շուշին կզարդարեն 150 քանդակ` վերածելով քաղաքը իրական թանգարանի բաց երկնքի տակ»,- բնորոշում է նախաձեռնության հեղինակ մաեստրո Վիգեն Ավետիսը:
Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն կատալոգում` արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ, ով` ՀՀ մշակույթի նախարարի հրավերով, Հայաստան է այցելում արդեն երրորդ անգամ:
Ստեղծագործական ողջ ընթացքը կվավերացվի իտալական «Ստուդիո կալի» /Studio Quagli/ նկարահանման ստուդիայի վավերագրական ֆիլմում, որտեղ նաև անդրադարձ է լինելու Արցախի, Շուշիի, Հայաստանի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ըստ արդեն ստեղծված նախնական պայմանավորվածության` ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» /Rai 1/ հեռուստատեսության եթերից:
Սիմպոզիումը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի, ու Շուշիի քաղաքապետարանի ակտիվ աջակցությամբ:
Դավիթ Իսաջանյան
ՆԱՄ հասարակայնության հետ կապերի տնօրեն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել