
Նստացույցի մասնակիցներ. « Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան»
Քաղաքապետարանի առջեւ արդեն 4 օր շարունակ նստացույց հայտարարած քաղաքացիները հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է մեզ համար: Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան: Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց`
1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ, և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ: Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարհող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:
2. Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացրած պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից: Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք, և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը»:
Վահագն Մինասյան
Գոռ Առաքելյան
Սուրեն Սահակյան
Մեկնաբանել