ԼՂՀ երրորդ դեմքը ափսոսում է Ռուսաստանի քայլի համար, բայց չի մեկնաբանում
«Ցավալի է, որ Հայաստանի գործընկեր եւ համանախագահող երկիրը իրեն թույլ է տվել նման քանակի զենք վաճառել Ադրբեջանին,- Ստեփանակերտում ՀՀ եւ ԼՂՀ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը:- Բայց դրան այսօր ես չեմ կարող գնահատական տալ: Ես միայն մի բան գիտեմ. եթե Ադրբեջանը Ռուսաստանից չառնի, այլ երկրներից է առնելու: Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի հետ լավ հարաբերություններ ունի, ընդուպ Բելառուսից է զենք գնում: Մենք պիտի ձեռնարկենք մեր քայլերը, որի առումով կարող եմ վստահեցնել, որ այո, մենք աշխատանք կատարում ենք, ինչի արդյունքում տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար պահպանվելու է՝ շնորհիվ մեր պաշտպանության բանակի: Ցանկացած պարագայում մենք մեր անվտանգությունն ապահովելու ենք»:
Երկրի երրորդ դեմքը հոռետեսորեն է նայում բանակցությունների ընթացքին՝ դա պայմանավորելով Ադրբեջանի կեցվածքով: «Ես այն կարծիքին եմ, որ դեռ շատ երկար է այս իրավիճակը շարունակվելու: Իհարկե, դա իմ անձնական կարծիքն է, որովհետեւ ես չեմ տեսնում հարցի լուծման որեւէ տեղաշարժ: Շատ ժամանակ մեզ քննադատում են՝ ինչու՞ չեք բանակցում: Ու՞մ հետ բանակցենք: Ադրբեջանի հետ մեզ պետք չէ այսօր բանակցել, որովհետեւ դա անիմաստ է: Երբ զգանք, որ ինչ-որ տեղաշարժ հնարավոր է բանակցությունների միջոցով, այն ժամանակ էլ կարող ենք փորձել բանակցությունների սեղանին նստել: Գտնում եմ, որ ստատուս-քվոն պահպանվելու է դեռ տասնյակ տարիներ»:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ հայության համար այժմեական այլ խնդիրներ կան. «Մենք տեսնում ենք, որ մեր դիմացի ղեկավարությունը պատրաստ չէ բանակցելու՝ եւ հոգեպես, եւ բարոյապես: Դրա համար էլ գտնում ենք, որ պետք է մտածենք Արցախի ու Հայաստանի զարգացման մասին, Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել