
Արցախի վարչապետը ցավում է, որ հայությունը ակտիվ չէ սիրիահայերին ԼՂՀ-ում տեղավորելու հարցում
«Այսօր ԼՂՀ-ում արդեն ապրում է սիրիահայերի 32 ընտանիք, որոնց մի մասը՝ 5, թե 7 ընտանիք, Արցախ է տեղափոխվել մի քանի տարի առաջ: Մենք սիրիահայերի համար հատուկ մշակված ծրագիր չունենք: Ունենք Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների զարգացման ծրագիր, որի շրջանակներում հնարավորություններ ենք ընձեռել սիրիահայերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը:
Վարչապետի փոխանցմամբ՝ մեր հայրենակիցները հատկապես պահանջում են կենցաղային տարրական պայմաններ, քանի որ գալիս են հիմնականում առանց ֆինանսների: «Ընդհուպ ամենօրյա սնվելու խնդիր են ունենում: Բերձորում, Իշխանաձորում եւ Կովսականում պետական եւ բարեգործական տարբեր աղբյուրներից ստացված գումարներով վերանորոգում ենք փլատակները: Բացի կենցաղային պայմանների ու սննդի համար ֆինանսներ հատկացնելուց՝ նաեւ վարկային լուրջ ռեսուրսներ ենք ուղղել այդ ընտանիքների առօրյան ապահովելու համար»,- ասում է Ա. Հարությունյանը:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ սիրիահայերը շատ փորձված հողագործներ են, քանի որ հիմնականում գալիս են Ղամիշլիից: Նրանք նոր մշակույթ են մտցրել գյուղատնտեսության մեջ՝ նոր մշակաբույսեր են բերել Արցախ, ինչպիսին է, օրինակ, ձիթենին, որը փորձում են տարածել: Արդեն կա նաեւ ջերմոցային տնտեսություն: Ֆինանսներ ունեցող սիրիահայերը բնակարաններ են ձեռք բերել ու նաեւ լուրջ ներդրումներ են կատարում Արցախի հարավային թեւում եւ Ստեփանակերտին հարակից տարածքներում:
Այդուհանդերձ, Ա. Հարությունյանը դժգոհում է, որ հայությունը պասիվ է եղել սիրիահայերին Արցախում տեղավորելու հարցում: «Ֆինանսական միջոց չունեցողների բեռը հիմնականում ընկնում է պետության վրա: Իսկ մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնք ճիշտ կամ անհրաժեշտ ենք համարում: Ցավոք, հայությունն էլ այստեղ ակտիվ մասնակցություն չի ունեցել: Մենք բազմաթիվ անգամ կոչ ենք արել մասնակցելու սիրիահայերին Արցախում տեղավորվելու եւ հաստատվելու ծրագրին»,- եզրափակում է ԼՂՀ վարչապետը:
Մեկնաբանել