
Տեղաշարժման մատչելիության մոնիթորինգ ակցիա Օղակաձև զբոսայգում
Այսօր Երևանի օղակաձև զբոսայգում անցկացվեց տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիա:
Մոնիթորինգը գործնական բնույթ ուներ. սկսելով Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտակայքից՝ մասնակիցները շրջեցին այգու ողջ տարածքում և մատչելիությունը սահմանափակող հատվածներում թողեցին այդ մասին տեղեկացնող պաստառներ:
Ակցիային մասնակցում էին հաշմանդամություն ունեցող, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ և պարզապես Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ:
Կազմակերպիչների խոսքերով՝ մոնիթորինգի համար ընտրվել է հատկապես Օղակաձև զբոսայգին, որովհետև այն մայրաքաղաքի ամենամեծ ու բազմաշերտ այգին է, ինչը հնարավորություն է տալիս միանգամից բարձրացնելու տղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց ամեն օր անհանգստացնող հարցերի հիմնական մասը:
Մասնակիցներից յուրաքանչյուրը արդեն ակցիայի վերջում ընդհանուր գնահատական տվեց այգու մատչելության վերաբերյալ, սակայն մոնիթորինգի ամբողջական ամփոփման տվյալների և դրանց համաձայն նախատեսվող գործողությունների մասին կազմակերպիչները կտեղեկացնեն ավելի ուշ: Իսկ մինչ այդ մատչելիության խնդիրների մասին անցորդներին կհիշեցնեն մասնակիցների կողմից այգում ամրացված պաստառները:
«Հատկապես սայլակով տեղաշարժվող մարդկանց համար Օղակաձև զբոսայգում շրջելը նման է էքստրեմալ սպորտով զբաղվելու»,- ասում է անվասայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանը և ավելացնում՝ «Օղակաձև զբոսայգին ներկայացնում է ողջ քաղաքի պատկերը. այստեղ էլ ինչպես Երևանում եթե ինչ-որ բան արված է, ապա միայն կենտրոնական հատվածներում, իսկ ծայրամասերը բացիթողի վիճակ է»:
Ակցիան իրականացվում էր «Հայկական ճամբար» ՀԿ-ի աջակցությամբ կողմից «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Օղակաձև այգին տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց համար մատչելի դարձնելու խնդրին: Առաջիկայում կազմակերպիչները կամփոփոեն մոնիթորինգի արդյունքներն ու կմշակեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլան:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպությունը շեշտում է, որ մատչելիության սահմանափակումը միայն հաշմանդամություն ունեցողներին առնչվող հարց չէ. նույն խնդրին են բախվում նաև հեծանվորդները, մենկասայլակով կամ փոքրիկ հեծանվներով իրենց փոքրիկներին զբոսանքի հանած ծնողներն ու էլի շատ սոցիալական խմբեր, մարդիկ, որոնց տեղում ցանկացած պահի կարող ենք հայտնվել մենք և մեր հարազատները: Այս մասին հայտնում է «Հայկական ճամբար» ՀԿ-ն:
Մեկնաբանել