
Արցախի բոլոր բնակավայրերը մինչեւ 2018 թ. շուրջօրյա ջուր կունենան
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հայաստանցի եւ արցախցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի կարող մանրամասն ներկայացնել Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական խնդիրները՝ նշելով, որ դա վարչության պատասխանատուների գործն է: Հետաքրքիր է, սակայն, որ վերջիններս ենթարկվում են հենց վարչապետին ու հաշվետու են նրան, այնինչ Հարությունյանը օդանավակայանի շահագործման ժամկետներից հրաժարվում է խոսել:
«Մեր քաղաքացիները իրավունք ունեն օգտվել ցանկացած, այդ թվում՝ օդային տրանսպորտից: Տնտեսական առումով, սակայն, այն մեծ լիցք է տալու զբոսաշրջության զարգացմանը: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օդանավակայանի բացակայությունը խանգարում է զբոսաշրջության ծրագրերին, կամ տուրիստների այցելությունները նվազում են: Առաջին փուլում զարգանալու է զբոսաշրջությունը, իսկ հետո դա բերելու է տնտեսական ծրագրերի իրականացման»,- նշեց ԼՂՀ վարչապետը:
Վերջինիս ներկայացմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ստեփանակերտի ջրի խնդրի լուծման համար հավաքվել է ընդամենը 3,5 մլրդ դրամ: «Բայց մենք այս տարիների ընթացքում կատարել ենք ավելի քան 18 մլրդ-ի շինաշխատանքներ: Շուշիում կառուցվել է ջրամատակարարման նոր քաղաքային ցանց, որը, սակայն, ամբողջությամբ չի ապահովում Շուշիի տարածքը: Մի մասը օգտվում է հին ցանցից: Քաղաքի ֆիլտր-կայանը դեռ չի վերանորոգվել»,- ասաց Հարությունյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ Շուշիում դեռեւս ժանգոտ ջուր է հոսում ծորակից: Նա նշեց, որ քաղաքի որոշ թաղամասերում ժանգոտ ջրի առկայությունը պետք է պայմանավորել հենց հին ցանցի եւ ֆիլտ-կայանի գործունեությամբ:
Անցյալ տարվա ապրիլին կրկին ՀՀ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը նշել էր, որ մինչեւ 2012-ի ավարտը մայրաքաղաքի 80 տոկոսը ապահովված է լինելու շուրջօրյա ջրով: «Ստեփանակերտում 90 տոկոսով ավարտվել ենք ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Հինը թողել ենք գետնի տակ: Այն ամբողջությամբ անկառավարելի էր, քանի որ չէինք իմանում, թե խողովակներով ջուրն ուր է գնում: Ոչ միայն ջրի հաշվառմանը, այլեւ քաղաքաշինությանն էր վտանգ սպառնում: Ջրընդունիչներից մինչեւ ֆիլտր-կայաններ ամեն ինչ նոր է: Ֆիլտ-կայաններից մեկը նոր է, մեկն էլ վերանորոգվել է: «Ֆիլտր-2» կայանում մի փոքր խնդիր ունենք վարարումների ժամանակ մեխանիկական ֆիլտրացման հետ, որը շատ չնչին ազդեցություն է թողնում ջրի որակի վրա»,- հայտարարեց վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ այսօր բոլոր ստեփանակերտցիները գոհ են ջրի մատակարարման որակից եւ քանակից:
Նրա ներկայացմամբ՝ ԼՂՀ մնացած ավելի քան 200 բնակավայրերը երկրի նախագահի հանձնարարականով մինչեւ 2018 թ. ունենալու են ամենօրյա ջուր:
Մեկնաբանել