
«Երեք առարկայական դասընթաց»-ի ամփոփումը Թումոյում
Այսօր՝ ժամը 16։00-ին, Թումոյում տեղի կունենա «Երեք առարկայական դասընթաց» միջոցառումը, որի ընթացքում կցուցադրվեն երեք դասընթացի արդյունքում Թումո պատանիների ստեղծած աշխատանքները՝ ֆոտո և վիդեո պատմություններ, լուսանկարչական գործեր, եռաչափ մոդելներ։
Հունիս-հուլիս ամիսներից Թումոյում մեկնարկեց 3 հատուկ դասընթաց, որը հնարավորություն ընձեռեց պատանիներին, կիրառելով բազմաբնույթ թվային տեխնոլոգիաները, ստեղծել առարակներ, որոնք պատմում են։
«Ձևերի բացահայտում»
Հինգ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսից ժամանած դիզայներ Նարինե Միրզաեյանը աշխատեց Թումո պատանիներ հետ՝ ծանոթացնելով նրանց Rhinoceros ծրագրին, որի միջոցով մասնակիցները բացահայտեցին եռաչափ մոդելավորման, դրան զուգադրվող համակարգչային ձևավորման հիմունքները՝ թվային մոդելներ և նկարներ ստեղծելու համար:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն պատանիների ստեղծած եռաչափ մոդելները և կներկայացվի վերջիններիս ստեղծման ողջ ընթացքը։
«Իրեր, որոնք պատմում են»
Ողջ hուլիս ամսվա ընթացքում Թումո պատանիները աշխատեցին պատմաբաններ Վահե Թաշճյանի, Էլկե Հարթմենի և արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր Մկրտիչյանի հետ, ովքեր հանդիսանում են «հուշամատյան» վեբ նախագծի հիմնադիրները։ Սա մի նախագիծ է, որը նպատակ ունի վերականգնելու Օսմանյան կայսրության հայկական քաղաքների ու գյուղերի բնակչության կենցաղը։
Մասնակիցները հավաքում էին բանավոր պատմություններ հարցազրույցների միջոցով, վերագտնում հին երգեր, ուտեստներ եւ հիշողության պարագաներ (հին լուսանկարներ, գրքեր, սպասք, հագուստ եւ այլն) հարևաններից, ընկերներից, ազգականներից։ Այս ամենը նրանք վավերագրում էին թվային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ստեղծելով վիդեո և ֆոտո պատմություններ, որոնք և կներկայացվեն հանրությանը։ Իսկ հետագայում պատանիների կատարած աշխատանքները կզետեղվեն «հուշամատյան»-ի վեբ տարածքում՝ www.houshamadyan.org։
«Իրային լուսանկարչություն»
Հուլիսին մեկնարկեց իրային լուսանկարչության դասընթացը Լոս Անջելեսից ժամանած լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանի հետ։ Մասնակից պատանիները ուսումնասիրում էին լուսավորության հիմունքները, կոմպոզիցիայի կառուցման սկզբունքները, որոնք կիրառվում են իրային լուսանկարչության դեպքում: Նրանց լուսանկարչական աշխատանքները ևս կցուցադրվեն միջոցառման ժամանակ։
Մեկնաբանել