Թեժացող Արեւելյան գործընկերություն. Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ վճռական միջնախաղ Վիլնյուսից առաջ-2
Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան
Ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, որոնք Եվրոպական միության (ԵՄ) հետ հետագա հարաբերություններում սպասում էին անդամակցության հեռանկարի տրամադրում, ինչպեսեւ` նույն խմբից Հայաստանի, որն ակնկալում էր ավելի շատ ստանալ ԵՄ-ից, սակայն իր անվտանգության առաջնահերթությունների հարգման ու շրջափակման հաղթահարման ակնկալիքով, իրավիճակն ավելի բարդ էր մյուս խմբերի երկրների պարագայում:
«Պասիվ» եւ «բացառված» երկրներ. Ադրբեջան, Բելառուս եւ «անջատողական» տարածքներ
2007թ. մարտին Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը երկու տարի անց. «ԵՀՔ գումարած»-ի իսկական ժամանակը» համառոտագրում Ադրբեջանը դասվել էր «պասիվ» երկրների խմբում: Վրաստանի համանմանությամբ նա էլ 2000-ականների կեսերին ակնկալում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Եվրոպական հարեւանության քաղաքականության (հետայսու` ԵՀՔ) Գործողությունների ծրագրի առանցքային մաս կդարձվի: Եւ քանի որ ԵՄ-ը չբավարարեց երկուսի ակնկալիքն էլ, իսկ Ադրբեջանը չուներ նաեւ եվրոպական նկրտումներ, նրա համար իրավիճակը գնահատվեց հետեւյալ բնութագրիչներով. «Եվրոպական ինտեգրման մոտեցման առումով Ադրբեջանը Հարավային Կովկասից ամենաանպատրաստակամն է մեծիմասամբ իր ռազմավարական տեղադրության եւ էներգետիկ պաշարների պատճառով, որոնք Բաքվին տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հավելյալ լծակների ու հնարավորությունների լայն բազմազանություն են ընձեռում: Ադրբեջանը քաղաքական. սոցիալական, դատական եւ անգամ տնտեսական առումներով դժկամությամբ է ռեֆորմներ իրականացրել, որոնք նախատեսված են ԵՀՔ Գործողությունների ծրագրում: Եթե ԵՄ-ը անչափ ձգտում է Ադրբեջանի հետ ավելի սերտ էներգետիկ հարաբերություններ հաստատել, ապա նրա մտահոգությունը (Ադրբեջանի - Ս.Ս.) այդ երկրի ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների հարգման հարցում թույլ է եղել: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն ավելի շահագրգիռ է Եվրոպային ու նրա արժեքներին մերձենալու առումով, սակայն կառավարությունը բաց չի եղել Գործողության ծրագրի շուրջ նրանց եւ ԵՄ-ի հետ եռակողմ երկխոսության համար»: Այսպիսի գնահատման արդյունքում որպես Ադրբեջանի համառոտ բնութագիր ներկայացվեց հետեւյալը. «Հարուստ է նաթվով, կառավարությունը քաղաքական արժեքների առումով ետ է մնում քաղաքացիական հասարակությունից»:
Այդպիսով, չնայած Ադրբեջանի «պասիվությանը», նրա ներգրավումը ԱլԳ-ում կենսական էր առաջին հերթին նրա էներգետիկ գրավչության, նաեւ` ռազմավարական տեղադրության պատճառով: Ադրբեջանին ԱլԳ-ում չներգրավելը կնշնակեր նրան հանձնել Ռուսաստանին եւ վտանգել բոլոր այն ծրագրերն ու շահերը, որ ԵՄ-ը ուներ եւ ունի Հարավային Կովկասում ու Կասպիական տարածաշրջանում: Առավել եւս, Բրյուսելը հաշվարկում էր, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանի հետ երկխոսության մի նոր ձեւաչափը եւ թեկուզեւ` աննշան մերձեցումը թույլ կտան կյանքի կոչել «Նաբուկո» էներգետիկ ծրագիրը` իրացնելով Կասպյան տարածաշրջանում ԵՄ շահերն ու ամրապնդելով կովկասյան էներգետիկ միջանցքը: Թեպետ, ի սկզբանե էլ պարզ էր, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները պարզագույններից չեն լինելու այդ երկրում առկա իրավիճակի եւ իշխանության որդեգրած շանտաժային քաղաքականության պատճառով:
ԱլԳ տարածագոտում մեկ այլ` «բացառված» երկրների խումբ կազմեցին Բելառուսը եւ չճանաչված Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան ու Լեռնային Ղարաբաղը: Բելառուսի ամփոփ գնահատականը ինքնին խոսուն էր. «Ժողովրդավարության բացակայությունը ներկայումս բացառում է ԵՀՔ-ի ակտիվացումը»: Իրավիճակի մի փոքր ավելի ամբողջական նկարագրության մեջ ասված էր հետեւյալը. «Բելառուսը արեւելյան միակ հարեւան երկիրն է, որը համաձայնագիր չունի ԵՄ-ի հետ եւ վիրտուալ առումով երկխոսության ոչ մի շրջանակ չկա: Նա ֆորմալ առումով ԵՀՔ մաս չէ ավտորիտար վարչախմբի պատճառով, որը կանոնավոր կերպով խախտում է մարդու իրավունքները: Բելառուսը ԵՄ-ի կողմից որոշակի պատժամիջոցների` վարչախմբի ղեկավարների համար սառեցված ակտիվների ու ճամփորդական արգելքների տակ գտնվող միակ հարեւան երկիրն է: Եվրոպայից Բելառուսի տնտեսական եւ քաղաքական մեկուսացման հետեւանք է դարձել Ռուսաստանի հետ նրա ավելի սերտ դաշինքը: Այդուհանդերձ, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ վերջին լարվածությունը առաջինին դրդում է որոշ ակնհայտ մերձեցում փնտրել ԵՄ-ի հետ: Բելառուսի պաշտոնյաները հայտարարում են, թե կցանկանային մասնակցել ԵՀՔ-ին»: Այս վերջին միտումները Բրյուսելին հրաշալի առիթ էին թվում ԵՄ հարեւանության ծրագրից «արտաքսված» Բելառուսին վերադարձնելու համար, հատկապես, երբ պաշտոնյաների մոտ էլ նման նկրտումներ էին առաջացել:
Չճանաչված պետություններից միակը, թերեւս, Աբխազիան էր, որտեղ ԵՄ-ը ԵՀՔ շրջանակներում որոշ ծրագրեր էր իրականացնում` Թբիլիսիին համոզելով դրանց օգտակարությունը հակամարտության եվրոպականացման ու հեռանկարում այն լուծելու տեսանկյունից: Փաստացի Վրաստանը, դրան համաձայնելուց բացի, այլընտրանք չուներ, որովհետեւ արդեն 2000-ականների սկզբից Մոսկվան սկսել էր ավելի մեծ թափով կլանել այդ տարածաշրջանը. Աբխազիայի (նաեւ` Հարավային Օսիայի) բնակիչներին զանգվածաբար տրամադրվում էին ռուսական անձնագրեր, Մոսկվան նաեւ ֆինանսական ուղիղ հատկացումներ էր կատարում Սուխումին: Իսկ տարածքի ռուսականացումը կանխելու ուղիներից մեկը կարող էր լինել այդ տարածաշրջանի եվրոպականացման ԵՄ նախաձեռնությունը Բրյուսել-Սուխում հարաբերությունները խորացնելու միջոցով:
ԵՄ-ը, անշուշտ, կցանկանար ԱլԳ շրջանակներում մեծացնել իր ներգրավվածությունը ոչ միայն Աբխազիայում, այլեւ մյուս չճանաչված տարածքներում: Սակայն դրա համար նրանցից յուրաքանչյուրի պարագայում մի որոշակի լուրջ խոչընդոտ էր առկա, ինչի մասին վկայում է պատրաստված զեկույցը. «Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի անջատողական միավորները ֆորմալ առումով համապատասխանաբար ԵՀՔ երկրներ Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի մաս են կազմում: Այդուհանդերձ, այդ վիճելի տարածաշրջաններում արդյունավետ ԵՀՔ չի եղել; ԵՀՔ-ի հանդեպ նրանց վերաբերմունքը տակավին տարբեր է: Աբխազիան, որը փորձում է դիվերսիֆիկացնել Ռուսաստանից իր ծայրահեղ կախվածությունը, ամենաբացն է ԵՄ-ի հանդեպ եւ ցանկանում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ ԵՀՔ-ում: Հավանական է, որ Վրաստանը որոշակի առումով կընդունի այդպիսի զարգացումը: Հարավային Օսիան զգուշավոր է ԵՀՔ հանդեպ եւ հետապնդում է Ռուսաստանի հետ փաստացի ինտեգրման քաղաքականություն: Մերձդնեստրի ավտորիտար ղեկավարությունը, որի անդամների անունները ներառված են ԵՄ ճամփորդական արգելքում, լուռ դիմադրում է հակամարտության լուծման ջանքերում ԵՄ-ի ավելի մեծ դերակատարմանը: Այդուհանդերձ, Մերձդնեստրի նշանակալի գործարար համայնքի հատվածները կշահեն դրանից եւ աջակցում են Մերձդնեստրի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը համարվող ԵՄ-ի հանդեպ ավելի բաց լինելուն: Լեռնային Ղարաբաղը ԵՀՔ-ն ընկալում է Հայաստանի հետ իր սերտ ասոցացման միջոցով, թեպետ Ադրբեջանը բացահայտ դեմ է Լեռնային Ղարաբաղը ԵՀՔ գործողություններին ու ծրագրերին միացնելու որեւէ տեսակի նախաձեռնության»:
Այսպիսով, ինչպես ԵՀՔ դեպքում էր, ԱլԳ-ում չճանաչված միավորների ներառման հեռանկարները բավական բարդ էին, որքան էլ եվրոպական կողմը կցանկանար այդ խողովակով հետզհետե իր օգտին փոխել ուժերի հաշվեկշիռը նշված տարածաշրջաններում: Սակայն, նախկին մետրոպոլիաների կողմից նրանց ինքնուրույն ներգրավվածությունն այդ ծրագրում ընկալվում էր որպես ինքնահռչակ հանրապետությունների դե ֆակտո ճանաչում ԵՄ-ի կողմից: Մյուս կողմից` որոշ «անջատական» տարածքների ղեկավարություններ իրենց հերթին էին Մոսկվայի ազդեցությամբ դիմադրում եվրոպական ներգրավվածությանը: Այս ամենը հերթական անգամ հանգեցնելու էր դրանց` ԱլԳ-ից բացառմանը: Մինչդեռ հակամարտությունները ԱլԳ անդամ երկրների ամենազգայուն «նյարդն» էին, որոնց վրա հետագայում ազդելու էր նաեւ ԵՄ մրցակից Ռուսաստանը` փորձելով կանխել ողջ ԱլԳ տարածաշրջանի եվրոպականացումը:
«Ոչ պատրաստակամ երկիր». բարդ եւ հավակնոտ Ռուսաստան
Ռուսաստանն այդ տարիներին դասակարգվեց «ոչ պատրաստակամ» երկրների շարքին. «սկզբից եւեթ նա ֆորմալ լքեց ԵՀՔ-ը, սակայն ներգրավված է ԵՀԳԳ-ում (Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքակազմ ծրագրում), որի չորս ընդհանուր ոլորտները նման են Գործողությունների ծրագրին»: Ռուսաստանի հրաժարումը ԵՀՔ-ին մասնակցելուց պայմանավորված էր նրանով, որ չէր ցանկանում լինել ԵՄ «կրտսեր գործընկեր», այլ պնդում էր Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ «հավասար գործընկերության վրա», ինչի արդյունքում էլ ԵՄ-ը 2005թ. նրան առաջարկեց վերոնշյալ ծրագիրը` «գործընկերոջ» կարգավիճակով:
ԵՄ փորձագետները Ռուսաստանի ոչ պատրաստակամ լինելը առաջին հերթին բացատրեցին հետեւյալ կերպ. «Ռուսաստանը մերժեց ԵՀՔ-ին մասնակցելը, թեպետ ԵՄ-ը նրա ամենակարեւոր տնտեսական եւ քաղաքական գործընկերն է: ԵՀՔ-ի հանդեպ նրա զսպվածության արմատները գտնվում են Ռուսաստանի՝ իբրեւ Եվրոպայում ազդեցության ու գրավչության երկրորդ բեւեռի՝ իր իսկ վերաբերյալ ունեցած տեսլականի մեջ: Այդպիսով, Ռուսաստանի ընկալման մեջ ինքը ոչ թե «ԵՄ հարեւան է», այլ ԵՄ-ը եւ Ռուսաստանն են ավելի շուտ միմյանց հարեւաններ: Ռուսաստանը ցանկանում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները դնել հավասարության, գործընկերության եւ ներքին գործերին չմիջամտելու հիմքի վրա: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունը գնալով ոչ միարժեք է դարձել Ռուսաստանի մեծացող ավտորիտար կոնսոլիդացիայի եւ նրա ազդեցության եվրոպական գոտին ընկալվող երկրներում իր ազդեցությունը ամրապնդելու ցանկության հետ մեկտեղ: Ի հավելումն, Ռուսաստանի տնտեսական պրոտեկցիոնիզմը, հավանական է, բարդացնող գործոն կլինի ԵՄ-ի հետ հարաբերություններում»:
Մոսկվայի «հավասար գործընկերության» ցանկությունը, ինչպես ակնարկված է մեջբերման մեջ, պայմանավորված էր իր եւ ԵՄ-ի «հարեւանության» մեջ մեկնարկած «գունավոր հեղափոխություններով», որոնք սկսել էին վտանգել Ռուuաստանի շահերը հետխորհրդային տարածությունում. 2004թ. հունվարին Վրաստանում եւ 2005թ. հունվարին Ուկրաինայում իշխանության եկած նոր ուժերը վայելում էին Բրյուսելի քաղաքական ու ֆինանսական աջակցությունը: Ավելին, ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» շրջանում ԵՄ-ն կատարելապես անտեսեց ՌԴ ԱԳ նախարարի` «Ռուսատանի ազդեցության ավանդական գոտիներում նրա շահերը հարգելու ու հետխորհրդային տարածությունը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ մրցակցության վայր չդարձնելու» կոչերը:
Մոսկվայի զայրույթը եւ վտանգվածության զգացողությունն անչափելի էր, երբ «գունավոր հեղափոխությունների» երկրների ղեկավարներն անմիջապես հռչակեցին ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու գերակայությունների մասին: Թերեւս, հենց այս շրջանում սաստկացան Ռուսաստանի մեղադրանքները ԵԱՀԿ-ի հասցեին` ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության միջոցով այդ երկրների ներքին կյանքում խառնակչություն ու հեղաշրջումներ իրականացնելու վերաբերյալ: Իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Եվրոպայից դուրս` հետխորհրդային տարածքում շարունակելու մտադրության համար Ռուսաստանը Արեւմուտքի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց Սառը պատերազմի ավարտին իրենց միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու վերաբերյալ: Ըստ այդմ, ԵՀՔ արեւելյան գործընկերներին, եւ առաջին հերթին ԵՄ-ից ավելին` անդամակցության հրավեր ակնկալող Ուկրաինային. Վրաստանին, Մոլդովային (առաջին երկուսը` նաեւ ՆԱՏՕ-ի) ԱլԳ ծրագրով ավելին առաջարկելու Բրյուսելի մտադրությունը Մոսկվան գնահատեց իբրեւ «ազդեցության ավանդական գոտիներից» իրեն դուրս մղելու եւ ընդլայնվելու հեռահար ծրագիր:
Այս առումով Ռուսաստանին չէր կարող չմտահոգել այն, որ 2008թ. ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրները որոշում ընդունեցին այդ պահին Վրաստանին եւ Ուկրաինային չառաջարկել Անդամակցության գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ` որոշեցին այդ հարցին անդրադառնալ տարեվերջին` 2008թ. դեկտեմբերին: Մինչդեռ նշյալ երկրները հույս ունեին հենց Բուխարեստում ստանալ անդամակցության հրավերը: Իսկ դրանից 1 ամիս անց` 2008թ. մայիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ Ընդհանուր հարցերի եւ արտաքին հարաբերությունների խորհրդում Շվեդիայի ու Լեհաստանի արտաքին գործերի նախարարները պաշտոնապես ներկայացրին ԵՄ ԱլԳ ծրագիրը: Ռուսաստանի աչքի առաջ երկու գործընթաց ձեռք-ձեռքի տված ընթացքի մեջ է. հետխորհրդային 6 երկրների` տարբեր արագություններով եվրոպականացումը եւ նրանցից երկուսի ՆԱՏՕ-ականացումը: Հետխորհրդային տարածքի հերթական փոխակերպումը սկսված էր: Շտապում էին բոլորը` եւ՛ առաջին հերթին Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ԵՄ-ը եւ՛ Ռուսաստանը. ամեն մեկը` յուրովի: Կիեւում ու Թբիլիսիում լուրջ փորձագետներ էին աշխատում այդ երկրների ինտենսիվացած ռազմական ռեֆորմների վրա` նախապատրաստելով ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունը: 2007թ. հունվարից Վիեննայում, Ցյուրիխում եւ այլուր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փակ բանակցություններ էին սկսվել հայ-թուրքական սահմանը բացելու նպատակադրմամբ եւ դրանով իսկ Հայաստանի ներգրավվածությունը ԱլԳ-ում խթանելու հեռահար նպատակով: Իսկ Ռուսաստանի համար Վրաստանի ու Ուկրաինայի արտաքին քաղաքական գերակայությունները պարզապես փորձանքի էին վերածվել: Ուստի, նրա օրակարգում առաջինն էլ պետք է լինեին Վրաստանն ու Ուկրաինան:
Եւ ահա, 2008թ. մայիսին՝ Բրյուսելում ԱլԳ ծրագրի պաշտոնական ազդարարումից գրեթե երկու ամիս անց, օգոստոսին վրաց-ռուսական պատերազմը ողջ տարածաշրջանում եվրոպական հին ու նոր ծրագրերի առաջին լրջագույն մարտահրավերը դարձավ: Վրաստանի ներգրավվածությունը ռազմական արկածախնդրության մեջ եւ ապա պարտությունը, նրա նախագահի փոփոխության՝ Կրեմլի բարձրաձայնված նպատակի հարցում հաջողության հասնելու վտանգը եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը կարող էին կանխել գոնե Հարավային Կովկասի, եթե ոչ ամբողջ ԱլԳ տարածաշրջանի հետագա եվրոպականացումը: Եթե ԵՄ-ը չկարողացավ բացառել Ռուսաստանի կողմից «անջատողական» տարածքների միակողմանի ճանաչումը, այդուհանդերձ կարողացավ կանխել Վրաստանի, նրա ղեկավարության ու վարած արտաքին քաղաքականության (միառժամանակ` մինչեւ 2012թ. աշունը) գլխին կախված վտանգները: Ավելին, Վրաստանի ղեկավարության համար միջազգային պաշտպանվածության անհրաժեշտությունը նրան ավելի շատ դրդեց դեպի Բրյուսելի կողմը: Թեպետ պաշտոնական Թբիլիսին, սադրանքի գնալու հարցում չընդունելով իր մեղքը, անուղղակի քննադատում էր ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին մի քանի ամիս առաջ Բուխարեստում հապաղելու մեջ՝ համարելով, որ անդամակցության հրավերը հետաձգելու արդյունքում կանաչ լույս վառվեց Ռուսաստանի գործողությունների համար: Նման գնահատական տալիս էին նաեւ եվրոպացի այլ փորձագետներ` Ռուսաստանի գործողությունների թիրախ ճանաչելով ոչ այնքան «անջատողական» տարածքները, որքան Թբիլիսիի արտաքին քաղաքականության վրա ազդելն ու նրա եվրաատլանտյան հավակնություններին հարվածելը:
Ահա այսպիսի ելակետային գնահատականների հիման վրա ու իրավիճակում 2009թ. մայիսի 7-ին Պրահայում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկ տրվեց ԱլԳ ծրագրին, թեպետ հաջորդած տարիներին նրան բախտ էր վիճակվելու կռիվ տալ 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետեւանքների հետ, ինչպես նաեւ` դիմակայել շատ այլ ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների: Այդ ամենի արդյունքում տարիներ անց էական փոփոխություններ ու տարբեր արդյունքներ էին արձանագրվելու մասնակից երկրների համար: Իսկ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ մրցակցությունը գնալով թեժանալու էր հատկապես 2011-12թթ.` Ասոցացման, Խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերի շուրջ բանակցությունների շրջանում: ԱլԳ ծրագրի շուրջ անցյալի զարգացումները ու դրանց պատճառները հասկանալը չափազանց կարեւոր է ողջ տարածաշրջանում ներկայիս լարվածությունը կառավարելու եւ անցանկալի դիպաշարերը կանխելու տեսանկյունից: Ժողովրդական խոսքն ասում է` «նույն գետը երկրորդ անգամ չես մտնի», հատկապես` երբ պատմությունն էլ կրկնվելու առանձնահատկություն ունի:
(շարունակելի)
Լուսանկարը՝ http://www.uralweb.ru
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել