
Շտեֆան Ֆյուլե. «Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի մեր գործընկերների համար»
Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
Լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանի` վերջին շրջանում Հայաստանի նկատմամաբ վարած քաղաքականությունն արդյոք կարելի է համարել ճնշում Հայաստանի վրա, Ֆյուլեն դժվարացավ հստակ պատասխան տալ: Նա նշեց, որ տեղյակ է թե գազի թանկացումից, թե Ադրբեջանին զենք վաճառելուց, թե բազմաթիվ այլ հարցերի ևս:
«Չեմ կարող ասել` ճնշում կա, թե չէ: Դուք ինքներդ ասեք», - ասաց Շ. Ֆյուլեն:
Նրա խոսքերով` իրենց վարած քաղաքականության շրջանակներում ճնշում բառը տեղ չունի. գործընկերների հետ հարաբերությունները պետք է բերեն միայն բազմակողմ հաղթանակի: Եթե անգամ հարց ծագի, թե Ասոցացման պայմանագիրը կարող է սահամանփակել Հայաստանին ինչ-որ հարցերում, ապա նա կարծում է, որ այստեղ որևէ սահմանափակում չկա: Ֆյուլեն կարծում է, որ համաձայնագիրն անգամ կուժեղացի Հայաստանի համագործակցությունը հարևան երկրների հետ:
«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի մեր գործընկերների համար», - ասաց Շ. Ֆյուլեն:
Վերջինս հայտարարեց, որ Հայաստանի դեպքում ընտրության հարց չկա, թե ում հետ համագործակցել կամ խորացնել հարաբերությունները, և իրենք գործընկերներից ոչ մեկին երբեք չեն ասել դադարեցնել որևէ համագործակցություն: Ընդհակառակը, եվրոպական կողմը ցանկանում է, որ իրենց հետ կապված հարաբերությունները բացասական ազդեցություն չունենան իրենց գործընկերների` այլ երկրների հետ ունեցած ավանդական հարբերությունների վրա: Նույնը իրենք ասում են նաև Մոսկվային, որի հետ շարունակում են համագործակցել:
Շ. Ֆյուլեի խոսքերով` իրենք միայն կարող են խրախուսել Ռուսաստանի հետ հարաբերությունների խթանումը, որը Հայաստանն է ընտրել` ելնելով իր ազգային շահերից և այլ հանգամանքներից ևս:
Մեկնաբանել