HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ համագումարը 2015-ին՝ Երևանում

Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը մի շարք հանդիպումներ ունեցավ սփյուռքահայ բարերարների և կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրեր են իրականացնում։

Նախարարը հանդիպեց ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ Արամ Չոբանյանի հետ։ Բժիշկ Չոբանյանը մեծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման, ինչպես նաև բժշկական կրթության բարելավման գործում։  Հանդիպման ընթացքում   քննարկվեցին հետդիպլոմային բժշկական կրթության մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի բժշկական կադրերին կրթության և վերապատրասպման նպատակով Բոստոնի համալսարան գործուղելու հարցը։ 

Նախարար Դումանյանը համագումարի ընթացքում հանդիպեց նաև ԱՄՆ-ում ճանաչված ուռուցքաբան Ներսես Չեքմեջյանի հետ, ով ներքին բժշկության և ուռուցքաբանության ամերիկյան գլխավոր հանձնաժողովի անդամ է։ Պրոֆեսոր Չեքմեջյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի Հանրապետությունում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում։

Տեղի ունեցավ հանդիպում նաև ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի հետ։ Նրա աջակցությամբ արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում «Լույս հայի աչքին» ակնաբուժական նախագիծն է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցն  անցած տարիների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Հայաստանի մարզեր և Լեռնային Ղարաբաղ։ Կայացած հանդիպման ընթացքում  քննարկվեց մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Ակնաբուժական ստացիոնար առաջին ծառայությունը կկազմակերպվի Տավուշի մարզում։ Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվեց նաև այդ կենտրոնների սարքավորումների ձեռք բերման և մասնագետների կրթության հարցերը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լոս Անջելեսում կայացած համագումարի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ ևս ունեցավ։ Ջոն Բիլեզիկյանի հետ քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում նոր ծրագրի իրականացման նախատեսումը, որի շրջանակներում կիրականացվի բնակչության սկրինինգներ զարկերակային ճնշման, ինչպես նաև ոսկրերի խտության չափում՝ կոտրվածքների հնարավորության հայտնաբերման և դրանց կանխարգելման նպատակով։

Նախարարն առանձին քննարկումներ ունեցավ բոլոր նրանց հետ, ովքեր հանդես էին գալիս Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում ներդրում կատարելու և տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկություններով։  Շաքե և Հայկ Քավթարյանների, Շանթ Շեխերդիմյանի և այլ մասնագետների հետ քննարկվեցին նրանց կողմից Հայաստանի Հանրապետությունում աշխատելու և առողջապահական զարգացումներում ներդրումներ կատարելու հարցերը։

Համագումարի պաշտոնական փակմանը հանդես եկան նախարար Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։

Պրոֆեսոր Դումանյանը բարձր գնահատեց համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։  Նախարարը կարևորեց, որ համագումարի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի և բժշկական կրթության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները։ Դերենիկ Դումանյանն իր խոսքում  բոլորին հիշեցրեց 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաջորդ համագումարի կայացման մասին և հրավիրեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մայր հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգի զարգացման խնդրով։

Համագումարի աշխատանքներին մասնակցեցին մոտ 400 բժիշկներ և բուժքույրեր աշխարհի տարբեր երկրներից։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter