
Թմրամիջոց իրացնողը հայտնաբերվեց հիվանդասենյակում
Հուլիսի 2-ին ոստիկանության Երևանի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, որի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «Բուպրենորֆին B 8» թմրադեղի մեկ հաբ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 1962 թ. ծնված Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել են «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ՝ փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ՝ թղթի մեջ:
«Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Մեկնաբանել