
Րաֆֆի Մովսիսյան. «Այն խնդիրները, որոնց պատճառով մեր կինոն թույլ է, իրականում դեռ չեն լուծվել»
Հուլիսի 7-ին մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ընդգրկված է 24 ֆիլմ` լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական: Այստեղ ներկայացված են թե Հայաստանում, թե հայերի կողմից, բայց Հայաստանից դուրս արտադրված ֆիլմեր: Այս տարի ընտրող հանձնաժողովում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, կինոլրագրող Դավիթ Վարդազարյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Ի՞նչ չափանիշներով են ընտրվել «Հայկական համայնապատկեր» ծրագրի ֆիլմերը:
Չափանիշները շատ հստակ են, և ընտրությունը կատարվում է լավի և լավագույնի միջև: Չափանիշները, բնականաբար, սուբյեկտիվ են ինչպես յուրաքանչյուր փառատոնի ժամանակ: Դրանք պայմանավորված են տվյալ տարվա հանձնաժողովի մասնագիտական հմտություններով, աշխարհայացքով և այլն: Այդ պատճառով փորձել էինք հնարավորինս տարբեր աշխատանքային պրցեսներում գտնվող երիտասարդներից կազմել այս տարվա հանձնախումբը, որպեսզի քննարկումնները լինեն ավելի շատ, և այդ քննարկումների արդյունքում հասնենք վերջնական արդյունքի:
Ես կարծում եմ, որ այս տարվա մեր ծրագիրը ոչնչով չի զիջում մեր մյուս` միջազգային մրցութային ծրագրերին:
Մի հետաքրքիր հանգամանք ևս: Այս տարի «Հայկական համայնապատկերին» ներկայացված ֆիլմերը, որոնք չընդգրկվեցին մրցութային ծրագրում, ներկայացվելու են առանձին ստեղծված ինֆորմացիոն ծրագրում: Իհարկե, դրանցից ևս ընտրություն է արվել, և այդ ֆիլմերը ներկայացվելու են «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրի ներքո: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Հ. Մալյանի անվան թատրոնում: Ընդգրկված են ֆիլմեր, որոնք տեղում են արտադրվել և ֆիլմեր, որոնք արտադրված են դրսում, բայց հայերի մասին են: Ամեն օր ցուցադրված ֆիլմերին հաջորդելու են քննարկումներ, կլինեն ռեժիսորներ, արտասահմանցի հյուրեր:
Դրան զուգահեռ կարելի է տեսնել «Հայկական համայնապատկերը», ու այս դեպքում վիճելու առիթ ունենալ ընտրող հանձնաժողովի հետ: Հնարավորություն կա տեսնել` ինչից ինչ ենք ընտրել, հասկանալ` ճիշտ ենք ընտրել, թե` ոչ:
Իրականում «Ոսկե ծիրանի» քաղաքականությունն ուղղված է ազգային կինոյին: Մենք դա շատ լավ հասկանում ենք, ու մեր առաքելությունը մեր կինոն զարգացնելն է: Փորձել ենք փառատոնի շրջանակներում հնարավորիս շատացնել ազգային կինոն:
Արդյո՞ք ծրագրում ընդգրկված ֆիլմերի միջև կա կարմիր գիծ. մի բան, որ կապում է բոլոր ֆիլմերը:
Սփյուռքից եկած ֆիլմերն ավելի շատ անրադառնում են սփյուռքում հայի տեսակի պաշտպանության խնդրին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին: Հետաքրքիր է, որ այստեղ արտադրված ֆիլմերում, բացի տեղական պատմական խնդիրներից, որոնց միշտ անրադառանում են, միևնույն ժամանակ փորձում են ինչ-որ ձևով իրենց անձնական խնդիրները լուծել: Եթե սփյուռքի ֆիլմերում անձնական խնդիրներում կա հայրենիքի հարցը, ապա այստեղ խնդիրն ավելի ներանձնական մակարդակի վրա է: Բայց թեմատիկ հստակ նմանություն ֆիլմերի միջև չկա:
Եթե համեմատեմ նախորդ տարիների հետ, այս տարվա ֆիլմերը ավելի համարձակ են: Կային նոր անուններ, մարդիկ, որոնց մասին լսել էի ոչ հայերի կողմից և ոչ Հայաստանում: Չեմ ուզում առանձնացնել մրցութային ֆիլմերը: Բայց ունեմ մի քանի ֆավորիտ ֆիլմեր, որոնց ռեժիսորները Հայաստանից չեն, բայց նկարել են այնպիսի ֆիլմ, որոնցով կարելի է ուղղակի հիանալ:
Եթե նայենք փառատոնի պատմությանը, արդյո՞ք կա զարգացում հայկական կինոյում:
Ես կարծում եմ, որ տեղական կինոյի խնդիրները կապված չեն մտքի և համարձակության հետ: Ֆիլմերը թույլ չեն գաղափարի առումով, թույլ են արտադրական խնդիրների պատճառով: Մտքի ճգնաժամ որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի արտադրական պրոցեսի ճգնաժամ:
Վախենում եմ ասել, որ զարգացում կա, որովհետև ռեալ են այն խնդիրները, որոնք եղել են անկախության ձեռք բերման ժամանակ, և մինչ օրս գոյություն ունեն: Այսինքն` այն խնդիրները, որոնց պատճառով մեր կինոն թույլ է, իրականում դեռ չեն լուծվել: Քանի որ այդ խնդիրները գոյություն ունեն, դրանք միշտ թողնելու են իրենց հետքը կինոյի որակի վրա:
Բացի այդ` գրեթե չկան համատեղ արտադրություններ: Դրանք շատ կարևոր են, քանի որ ազդեցություն են ունենում ոչ միայն կինոյի դիստրիբյուցիայի վրա, այլև` հենց թեմայի: Ֆիլմում տարբեր կողմերի մասնակցությունը միանշանակ թեման դարձնում է ավելի համամարդկային, և խնդիրը հանրայնացնում է:
Այսօր եթե անգամ կինոն զարգանում է, ապա սխալ ուղղությամբ է զարգանում. այն իր հիմնական հունից դուրս է եկել: Կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ասել, որ` այո, ես տեսնում եմ զարգացում այսօրվա մեր կինոյում: Չէ, այդ զարգացումը չկա, և այդ զարգացումը կապված է ռեալ ինստիտուցիոնալ խնդիրների հետ: Կան ռեժիսորներ, կան տաղանդավոր մարդիկ, ովքեր այդ ահավոր ծանր վիճակում անում են ֆիլմեր, որոնք չնկատել ուղղակի չի կարելի: Բայց ասել, որ դա զարգացում է, չեմ կարող:
Սխալ է համակարգից առանձնացնել ռեժիսորին կամ ստեղծագործական խմբին: Եթե նրանք կարողանում են համակերպվել այն վիճակի հետ, որի շրջանակներում ստեղծագործում են, ուրեմն նրանք էլ են մեղավոր: Այդ համակարգային խնդիրները ռեալ մեղավորներ ունեն: Իսկ ստեղծագործական կողմը, որը տուժողն է, չի ունեցել հնարավորություն անել ավելին, և ոչինչ էլ չի արել այդ հնարավորությունն ունենալու համար: Այդ կոմպրոմիստական մտածողությունը միանշանակ ազդում է նրանց ֆիլմերի վրա, որովհետև արդյունքում նրանք ունենում են ավելի թույլ ֆիլմեր, հնարավորություն չի լինում ունենալ համատեղ արտադրություն, դիստրիբյուցիա:
Եթե նկարում ես ֆիլմ, ու այն բացի «Ոսկե ծիրանից» կամ մեկ անգամ ևս ինչ-որ տեղ ցուցադրելուց հետո չես կարողանում հանրայանացնել, չես իմանում, թե հաջորդ անգամ ինչ պետք է անես: Արդյունքում հաջորդ ֆիլմն ունենում է նույն խնդիրները, ինչ ուներ նախորդը: Դիստրիբյուցիան կարևոր է ոչ միայն շահույթ ունենալու, այլև հանդիսատես ձևավորելու և հանդիսատեսի ռեակցիան ուսումնասիրելու առումով: Ռեժիսորը պետք է միշտ հասկանա այդ «պուլսը»: Այսօրվա մեր կինոն, ցավոք սրտի, այդ «պուլսը» կորցնում է:
Այդ խնդիրնե՞րն են պատճառը, որ հայկական կինոն չի կարողանում ներկայանալ նաև Հայաստանից դուրս:
Եթե ցանկանում ես` քո թեման դառնա հետաքրքիր նաև քո երկրի սահմաններից դուրս, գոյություն ունի մի քանի ճանապարհ: Մեկը փառատոներն են, մյուսը` համատեղ արտադրությունները: Երբ ֆիլմն արտադրված է այլ երկրի հետ, այդ դեպքում դրա դիստրիբյուցիան տվյալ երկում ավելի հեշտ է դառնում: Դիստրիբյուցիայի առումով շատ ենք կաղում, անգամ տեղական մակարդակում չունենք այն:
Բացի այդ` ունենք խնդիրներ օրենսդրական դաշտում. չունենք կինոյի մասին օրենք, վերահսկող համակարգ, որը հնարավորություն կտա դրսի արտադրող կազմակերպությանը հանգիստ լինել քո երկրում ու հավասարը հավասարի հետ մտնել գործարքի մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել