Դավիթ Ռստակյան. «Ջավախքում առ այսօր լեգիտիմ իշխանություն չի ձևավորվել»
Ընտրությունները վրաց իշխանությունների ամենաթույլ տեղն է: Եթե ազատ, արդար ընտրություններ լինեն Ջավախքում, ճնշում չգործադրվի իշխանությունների կողմից, այդ դեպքում իրական ժողովրդի տրամադրությունները տեղ կհասնեն: Կգան իշխանության այն մարդիկ, որոնց հետ Վրաստանը ստիպված կլինի բանակցել, որովհետև այլ ճանապարհ չկա: Այս կարծիքին է «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
Երեկ ջավախահայերի իրավունքների պաշտպանության հանրային միջոցառմանը նա, իր անձնական փորձից ելնելով, պատմեց, որ ինքը և «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանը Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ են եղել: Այդ ընթացքում հասկացել են, որ Ախալքալաքի շրջանի պատգամավորների մեծ մասն ընտրված են եղել կանխավ: Նրանց ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ Վրաստանի անվտանգության համակարգը: Ըստ պատգամավորի` այնտեղ է որոշվում, թե ովքեր պետք է ընտրվեն պատգամավոր:
Դավիթ Ռստակյանն ասում է, որ իրենք փորձել են ձերբազատվել այդ մարմնից, բայց չի ստացվել: Այդ մարմիններն ամեն ինչ արել են, որ արդարացիորեն իրենց օգտին տրված ձայները չեզոքացվեն: Դ. Ռստակյանի կարծիքով, սա մեծ վնաս է հասցնում ջավախահայությանը, քանի որ իրականում իշխանության զավթում է տեղի ունեցել: «Ջավախքում առ այսօր լեգիտիմ իշխանություն չի ձևավորվել: Սա է համարվում ամեն ինչի պատճառը»:
Դ. Ռստակյանի ասելով` այդպես է եղել նաև 2006-ին, երբ ՏԻՄ ընտրություններին փորձել է մասնակցել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, ինչի արդյունքում կոնֆլիկտ է առաջացել տեղի ուժային կառույցների հետ: «Հոտն առնում էինք, որ կենտրոնն ուզում է այդ ուժերին բախվեցնել իրար,-ասում է Դ. Ռստակյանը,-և բաժանիր, որ տիրես սկզբունքը հաջողվեց իշխանություններին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել