
Արմեն Չախալյանի հարազատները բողոքարկել են նրա կալանքի որոշումը
Արմեն Չախալյանի հարազատները բողոքարկել են նրա նկատմամբ կայացված կալանավորման որոշումը: Ինչպես «Հետքին» հայտնեց Արմեն Չախալյանի եղբայրը` «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստ Վահագն Չախալյանը, կալանքի որոշումը բողոքարկել են Ախալքալաքի շրջանային դատարանում, և դատարանը առաջիկա 5-8 օրում պետք է քննի այն:
Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից: Նրա հետ բերման էին ենթարկվել նաև այլ երիտասարդներ, սակայն բոլորն արդեն ազատ են արձակվել, իսկ Արմեն Չախալյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:
Վահագն Չախալյանը նաև նշեց, որ Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ միայն մեկ տղա է տուժել, ով, սակայն, պատմել է, որ Արմեն Չախալյանը չի եղել իրեն հարվածողների և վնասողների մեջ: Արմենի դեմ միայն մեկ երիտասարդի ցուցմունք կա, ով պնդել է, թե Ամենի ձեռքում իբրև տեսել է երկաթյա ձող: Վահագն Չախալյանը վստահ է, որ այս գործը շինծու է, և Արմենի մոտ որևէ տիպի սառը զենք չի եղել:
Մեկնաբանել