
Իսրայելահայ պարուհի. «Երբ եկա Հայաստան, կարծես թե իմ բոլոր հարցերի պատասխանները ստացա»
Արմինա Խաչատրյանը շուրջ երկու տարի է, տեղափոխվել է Հայաստան: Երկու տարեկանից նա ընտանիքի հետ ապրում է Իսրայելում, սակայն արվեստի ուղին նրան կրկին բերել է հայրենիք:
Իսրայելում մեծացած, սակայն հայկական դաստիարակություն ստացած Արմինան նոր էր ավարտել երկամյա ծառայությունը իսրայելական բանակում, երբ հնարավորություն է ստեղծվում գալ Հայաստան. նա ցանկանում էր մասնակցել «Հայ սուպերսթար» երգի մրցույթին: Այս որոշումը մեծ զարմանք է առաջացնում ծնողների մեջ:
Արմինան խոստովանում է, որ ծնողները գուցե սպասեին, որ նման բան կարող են առաջարկել իր ավագ եղբայրը կամ քույրը, բայց ոչ երբեք ինքը: Ընտանիքում Հայաստանի հետ ամենաքիչ կապն ինքն է ունեցել, հայերեն ամենից վատ ինքն է խոսում, գրել-կարդալ չգիտի ու հիմա առաջին անգամ միայնակ պետք է գա Հայաստան: Սակայն ծնողները ուրախ էին, որովհետև իրենք էլ նպատակ ունեն վերադառնալ Հայաստան:
Հայաստանում արդեն մասնակցելով երգի մրցույթին՝ մոտենում է եզրափակիչ փուլին, բայց վերջում, այնուամենայնիվ, դուրս է մնում նախագծից: Հենց այդ ժամանակ էլ իմանում է, որ սկսվելու է պարի նախագիծը՝ «Պարիր, թե կարող ես»-ը: Արմինան խոստովանում է, որ երգել շատ է սիրում, բայց իր տարերքը պարն է: Տարիներ առաջ նույն մրցույթին մասնակցել էր Իսրայելում, սակայն հաջողություն չէր ունեցել: Այժմ հասկանում է, որ չի կարող նման հնարավորությունը բաց թողնել:
Սակայն մինչ օրացույցի վրա ամիսները փոխվում էին, նախագիծը ձգձվում էր: Արմինան որոշել էր նախքան նախագծի սկսվելը պարով զբաղվել, որպեսզի որոշ չափով պատրաստված լինի: Այդ ամբողջ ընթացքը մեծ դժվարությամբ է հաղթահարել. որոշել էր ընդամենը մեկ ամսով գալ, այնինչ ամիսներ շարունակ հեռու է ընտանիքից: Մի կողմից կարոտն էր, մյուս կողմից՝ մտավախությունները, թե արդյոք արժե՞ մնալ:
Արմինայի համար Հայաստանում ամեն ինչ նոր էր և անսովոր, այն, ինչ Իսրայելում ընդունված էր, այստեղ ընդունված չէր և հակառակը, բարեկամներից բացի՝ ոչ ոքի չէր ճանաչում, բայց և խոստովանում է, որ այստեղ ամեն ինչ ի սկզբանե շատ հարազատ էր իրեն:
«Ահավոր դժվար էր ինձ համար, բայց ներքին ձայնս ասում էր՝ մնա: Եթե հանգիստ չզգայի ինձ Հայաստանում, շուտվանից Իսրայելում կլինեի»,- ասում է Արմինան:
Իրականում Արմինայի ներքին ձայնը չդավաճանեց իրեն. մնաց Հայաստանում, մասնակցեց «Պարիր, թե կարող ես -3» նախագծին և հաղթեց:
«Երբ եկա Հայաստան, կարծես թե իմ բոլոր հարցերի պատասխանները ստացա: Իսրայելում դեռ չէի կողմնորոշվում՝ որ ուղղությամբ շարունակեմ: Իրոք դժվար ճանապարհով եմ հասկացել, որ պարն է ինձ համար ամենակարևորը»,- ասում է Արմինան:
Նրա ընտանիքում բոլորը տարբեր մասնագիտություններ ունեն, և միայն ինքն է, որ «հայտնվել է արվեստի աշխարհում»: Նկարչություն, երգ և պար. փոքր հասակից զբաղվել է արվեստի այս ուղղություններով, բայց մինչև Հայաստան գալը այդպես էլ չէր կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ որ ուղղությամբ շարունակի մասնագիտանալ: Իսրայելում մտքերը խառն էին, ինքը «կապվել էր» արվեստներից յուրաքանչյուրին յուրովի: Եվ եթե Իսրայելում նժարն աստիճանաբար թեքվում էր դեպի պարը, ապա Հայաստանում այն վերջանական «հաղթանակ է տանում»:
«Պարի կարիքը շատ էր զգացվում հատկապես բանակի ժամանակ, երբ դրանով զբաղվելու ժամանակը չէր բավականացնում: Այդ ժամանակ հասկացա, թե պարը որքան կարևոր է ինձ համար: Կարող եմ ապրել առանց երգի, առանց նկարչության, բայց չեմ կարող առանց պարի, ուղղակի գժվում եմ պարի համար»,- ոգևորությամբ ու հրճվանքով խոստովանում է Արմինան:
Այժմ Արմինան շարունակում է սովորել Երևանի պարարվեստի ուսումնարանում, որտեղ ընդունվել էր նախքան նախագծին մասնակցելը: Հենց Հայաստանում է իրականություն դառնում իր ամենամեծ երազանքներից մեկը՝ բալետի պարուհի դառնալը: Մինչ այդ մտածում էր, որ արդեն ուշ է, չի կարող, կամ չի ստացվի, բայց ուրախ է, որ գտնվեցին մարդիկ, ովքեր նախ հավատացին, որ ինքը դա կարող է, և երկրորդ՝ այդ հույսն ու հավատը ներշնչեցին նաև իրեն:
Արմինան չի սիրում հիշել բոլոր այն դժվարությունները, որոնք ունեցել է թե Իսրայելում, թե Հայաստանում, բայց շնորհակալ է, որ դրանք եղել են. դրանք թույլ են տվել գտնել իրեն արվեստի մեջ, կոփվել և լինել ավելի ուժեղ:
Արմինայի համար այս ամբողջ ընթացքն իրականում ներքին վախերի հաղթահարման, իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու, միաժամանակ իր հնարավորությունները յուրովի բացահայտելու փուլ է եղել: Խոստովանում է, որ գուցե պարի մեջ հաջողություններ ունենալուց առավել կարևոր են եղել բոլոր այն խորհուրդները, քննադատությունը, նկատողությունները, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ուղղորդելու են իրեն:
Նա համոզված է, որ պարողը նաև արտիստ է, ով նույն տեղում երբեք չպետք է կանգ առնի, պետք է միշտ զարգանալու տեղ ունենա, երբեք չբավարարվի ձեռք բերածով, հակառակ դեպքում չի կարող լինել պրոֆեսիոնալ:
Այժմ Արմինան շատ է ուզում պրակտիկա ձեռք բերել Հայաստանից դուրս, զարգացնել իր կարողություններն ու գիտելիքները պարարվեստի բնագավառում: Սակայն ամենամեծ ցանկությունն է Հայաստանում աշխատել օպերայում որպես բալետի պարուհի: Նա շատ է նեղսրտում, որ շատ լավ հայ պարողներ այսօր պարում են Հայաստանից դուրս: Այնինչ իր երազանքն է, որ պարի բնագավառում Հայաստանում մակարդակն այնքան բարձրանա, որ շատերը ցանկանան գալ և ելույթ ունենան այստեղ:
«Արդեն շատ-շատ հարազատ եմ զգում այստեղ: Ես գիտեմ, որ ուր էլ գնամ, հաստատ Հայաստան եմ ուզում վերադառնալ, որպեսզի ինչ-որ բանով օգտակար լինեմ այստեղ»,- ասում է Արմինան:
Ժամանակին ուրիշներն են իրեն օգնել, առաջին հերթին՝ ծնողները, և հիմա նա պատասխանատվություն է ստանձնել օգնել նաև ուրիշներին:
«Այնպիսի մեծ ուրախություն է, որ քո մի բառը կարող է երեխայի հայացքը փոխել: Եթե ես էլ կարողանամ իմ գիտելիքները փոխանցել, աշխարհի ամենաուրախ մարդը կլինեմ,- ասում է Արմինան:- Եթե միայն պարող դառնամ, հասնեմ լավ բեմերի ու ամբողջ կյանքս միայն պարեմ, ինձ թվում է՝ շատ էգոիստ քայլ կլինի իմ կողմից: Չեմ տեսնում իմ կյանքն առանց պարի, բայց եթե ես իմ կողմից մի բան չտամ, չօգնեմ ուրիշներին, ինձ թվում է՝ կյանքիս մեջ ոչ մի բանի հասած չեմ լինի»:
Լուսանկարները՝ «Շանթի» պաշտոնական կայքէջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել