HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ուսանող-մարզիկները մեկնում են Կազան

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաև Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: Ողջունելով ուսանող-մարզիկներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝  թե իր քանակով, և թե որակով: «Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ  ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու  և 160-ից  ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր  երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ունիվերսիադայի կազմակերպման գործում նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիական կոմիտեի և ճյուղային ֆեդերացիաների հետ: 

Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10  մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:  

Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ստեփանյանի խոսքով՝ բոլոր մարզաձևերում ներկայացված են մարզիչներ, իսկ երեք մարզաձևում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ:

Ըստ Հայաստանի  մարզական պատվիրակության ղեկավարի՝ բոլոր մարզիկները տվյալ մարզաձևի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարներ են Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մի քանի ազգային հավաքականի նախագահներ:

Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter