
«Սոցիալական աշխատողը հույս, հավատ և սեր է տանում յուրաքանչյուր ընտանիքին»
«Հոգևորականը հարցնում է կնքահորը` ի՞նչ ես խնդրում սանիկիդ համար, նա պատասխանում է` հույս, հավատ, սեր: Սոցիալական աշխատողը հույս, հավատ և սեր է տանում յուրաքանչյուր ընտանիքին», - այսպես է ներկայացնում սոցիալական աշխատողի առաքելությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Հունիսի 29-ին Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպել էր «Ես սոցիալական աշխատող եմ և կոչված եմ աջակցելու» ցուցահանդես-համերգը: Միջոցառման ընթացքում Ազատության հրապարակում տեղադրված տեղեկատվական տաղավարները ներկայացնում էին սոցիալական ոլորտի կազմակերպությունները: Դրանց ներկայացուցիչները ներկաներին իրազեկում էին իրենց գործունեության ու կատարված աշխատքների մասին: Միջոցառումը նպատակ ուներ հասարակությանը ներկայացնել սոցիալական աշխատողի, նրա դերի, նշանակության և գործունեության մասին:
«Սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում գտնվում են ավելի քան 1200 երեխա և նրանց ընտանիքները, որոնց տրամադրվում է սոցիալական խորհրդատվություն, տնտեսական զարգացման հնարավորություններ, հումանիտար աջակցություն: Խնամքի հաստատություններից վերադրձվել է 182 երեխա և նրանք վերամիավորվել են իրենց կենսաբանական ընտանիքների հետ», - նշում է ծրագրի ղեկավար Անուշ Դավթյանը:
Նրա խոսքերով` սոցիալական ոլորտում կատարված աշխատանքները ցույց են տվել, թե որքան կարևոր և անհրաժեշտ է համայնքում ունենալ սոցիալական աշխատող: Իսկ Ա. Մինասյանը համոզված է, որ սոցիալական աշխատողը սպասված մարդ է ցանկացած ընտանիքում:
Օֆելյա Սերոբյանը սոցիալական աշխատող է և ներկայացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»: Այն աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, ում հետ համապատասխան աշխատանքներ են իրականացնում սոցիալական աշխատանքի մասնագետները: Կենտրոնում, որտեղ գործում են նաև տարբեր խմբակներ, աշխատանք է տարվում շուրջ 130 երեխայի հետ:
«Այս մասնագիտությունը Հայաստանում նոր է զարգանում: Այդ առումով կարևոր է նման միջոցառման անցկացումը, քանի որ մարդիկ տեղեկանում են, թե ով է սոցիալական աշխատողը: Հետևաբար, անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նրան»- «Հետքի» հետ զրույցում ասում է Օ. Սերոբյանը:
Իսկ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի հիմնական շահառուները շուրջ 15-35 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներն ու երիտասարդներն են: Կենտրոնի շուրջ 60 շահառուների հետ աշխատանք է տարվում, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակություն: Առանձին աշխատանք է տարվում նաև նրանց ընտաինքների հետ, և այդ աշխատանքներն իրականցվում են հենց սոցիալական աշխատողների միջոցով:
«Հասարակությունը նախ տեղեկանում է կենտրոնի և նրա գործունեության մասին: Բացի այդ` իմանում է, որ մտավոր խնդիր ունեցող երիտասարդը կարող է մասնակցել հասարակական ցանկացած միջոցառման` լինելով հասարակության լիարժեք անդամ», - ասում է ՀԿ-ի համակարգող Էմմա Գալստյանը:
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև վիկտորինա-խաղ, որի հաղթողները պարգևատրվեցին, ինչպես նաև` բացօթյա տոնական համերգ հայ հայտնի կատարողների մասնակցությամբ:
Մեկնաբանել