HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը հրապարակում է Հարևանության տրանսպորտի նոր գործողությունների ծրագիրը

Այսօր Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հարևանության տրանսպորտի նոր գործողությունների ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԵՄ-ի արևելյան և հարավային հարևան տարածաշրջանների հետ տրանսպորտային կապերը: Ծրագրով նախատեսվում են կարճաԺամկետ և երկարաժամկետ ավելի քան 20 կոնկրետ միջոցառումներ, որոնց իրագործման արդյունքում տրանսպորտային կապերը կդառնան ավելի սահուն, անվտանգ և հուսալի: 

Միևնույն ժամանակ ծրագրի շնորհիվ կխորացվի շուկաների ինտեգրումը՝ ի շահ թե Եվրոպական միության, թե հարևան տարածաշրջանների:  Ծրագիրը 2011 թվականի հուլիսի 7-ին ներկայացրեցին Հանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցերով պատասխանատու Սիմ Կալասը և Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Փոխնախագահ Կալասը նշել է. «Տեղաշարժի ազատությունը բոլորիս համար կարծես սովորական երևույթ է դարձել Եվրոպայում, սակայն այն չպետք է կանգ առնի սահմանին:  Եթե մենք այսօր լրջորեն ենք վերաբերվում մեր հարևանների հետ հարաբերություններին, ապա պետք է ապահովենք ապրանքների և մարդկանց անդրսահմանային շարժի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, նվազեցնենք բյուրոկրատիան և խոչընդոտները»:

Հանձնակատար Ֆյուլեն նշել է. «Եվրոպական հարևանության նոր և հավակնոտ քաղաքականության մեջ, որը հրապարակվեց այս տարվա մայիսի 25-ին, արևելքի և հարավի մեր հարևաններին առաջարկում ենք տնտեսական ավելի խորը ինտեգրում:  Միջոցառումների այս ծրագրով նախատեսվում են տրանսպորտի բնագավառի կոնկրետ միջոցառումներ, որոնք մտադիր ենք իրագործել ի շահ թե հարևանության, թե Եվրոպայի քաղաքացիների և ձեռնարկությունների»:

ԵՄ-ի հարևան տարածաշրջանների հետ տրանսպորտի բնագավառում համագործակցությունը մինչ օրս տեղի է ունեցել երկկողմ և տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունների շրջանակում : Օրինակ՝ արդեն իրականություն է դարձել հարավի հարևանների համար նախատեսված՝ տրանսպորտի տարածաշրջանային նախաձեռնությունը:  Միջոցառումների այս նոր ծրագիրը հիմնվում է մինչ օրս ձեռք բերված արդյունքների վրա:  Ծրագրով նախատեսվում է արևելքի հետ որոշակի տրանսպորտային կապերի ամրապնդումը և տարածաշրջանում տրանսպորտային համագործակցության միասնական քաղաքականության մշակումը:

ԵՄ-ի և հարևանների տրանսպորտային համակարգերի կապակցման հիմնական միջոցառումները ներառում են.

-        ԵՄ-ի ավիացիայի ներքին շուկայի և «Միասնական եվրոպական երկնքի» ընդլայնումը՝ դրանցում ներառելով հարևան տարածաշրջանները, 

-        Անդրեվրոպական տրանսպորտային ցանցի միացումը ԵՄ-ի հարևանների ենթակառուցվածքին տրանսպորտի առաջնահերթ ծրագրերի միջոցով,

-        Երկաթուղային բեռնափոխադրումների ներուժի օգտագործման բարելավումը՝ շուկաները բացելու և տեխնիկական խոչընդոտները, օրինակ՝ երկաթուղային ռելսերի միջև հեռավորության տարբերությունները նվազեցնելու միջոցով,

-        Տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության իրականացման կատարելագործումը՝ ստեղծելով Արևելյան գործընկերության տրանսպորտային հանձնախումբ, որը վերահսկելու է համագործակցությունն արևելյան հարևանների հետ,

-        Հարևան պետությունների հետ ծովային տրանսպորտի արդյունավետության մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ երկարաժամկետ հատվածում նրանց ներառելով Եվրոպայում և Եվրոպայի շրջակայքում ծովային տեղաշարժի «Կապույտ գոտու» («Blue Belt») մեջ,

-        Ճանապարհների անվտանգության բարելավման գործում օժանդակությունը հարևան պետություններին:

Մինչև 2013 թվականն իրագործվելիք այդ միջոցառումները ֆինանսավորվելու են առկա միջոցների հաշվին՝ բարելավելով ծրագրերի և միջոցառումների առաջնահերթությունների սահմանումը:  «2020-ի Եվրոպայի բյուջեի մասին» վերջին հաղորդագրության մեջ Հանձնաժողովն առաջարկել է ավելի ճկուն դարձնել ԵՄ-ն հարևաններին միացնող ենթակառուցվածքի ռազմավարական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները: Ապագա ֆինանսավորման բանակցություններն անդրադառնալու են այս հանգամանքին:

Որո՞նք են հաջորդ քայլերը

Հանձնաժողովի ծրագիրն հետայսու ներկայացվելու է Խորհրդին և Եվրոպական խորհրդարանին: 2011 թվականի հոկտեմբերին ԵՄ-ում Լեհաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք նախարարական խորհրդաժողովի (24-25 հոկտեմբեր, 2011 թ. ք. Կրակով) ընթացքում պաշտոնապես կներկայացվի Արևելյան գործընկերության տրանսպորտային նոր հանձնախումբը, որը վերահսկելու է միջոցառումների իրագործումն Արևելքում:

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter