
Կրկնակի դիպլոմ համալսարանականներին
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի շրջանավարտները դիպլոմներ ստացան: Մասնավորապես «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան միանգամից երկու դիպլոմ՝ ԵՊՀ-ի և Ռոստոկի համալսարանի, իսկ «Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագրի մագիստրոսները՝ միայն Մայր բուհի:
DAAD-ի աջակցությամբ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ու Գերմանիայի Ռոստոկի համալսարանի (ՌՀ) կողմից համատեղ իրականացվող «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական աննախադեպ ծրագիրը ԵՊՀ-ում մեկնարկել է դեռևս 2010-2011 ուստարում:
Ծրագրի մասնակից ուսանողները 3 կիսամյակ սովորել են ԵՊՀ-ում, իսկ ավարտական կիսամյակի ընթացքում գտնվել են Ռոստոկի համալսարանում, որտեղ էլ պաշտպանել են մագիստրոսական թեզերը: Դասավանդումը կազմակերպվել է ՌՀ և ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումն իրականացվել է հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արարատ Մալխասյանը, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, շրջանավարտների հարազատներն ու ընկերները:
Համալսարանականներին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտորը. «Այսօր բոլորիս համար իսկական տոն է, և այն առանձնահատուկ է այնքանով, որ այսօրվա շրջանավարտների մի մասը կրկնակի դիպլոմ է ստանում: Ռոստոկի համալսարանը ԵՊՀ-ի վաղեմի գործընկերներից է, և ես այսօր շատ ուրախ եմ, որ բուհերի համագործակցությունը հաջողված է: Հաջողված է ոչ միայն արդյունավետ համագործակցության, այլև արժանի և յուրաքանչյուրիս մեջ հպարտության զգացում արթնացնող փայլուն ուսանողների տեսանկյունից: Համալսարանականները կարողացել են գերել եվրոպական գիտնականներին իրենց գիտելիքներով և խելացիությամբ, ինչը պատիվ է բերում Մայր բուհին»:
Արամ Սիմոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել Շուքուրյանին ծրագիրը հաջողությամբ ավարտելու, որակյալ կադրեր պատրաստելու և Մայր բուհին արժանի սաներ կրթելու համար:
«Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կարողացան ըստ արժանվույն իրենց դրսևորել ուսումնական գործընթացում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտորատին՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, միշտ աջակցելու համար»,- նշեց Սամվել Շուքուրյանը:
Այնուհետև պրոռեկտորները և Սամվել Շուքուրյանը դիպլոմներ հանձնեցին կենտրոնի շրջանավարտներին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել