
Կամավոր հանձնել են զենք-զինամթերք
Բնակչության շրջանում ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 14-ին մի կին ներկայացել է Ավանի բաժանմունք և կամավոր հանձնել ինքնաձիգի 153 փամփուշտ, «Ռ-5» գրառմամբ նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, գլանաձև 2 լուսարձակ, մեկնարկային ատրճանակ:
Կինը հայտնել է, որ 1991 թ. Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում իրերը վերադասավորելու ժամանակ:
Հունիսի 14-ին մի քաղաքացուց ոստիկանության Երևանի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց՝ տակառիկի մեջ, զենք է թողնում: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ՝ 2 պահունակով և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Նույն օրը մի քաղաքացուց ոստիկանության Երևանի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի կամրջի մոտ՝ քարերի տակ, զենք է թողնում: Մեկնած ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պարկ, որի մեջ եղել է չպարզված տեսակի ինքնաձիգ:
Վերոնշյալ ամբողջ զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Մեկնաբանել