HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որպեսզի գիտնականը մնա և ստեղծագործի Հայաստանում, անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Մանուկ Բարսեղյանը ֆիզիկոս է, գիտության թեկնածու։ Աշխատում է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում։ Զբաղվում է կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային, խառնուկային վիճակների, ինչպես նաև որոշ օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրությամբ: Գիտության պետական կոմիտեի` «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010»-ի «Կիսահաղորդչային քվանտային օղակներում սպին-ուղեծրային փոխազդեցության և հիդրոստատիկ ճնշման ազդեցությունները խառնուկային վիճակների և օպտիկական հատկությունների վրա» վերնագրով դրամաշնորհի գիտական ղեկավարն է: Վերջերս արժանացավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության` Գուրգեն Ասկարյանի անվան մրցանակին (1-ին կարգ)։ Շնորհավորո՛ւմ ենք։

Գիտությունը նրան ձգում է, քանի որ. «Գիտությունն օժտված է ինչ-որ գրավիտացիայով. որ ընկար այդ դաշտի ազդեցության տիրույթ, անընդհատ կսկսես զբաղվել դրանով: Իսկ սովորական տերմիներով ասած, նոր արդյունքներ ստանալը և այն միջազգային մակարդակով հանրությանը ներկայացնելն աննկարագրելի մեծ բավականություն է, այդ իսկ պատճառով գիտության մարդու համար շատ դժվար է դադարեցնել գիտությամբ զբաղվելը: Դե, բնականաբար, որոշեցի զբաղվել գիտությամբ այն օրվանից սկսած, երբ մեծ ցանկություն առաջացավ իմ մեջ` ընդունվելու ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա:

-Ի՞նչ նախասիրություններ, այլ հետաքրքրություններ ունեք։

-Կյանքում ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, սակայն խիստ զբաղվածությանս հետևանքով, եթե հասցնեմ նույնիսկ շփվել, զրուցել հատկապես մանկությանս ընկերների հետ, կբավարարվեմ դրանով:

-Իմիջիայլոց, ի՞նչ եք կարծում. գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։

-Կարծում եմ՝ ոչ:

-Կբացատրե՞ք, թե ինչու՝ ոչ։ Չէ՞ որ գիտության մեջ, այնուամենայնիվ, կանանց թիվը փոքր է։

-Ես դրանում վստահ չեմ: Բանասերներ, պատմաբաններ, տնտեսագետներ, կենսաբաններ, այնքաաաաա~ան կին և աղջիկ գիտաշխատողներ կաա~ան :)

-Ես պիտի նշեի, որ կոնկրետ ֆիզիկայի ոլորտը նկատի ունեմ։

-Ֆիզիկայի ոլորտում էլ կան, բնականաբար, բայց համեմատաբար քիչ են: Պատճառը երևի ֆիզիկայի՝ որպես գիտության, բավական ծանր լինելն է:

-Քանի որ խոսքը գնաց կանանցից. ամուսնացա՞ծ եք։

-33 տարեկան եմ, ամուսնացած, առայժմ ունեմ մեկ աղջիկ:

-Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

-Բնականաբար, տեսնում եմ, սակայն, իմ կարծիքով, իրականացվող քայլերը շատ դանդաղ են և բավարար չեն, և նման իրավիճակում ոչ բոլորն են ի վիճակի՝ սպասելու: Պետք է կատարվեն արմատական փոփոխություններ՝ ի նպաստ գիտության զարգացման և գիտնականների, ու որքան հնարավոր է՝ արագ, հակառակ դեպքում՝ գիտնականների նման ահռելի արտահոսքը հնարավոր չի լինի կանխել, և կորցրածը այլևս հետ բերել չի լինի:

-Ո՞նց եք այդ դեպքում ընտանիք պահում: Ինչպես հարցնում է հայտնի կինոնկարում՝ «կողմնակի եկամուտ ունե՞ք»։

-Էդ դուք հոդվածում գրելո՞ւ եք... :) Լավ, ասեմ. կարճաժամկետ արտասահմանյան հրավերքներով, համատեղությամբ դասվանդում եմ Ագրարային համալսարանում, ԵՃՇՊՀ հենակետային վարժարանում և զբաղվում եմ դիմորդների հետ մասնավոր պարապմունքներով։ Բա որ, հարցազրույցի հետ կապված, ասում էի՝ զբաղված եմ, ա՛յ դրա համար էի ասում։

-Տեսաբա՞ն եք։

-Այո, պինդ մարմնի ֆիզիկայի գծով տեսաբան։

-Կարո՞ղ եք ոչ ֆիզիկոսի համար մատչելի լեզվով բացատրել, թե ինչի մասին են Ձեր հետազոտությունները... նանոստրուկտուրա... ի՞նչ բան է դա։

-Նշված նանոստրուկտուրաները լայն կիրառություններ ունեն լազերային տեխնիկայում, միկրոէլեկտրոնիկայում բժշկության մեջ և այլուր: Կոնկրետ օրինակներ բերեմ. կիսահաղորդչային նանոկառուցվածքներն օգտագործում են, օրինակ, բջջային հեռախոսներում, համակարգիչներում և շատ ու շատ այլ սարքավորումներում, որոնց հետ մենք առօրյայում հանդիպում ենք: Մեր հետազոտությունները վերաբերվում են նման կառուցվածքների էլեկտրոնային, խառնուկային և որոշ գծային և ոչ-գծային օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրությամբ արտաքին ազդակների (ինչպիսիք են՝ էլեկտրական և մագնիսական դաշտերը, արտաքին համակողմանի ճնշումը, ջերմաստիճանը, արտաքին լազերային դաշտը) առկայության դեպքում: Նման կառուցվածքների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արտաքին ազդակների և համակարգի չափերի փոփոխությունների միջոցով կարելի է կառավարել այդ համակարգերի հատկությունները:

-Քանի՞ աշխատանք ունեք տպագրած, ինչպիսի՞ հղումներ կան դրանց։

-40-ից ավել, որոնցից 28-ը՝ միջազգային գրախոսվող ամսագրերում։ Իմ ունեցած վերջին տվյալներով՝ իմ աշխատանքների վրա կան 160-ից ավել հղումներ։

-Հոդվածների պատկառելի թիվ ունեք։ Ի՞նչ կասեք համահեղինակների մասին։ Աշխատանքի ո՞ր մասն է Ձերը։ Ո՞ւմ հետ եք համագործակցում։

-Խնդիրների առաջադրման մեջ իմ ներդրումը 80 տոկոսից ավելի է, սակայն այն, բնականաբար, քննարկվել է իմ գիտական ղեկավար Ա.Ա. Կիրակոսյանի, գլխավոր կոլաբարատոր Կ. Դյուքեի և մնացած բոլոր համահեղինակների հետ, որոնք մի քանիսն են: Հավանության արժանանալուց հետո սկսել ենք լուծել այն: Ես իմ մասնակցությունն ունեմ՝ և՛ տեսական, և՛ թվային հաշվարկներում, ինչպես նաև ստացված արդյունքների քննարկման և հոդվածի ձևակերպման մեջ: Մեր խումբը համագործակցում է Կոլումբիայի Մեդելին քաղաքի համալսարանում աշխատող պրոֆ. Կ. Դյուqեի, Կանադայի Մանիտոբայի համալսարանում աշխատող պրոֆ. Տ. Չակրաբորտու և Մեքսիկայի Կուերնավակա, Մորալեսի համալսարանի, Իրաքի Մոսուլի համալսարանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։ Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու, և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու՝ միջազգային դրամաշնորհների դիմելիս։

-Կորնկրետ մեր բնագավառում. Հայաստանում կան մի քանի խմբեր, որոնք զբաղվում են կիսահաղորդչային նանոկառուցվածքների հատկությունների տեսական ուսումնասիրությամբ: Կարող եմ նշել, որ մեր խմբի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Ա. Կիրակոսյանի ղեկավարությամբ, և մեկ այլ խմբի միջև՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս պրոֆ. Է. Ղազարյանի ղեկավարությամբ, կա բավական սերտ համագործակցություն: Բնականաբար, լուրջ քայլեր են արվում՝ համագործակցության ավելի սերտացման և միջազգային դրամաշնորհների դիմելու հետ կապված:

-Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք։ Ու ինչպե՞ս եք վերաբերում մրցանակաբախություններին ընդհանրապես։

-Բնականաբար, մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է: Այդ պատճառով մրցանակաբաշխությունների ժամանակ պետք է հստակեցվեն և մշակվեն որոշակի մոտեցումներ, որոնք այդ հանգամանքը հաշվի կառնեն: Իսկ ընդհանրապես, ուզում եմ նշել, որ պետք չէ գիտության զարգացումը և գիտաշխատողների վիճակի բարելավումը տեսնել մրցանակաբաշխությունների մեջ: Վերջիններս ընդամենը պետք է դիտել՝ որպես լրացուցիչ գնահատական՝ գիտաշխատողի աշխատանքի դիմաց, լրացուցիչ խրախուսանք, բայց ո՛չ հիմնական միջոց՝ ապրելու համար: Պետք է տեսաբա՛նն էլ, փորձարա՛րն էլ նախևառաջ պատշաճ վարձատրվեն իրենց աշխատանքի դիմաց՝ աշխատավարձի տեսքով:

-Հասկանալի է։ Թվում է, թե պարզ է, սակայն դա չի արվոււմ մեր երկրում։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում. ո՞րն է պատճառը։

-Երևի թե իրականում ցանկության բացակայության խնդիր է, որովհետև, ցանկացած դեպքում, եթե մի բան մարդ շատ է ուզում, ապա կանի: Եթե պետությանը պետք է գիտությունը, ապա կպահի ու կփայփայի գիտությունը և գիտաշխատողներին, եթե` ոչ, ապա կունենանք այն, ինչ ունենք այսօր, դեռ մի բան էլ՝ վատ:

-Ինչպես կասեր մեծն Չերնիշևսկին՝ ի՞նչ անել։

-Պետք է պայքարել:

-Մանուկ, ուզում եմ անդրադառնալ նաև գիտության կազմակերպման մի քանի ներքին պրոբլեմների։ Այդ պատճառով խնդրում եմ պատասխանել նաև հետևյալ հարցիս՝ շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ, իրենց վերագրելով կատարած աշխատանքը, կամ օգտվելով աշխատանքի այլ պտուղներից։

-Մեր լաբարատորիայում երբևէ նման դեպքեր չեն եղել, առավել ևս՝ մեր գիտական խմբում: Եվ հատկապես ուզում եմ նշել, որ մեր գիտական խմբում, շնորհիվ մեր գիտական ղեկավարի, իսկապես տիրում է իդեալական մթնոլորտ: Հակառակը, մենք միշտ խրախուսվում ենք մեր ինքնուրույնության համար, խրախուսվում ենք նոր համագործակցությունների համար:

-Որպես ֆիզիկոսի՝ Ձեզ երկու այսպիսի հարց տամ.՝ 1. Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս՝ միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելու հարցում։ Ի՞նչ կարող եք ասել. գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք, ինչպիսի՞ չափորոշիչներ է պետք կիրառել։ Ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։ 2. Ինչպե՞ս եք վերաբերում այն բանին, որ մրցանակաբաշխություններում միշտ կիրառվի ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների։

-Գիտության ոլորտի ցանկացած մրցանակաբաշխության ժամանակ արդյունքների ամփոփման փուլում, կարծում եմ, պետք է պարզել մրցույթին ներկայացված գիտական հոդվածներում տվյալ հեղինակի իրական ներդրումը: Ե՛վ հոդվածների քանակը, և՛ ամսագրերի ազդեցության գործակիցները, և՛ հղումների քանակները հարաբերական են: Հարաբերական են այն պարզ պատճառով, որ կախված են մի շարք տարբեր և բոլորին հայտնի գործոններից: Հայաստանի նման փոքր երկրներում կարելի է մրցանակաբաշխություններն իրականացնել տարբեր կերպ, սակայն ամենավերջին, եզրափակիչ փուլում միակ ճիշտն, ըստ իս, այն է, որ հեղինակը ներկայացնի իր աշխատանքները սեմինարի ձևով: Այս պարագայում, կարծում եմ, մրցանակաբաշխությունը կլինի բավական օբյեկտիվ:

Բնականաբար, ցանկացած պարամետր, հ-ինդեքս, IF... գիտնականի հեղինակության բնութագրիչներն են, սակայն իրական պատկերը որոշելը բավականին բարդ և աշխատատար գործ է: Նորմավորված ազդեցության գործակցի կոնկրետ խիստ սահմանումը ինձ մի քիչ պարզ չէ: Սակայն եթե հնարավոր լինի մրցանակաբաշխություններն իրականացնել՝ հիմնվելով որոշակի միջին գործակցի վրա, անշուշտ, ավելի կոռեկտ կլինի, ինչը կգոհացնի բոլորին: Ուզում եմ նշել, որ մրցականաբաշխությունների թիվը վերջին երկու տարիներին բավական շատացել է, ինչը բնականաբար գովելի է: Սակայն որպեսզի հայ գիտնականը մնա և ստեղծագործի Հայաստանում կամ Հայաստանում մնալով՝ այլ գործով չզբաղվի, անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ։ Թե ինչ սկզբունքով այն կիրականացվի, դա արդեն այլ խնդիր է, և դա պետք է արվի պետակա՛ն մակարդակով:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter