Հաջողության հիմնաքարը դրված է
Մրցաշրջան 2007-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար կարելի է համարել անցումային փուլ: Այն անցումային էր երկու առումով:
Առաջին` հավաքականն ի վերջո սկսեց ցուցադրել այն խաղը, որին սպասում էր հանդիսատեսը: Խոսքը Ղազախստանի հետ արտագնա (2-1), ինչպես նաեւ` Լեհաստանի (1-0), Պորտուգալիայի (1-1) ու Սերբայի (0-0) հետ տնային հանդիպումների մասին է, երբ ֆուտբոլասերը տեսավ իսկապես կոմբինացիոն, մտածված, արագ ու դիտարժան խաղ:
Այս ամենի մեջ իր հսկայական ներդրումն ունեցավ վաղամեռիկ շոտլանդացի մազիչ Իան Պորտերֆիլդը, որի մահը, ինչպես սպասվում էր եւ ապացուցվեց խաղադաշտում, մեծ կորուստ էր մեր հավաքականի համար: Պորտերֆիլդը նախեւառաջ ֆուտբոլիստների միջից հանեց պարտվողի երկչոտ հոգեբանությունը, որը դրսեւորվում էր ուժեղ մրցակիցների հետ խաղերում: Հենց վերջիններիս հետ հանդիպումներում մերոնք խաղում էին ավելի վստահ ու անկաշկանդ, քան, ասենք, համեմատաբար թույլ մրցակիցների դեմ: Շոտլանդացի մարզչի օրոք բարձրացավ նաեւ խաղային կարգապահության, ֆուտբոլիստների ֆիզիկական ու տակտիկական պատրաստվածության մակարդակը:
Բնական է, որ Պորտերֆիլդի մահից հետո որոշակի անկում նկատվեց մերոնց խաղում: Ամեն դեպքում պարզ դարձավ, որ գրանցված հաջողությունները շարունակելու եւ ավելացնելու համար հավաքականի ղեկին պետք է լինի հենց նրա նման մասնագետ: Ակնհայտ է, որ հավաքականն իր լավագույն արդյունքներին հասավ Պորտերֆիլդի օրոք: Նրա գլխավորած հավաքականի հետ քիչ թե շատ կարելի է համեմատել թերեւս միայն ռումինացի Միխայ Ստոյկիցայի թիմը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է, որ շարունակելու է արտասահմանից գլխավոր մարզիչ հրավիրելու իր քաղաքականությունը: Մնում է միայն հուսալ, որ նոր մարզիչը կշարունակի Պորտերֆիլդի հաջողությունները:
Անցած մրցաշրջանը անցումային էր նաեւ սերնդափոխության առումով: Չնայած սխալ չէ այն տեսակետը, որ հավաքականների համար այս հասկացությունն օգտագործելը ճիշտ չէ, որովհետեւ ընտրանիներում խաղում են լավագույնները` անկախ տարիքից, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ազգային թիմում արդեն իսկ մեծամասնություն են կազմում խոստումնալից երիտասարդները, որոնցից ոմանք հայտնվել են եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Սա լրացուցիչ նախադրյալ է հետագա հաջողությունների հասնելու համար:
Այս ամենին զուգահեռ չպետք է մոռանալ ազգային թիմում դեռեւս առկա խնդիրների մասին: Եթե Եվրոպայի առաջնության ընտրական այս վերջին փուլում մեր թիմի պաշտպանությունն ու դարպասապահները ցույց տվեցին իրենց համար աննախադեպ արդյունք` 12 խաղում բաց թողած 13 գնդակ, ապա հարձակումը հակառեկորդ սահմանեց` խփելով ընդամենը 4 գոլ: Պատճառն այն է, որ հավաքականի հարձակման գծում, չնայած խաղացողների բավարար քանակին, լուրջ խնդիրներ կան: Մասնավորապես նրանցից ոմանք պարբերաբար վնասվածքներ են ստանում կամ էլ վատ մարզավիճակում են լինում: Իսկ ընդհանրապես մեր թիմի գլխավոր խնդիրներից է այն, որ մրցակցի տուգանային հրապարակում ստեղծելով վտանգավոր դրություն` մեր ֆուտբոլիստները սառնասիրտ չեն գործում, ավելորդ փոխանցումներ են կատարում, կարծես խառնվում են, շփոթվում ու կորցնում են պահը: Դա, անշուշտ, հոգեբանական հարց է, քանի որ ներքին առաջնության խաղերում երբեմն ակումբները գոլեր են խփում մի քանի անգամ ավելի բարդ իրադրություններում: Հոգեբանության հետ է կապված մեկ այլ կարեւոր խրոնիկական «հիվանդություն», որից մարզիկները դեռ չեն բուժվել: Եթե հիմա հայ ֆուտբոլիստները խաղասկզբում ու վերջում գոլ գրեթե բաց չեն թողնում, ապա հավասար խաղի ընթացքում առաջինը գոլ բաց թողնելուց հետո չեն կարողանում ուշքի գալ:
Հոգեբանական այս խնդիրների լուծումը պետք է լինի նոր գլխավոր մարզչի առաջնահերթ ծրագրերից մեկը: Նոր մարզչի առջեւ դրվելու է մի նոր նպատակ եւս: Հավաքականը պետք է ձգտի դուրս գալ աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչ փուլ: Որքան էլ դա բարդ ու միգուցե ոչ այնքան իրատեսական դիտվի, այնուամենայնիվ, եթե հստակ առաջադրանք տրվի թիմին, դա ավելի կպարտավորեցնի մարզիկներին ու մարզիչներին, քան ուղղակի գեղեցիկ խաղ ցուցադրելն է, ինչպես որ եղավ անցած շրջափուլում:
Այս անգամ էլ` Թուրքիայի հետ
Նոյեմբերի 25-ին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Դուրբան քաղաքում ՖԻՖԱ-ն վիճակահանությամբ կազմեց եվրոպական գոտու ընտրական այն խմբերը, որոնցում թիմերը պետք է պայքարեն 2010-ին ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրերի համար:
Հայաստանի հավաքականը, որն իր վարկանիշով տեղ էր զբաղեցրել վիճակահանության 6 զամբյուղներից 5-րդում, հայտնվել է ընտրական 5-րդ խմբում: Նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Էստոնիայի ընտրանիները:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Հայաստանի եւ Թուրքիայի հանդիպումները, որոնք, կասկած չկա, ի տարբերություն Ադրբեջանի հետ խաղերի, կկայանան, քանի որ ամեն դեպքում հարեւան երկրների միջեւ կան ոչ պաշտոնական կապեր: Բայց պետք է նշել նաեւ, որ այդ խաղերը կանցնեն լարված մթնոլորտում, ինչպես ընդհանրապես լինում է Թուրքիայի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների պարագայում: Հատկանշական է, որ գալիք տարի մեր եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականներն էլ առաջին անգամ կհանդիպեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում եւ կանցկացնեն երկու խաղ:
5-րդ խմբի թիմերից Հայաստանի հավաքականը նախկինում` Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում, 4-ական անգամ հանդիպել է Իսպանիայի եւ Բելգիայի ընտրանիների հետ ու բոլոր խաղերում էլ պարտվել է: Ընդ որում` ընդհանուր խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է. Իսպանիայի հետ` 0-10, Բելգիայի հետ` 0-8: Էստոնիայի հետ մերոնք անցկացրել են երկու ընկերական հանդիպում` տանը հաղթելով 2-1, իսկ հյուրընկալվելիս զիջելով 0-2 հաշվով: Ընտրական փուլը կսկսվի գալիք տարվա օգոստոսին ու կավարտվի 2009-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել