Ֆուտբոլասերները դիմում են ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին
Բաց նամակ
ՖԻՖԱ Նախագահ Ջոզեֆ Բլատերին
ՈւԵՖԱ Նախագահ Միշել Պլատինիին
Հարգարժան պարոնայք,
Ձեզ են դիմում հայկական ֆուտբոլի ապագայով անհանգստացած ֆուտբոլասերները: Ֆուտբոլը, որը ինչպես նշված է ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերում, կոչված է հասարակության մեջ համերաշխություն սերմանելու, մեր երկրում կարող է երկրպագուների ստվար զանգվածների եւ ֆուտբոլային քաղաքականությունը իրականացնող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ առճակատման առիթ հանդիսանալ, հանգեցնելով նրան, որ բազմահազար հանդիսատեսներ երես կթեքեն իրենց սիրելի խաղից:
Ֆուտբոլն առանց հանդիսատեսի տխուր երեւույթ է, սակայն նման կացության պատճառը ֆուտբոլը չէ, այլ 2008 թվականին Հայաստանում նախատեսված նախագահական ընտրություններն են եւ նրանց շուրջ ծավալվող իրադարձությունները:
2007 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լեհաստանի, Պորտուգալիայի եւ Սերբիայի ուժեղ թիմերի հետ մեր հավաքականի ցուցադրած խաղը մեծ ուրախություն պատճառեց հանդիսատեսին եւ հույս ներշնչեց, որ մեր ֆուտբոլն էլ կարող է լուրջ դերակատարություն ունենալ Եվրոպական եւ համաշխարհային մրցաբեմերում: Ֆուտբոլասերների շրջանում սկսեց խոսվել ՀՖՖ-ի նախագահ Ռ. Հայրապետյանի ճիշտ իրականացվող ֆուտբոլային քաղաքականության մասին, ինչը նպաստեց հանդիսատես-ՀՖՖ կապերի ամրապնդմանը, դառնալով ֆուտբոլի զարգացման լուրջ խթան:
Սակայն վերջերս ՀՖՖ-ի նախագահը, կարծես թե մեծ ճնշումների ներքո, հայտարարեց, որ ՀՖՖ վարչական շենքը կդառնա նախագահական մրցավազքի մասնակիցներից մեկի` ՀՀ վարչապետ Սերժիկ Սարգսյանի նախընտրական շտաբը: Դա սառը ցնցուղի ազդեցություն թողեց ֆուտբոլասերների վրա: Ֆուտբոլային հասարակության նոր սաղմնավորվող համերաշխությունը լուրջ ճաքեր տվեց:
Իհարկե, Ռ. Հայրապետյանը կարող է պաշտպանել իր նախընտրած թեկնածուին, բայց ոչ բոլոր ֆուտբոլասերների սեփականությունը հանդիսացող ՀՖՖ վարչական շենքով:
Հայկական ֆուտբոլային հանրության համերաշխությունը վտանգված է: Մենք չենք ցանկանում, որ մեր բոլորի կողմից սիրելի խաղը ներքաշվի անբարո քաղաքականության մեջ: Համոզված եւ հուսով ենք, որ որոշումն ընդունելիս դուք տեղի չեք տա ձեր եւ Ռ. Հայրապետյանի անձնական հարաբերություններին: Խնդրում ենք ֆուտբոլը զերծ պահել քաղաքականությունից, այլապես կսասանվի հարյուրհազարավորների սերը հանդեպ մեր եւ ձեր կողմից այդքան սիրված խաղը:
Մեկնաբանել